Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանում նոր թափով է ակտիվացել պաշտոնական Բաքվի կողմից ամբողջությամբ ուղղորդվող «բնապահպան ակտիվիստների» և քաղաքացիական հասարակության ինստիտուտների կազմակերպված հակահայկական արշավը: Այս անգամ թիրախում հայաստանյան տնտեսական պոտենցիալի և հանքարդյունաբերության կազմակերպված ոչնչացումն է: Մասնավորապես, ադրբեջանական «Environmental Protection First» կոալիցիան, որի համահիմնադիրներն են Ամին Մամեդովն ու Փարվանա Վալիևան, հատուկ բրիֆինգների միջոցով պաշտոնական դիմում-բողոք է հղել Երևանում նախատեսվող ՄԱԿ-ի Կենսաբազմազանության COP17 համաժողովի նախագահությանը և «Leaders for Nature» («Լիդերները հանուն բնության») գագաթնաժողովի մասնակիցներին: Նրանք բացահայտ պահանջում են ճնշում գործադրել Հայաստանի վրա և կանգնեցնել սահմանամերձ հանքերի գործունեությունը:

Ադրբեջանական կողմը միջազգային հարթակներում և սեփական առաջատար լրատվամիջոցներում ակտիվորեն տիրաժավորում է այն նարատիվը, թե իբր Կապանի տարածաշրջանի և սահմանամերձ այլ գոտիների չորս խոշոր հայկական հանքերից վնասակար արտանետումներ են հոսում: Կոալիցիայի անդամ Մուգաբիլ Բայրամովի և այլոց պնդմամբ, դրանք աղտոտում են Ողջի ու այլ տրանսսահմանային գետերը՝ ծանր էկոլոգիական վնաս հասցնելով Ադրբեջանի բնությանը: Բաքվից աղաղակում են, թե հայկական լեռնահանքային արդյունաբերությունը սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար, և պահանջում են միջազգային փորձագետների մասնակցությամբ մշտական մոնիթորինգներ իրականացնել Հայաստանի տարածքում, ինչպես նաև ստիպել Հայաստանին միանալ ՄԱԿ-ի ԵՏՀ «Ուղղորդող ջրերի կոնվենցիային»:

Այս ամենի ֆոնին բացահայտվում է Ադրբեջանի էկոլոգիական երկակի ստանդարտների ողջ սնանկությունը: Հենց այս օրերին Կասպից ծովում՝ Ադրբեջանի ափերի մոտ, Դյուբենդիի լողափի և Փիրալլահի կղզու միջև, հայտնաբերվել է հսկայական նավթային բիծ: Ինչպես հայտնում է Forbes-ը՝ հղում անելով SOCAR-ի մամուլի ծառայությանը, «Ազնեֆտին» պատկանող ստորջրյա նավթամուղի մեխանիկական վնասման պատճառով նավթի մեծ արտահոսք է տեղի ունեցել: Սա փաստացի լավագույն օրինակն է ցույց տալու համար, թե ինչպես է Ադրբեջանը, սեփական քթի տակ Կասպից ծովը նավթով աղտոտելով, կազմակերպված էկոլոգիական արշավներ իրականացնում Հայաստանի դեմ: Ադրբեջանում տեղի ունեցող նմանատիպ էկոլոգիական վթարները երբեք չեն գրավում հայ էկոլոգների ուշադրությունը, և Կասպից ծովում նավթի այս խոշոր արտահոսքը որևէ արձագանք չի գտնում հայկական բնապահպանական օրակարգում, այն դեպքում, երբ ադրբեջանցիները չեն դադարում միջազգային ատյաններում հայկական հանքերի դեմ զրպարտչական մեղադրանքներ ներկայացնել:

Ադրբեջանական բացահայտ ցինիզմի և էկոլոգիական երկերեսանիության մեկ այլ վառ ապացույց է Ագդերայի (Մարտակերտի) շրջանի Դրմբոնի պղնձի հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակը: Բոլորովին վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեծ շուքով և ակնհայտ հպարտությամբ անձամբ այցելեց և ծանոթացավ Դրմբոնի հանքարդյունաբերական համալիրի գործունեությանը: Ալիևը սեփական ձեռքով սեղմեց լեռնային ապարների պայթեցման խորհրդանշական կոճակը՝ ազդարարելով հանքի լայնածավալ շահագործումը: Ադրբեջանական պաշտոնական աղբյուրներն անթաքույց հպարտությամբ հայտնում են, որ այս հսկայական համալիրը տարեկան վերամշակելու է մինչև 5,6 միլիոն տոննա հանքաքար՝ արտադրելով մեծ քանակությամբ պղնձի խտանյութ: Հանքի տարածքն արդեն ընդլայնվել է մինչև 929 հեկտար, իսկ առաջիկա տարիներին նախատեսում են այնտեղից միլիարդավոր դոլարների հասնող հարստություն կորզել ու արտահանել: Երբ խոսքը վերաբերում է իրենց տնտեսական շահերին, Ադրբեջանը պետական ամենաբարձր մակարդակով, նախագահի ուղիղ մասնակցությամբ պայթեցնում է լեռները, ընդլայնում հանքերը և իրականացնում մասշտաբային արդյունահանում հենց նույն տարածաշրջանի էկոհամակարգում: Սակայն նույն էկոհամակարգի շրջանակներում Հայաստանի ցանկացած տնտեսական գործունեություն Բաքվի կողմից որակվում է որպես «աղետ»: Արցախի բոլոր հանքերը, այդ թվում՝ Դրմբոնը, այսօր հաջողությամբ շահագործվում են ադրբեջանցիների կողմից, իսկ հայաստանյան շրջանակներից ոչ ոք նույնիսկ քննադատության մակարդակով չի փորձում խանգարել նրանց:

Միևնույն ժամանակ, առավել քան տարօրինակ, ցավալի ու մտահոգիչ է հայաստանյան որոշ բնապահպանական շրջանակների վարքագիծը, որոնց գործելաոճն ու նպատակները զարմանալիորեն համընկնում են ադրբեջանական թեզերի հետ: Տարիներ շարունակ մեր տեղական ակտիվիստները հետևողականորեն պայքարել և այսօր էլ շարունակում են ինտենսիվ հարվածներ հասցնել հայաստանյան հանքարդյունաբերությանը՝ անտեսելով այն փաստը, որ այս ոլորտը հսկայական ներարկումներ է ապահովում տնտեսության մեջ և էական դեր ունի պետբյուջեի ձևավորման գործում: Ավելին, Հայաստան են բերվում կազմակերպություններ, որոնց հավաքագրած տվյալները հասանելի են դառնում Ադրբեջանին: Հայաստանում ցանկացած՝ շատ կասկածելի և ոչ թե իրական վտանգ ներկայացնող միջադեպի առիթով անմիջապես բարձրանում է էպիկական աղմուկ՝ տեսանյութեր, բողոքներ, հարցազրույցների անվերջ շարք: Հայ բնապահպանների մի մասը զբաղված է բացառապես հայկական բիզնեսին վնաս հասցնող տեղեկատվության գեներացմամբ՝ դրանով ակամա օգնելով ադրբեջանցիներին հասնել նույն նպատակին, այն է՝ վարկաբեկել հայերի վերաբերմունքը բնության և տարածաշրջանային էկոլոգիական հավասարակշռության նկատմամբ։

Այս աբսուրդի և երկակի ստանդարտների ամենավառ ապացույցը Սոթքի ոսկու հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակն է: Այն ջանասիրությամբ, որով մեր տեղական բնապահպանները տարիներ շարունակ պայքարում էին հայկական Սոթքի հանքի դեմ, այսօր նույնիսկ մտադիր չեն պայքարել կամ գոնե խոսել ադրբեջանական վերահսկողության տակ անցած Սոթքի մասին։ Դեռևս 14-15 տարի առաջ նրանք անդադար աղաղակում էին դրա վտանգների մասին, կատաղի պայքար էին մղում, կազմակերպում տարբեր ակցիաներ, խանգարում էին և թույլ չէին տալիս դրա լիարժեք շահագործումը Հայաստանի կողմից: Անգամ Վարդենիսի ջրափոսերում և Սևանի ավազանի մերձակա ջրային տարածքներում գորտերի բացակայությունը հայ ակտիվիստ-բնապահպանները կապում էին Սոթքի հանքի շահագործման հետ։ Խեղճ գորտերը որտե՞ղ են հիմա. երևի իրենց արդեն լավ են զգում, երբ հանքը շահագործում է Ադրբեջանը։ Գորտերն ինչպես չկային, այնպես էլ հիմա չկան՝ թերևս հանքի հետ ընդհանրապես չառնչվող պատճառներով, սակայն հայ բնապահպաններն այլևս գոյություն չունեցող գորտերի «իրավունքները» այդքան ջանադրաբար չեն պաշտպանում։

Իսկ ի՞նչ ունենք այսօր, երբ հանքն անցել է թշնամու վերահսկողության տակ: 2020 թվականի պատերազմից հետո հանքավայրի մի զգալի հատված անցավ Բաքվի տնօրինմանը:

Ադրբեջանական «AzerGold» ընկերության վարչության նախագահ Զաքիր Իբրահիմովը և Քելբաջարի շրջանում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Բաշիր Հաջիևը պաշտոնապես հայտարարել են, որ 2025 թվականի օգոստոսից այդ տարածքում իրականացնում են մասշտաբային երկրաբանահետախուզական աշխատանքներ, ներառյալ՝ արխիվային տվյալների վերլուծություն և շուրջ 9 հազար մետր ընդհանուր խորությամբ հորատում: JORC միջազգային ստանդարտներով հանքի մնացորդային կորզվող պաշարները գնահատվել են 1,03 միլիոն ունցիա ոսկի: Խոսքը ավելի քան 4 միլիարդ դոլար արժողությամբ հարստության մասին է, որը Հայաստանը կորցրել է, և որն այժմ օգտագործում ու սեփական տնտեսության զարգացմանն է ուղղում Ադրբեջանը՝ բացահայտ հայտարարելով, որ ընդլայնելու է ռեսուրսային բազան հարակից տեղամասերում: Հայ բնապահպանները հիմա, երևի, գոհ են, որ մոտ 4,5 միլիարդ դոլար գնահատվող և շուրջ 100 մլն ունցիա ոսկի պարունակող հանքն անցավ «բարեկամ հարևաններին», և այլևս չեն ցանկանում նրանց անհանգստացնել գորտերի խնդիրներով։

Հիմա, երբ այդ նույն հանքերը՝ Սոթքը թե Դրմբոնը, շահագործում է Ադրբեջանը, դրանք հանկարծ դադարե՞լ են վտանգ ներկայացնելուց, թե՞ էկոհամակարգը մեկն ու նույնը չէ: Ինչո՞ւ հայաստանյան բնապահպանական շրջանակներից ոչ մի ձայն, ոչ մի ծպտուն կամ նույն ինտենսիվությամբ ու ջանասիրությամբ պայքար չի լսվում Ադրբեջանի կողմից իրականացվող այս ակտիվ շահագործման դեմ, այն դեպքում, երբ նախկինում կատաղի պատերազմ էր մղվում, երբ այդ ամենն արվում էր Հայաստանի պետության կողմից: Չէ՞ որ սահմանագծի այդ հատվածներում և Արցախի տարածքներում Ադրբեջանի կողմից հանքերի անխնա արդյունահանումն ու լեռների պայթեցումը կատարվում են նույն էկոլոգիական միջավայրում և կարող են բնապահպանական լրջագույն վնասներ հասցնել Սևանա լճին ու տարածաշրջանի ջրային ավազանին: Սևանն այսօր ունի իրական պաշտպանության կարիք, քանի որ իրականացվող հանքային աշխատանքներն անմիջական աղտոտման սպառնալիք են ստեղծում լճի էկոհամակարգի համար, սակայն հայ ակտիվիստները բացարձակ լռություն են պահպանում: Հայ բնապահպանները կարծես հետաքրքրված չեն տարածաշրջանային բնապահպանական իրական խնդիրներով. ի՞նչ տարբերություն, թե ով է շահագործում հանքը, եթե էկոհամակարգը նույնն է. ինչո՞ւ է պայքարն այդքան արդյունավետ ու կատաղի միայն սեփական պետության և սեփական տնտեսության դեմ:

Այս ամենից հստակ ու տրամաբանական հարց է առաջանում՝ ինչո՞ւ է ստացվում այնպես, որ հայաստանյան բնապահպան ակտիվիստները ոգևորվում, ակտիվանում և միջազգային հարթակներում նույնական հռետորաբանությամբ են հանդես գալիս միայն այն դեպքերում, երբ իրենց քայլերը վնասում են Հայաստանի տնտեսական ու պետական շահերին: Ինչո՞ւ են նրանց բողոքի ալիքներն ու դժգոհությունները կրկնում ադրբեջանական մամուլի և տեղի ակտիվիստների հակահայկական թեզերը, երբ սեփական երկրի կողքին կանգնելու և Սևանը սպառնացող վտանգից պաշտպանելու իրական անհրաժեշտություն կա։ Բնապահպանական խնդիրները պետք է լինեն մշտական ուշադրության ներքո, սակայն լուծումներ փնտրելու և պետությանը օգնելու, այլ ոչ թե սեփական տնտեսական պոտենցիալը ոչնչացնելու ու թշնամու օրակարգին սպասարկելու միջոցով:

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ «Առաջանալու է գործազրկություն և աղքատություն. առաջիկայում ևս ականատես ենք լինելու հարկերի բարձրացման». «Փաստ» Անվտանգային անդունդ և պետականության փրկության հրամայականը. Արշակ Կարապետյանի ահազանգը. «Փաստ» Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին. «Փաստ» Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ» Ինչու՞ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու մարմինը Բելառուսն ունի ամեն ինչ՝ բնակչությանը ագրեuորից պաշտպանելու համար. Լուկաշենկո Իրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. Թրամփ ԱՄՆ Հյուսթոն քաղաքում խոշոր hրդեհ է բռնկվել թափոնների վերամշակման գործարանում Ես վայելում եմ այս պահը. Մեսի Շքեղություն 500 դոլարից ցածր. Ինչպես անձնական հիասթափությունը ոգեշնչեց չինացի կնոջը ստեղծել Նյու Յորքի պայուսակների պաշտամունքային ապրանքանիշը՝ Verafied-ը Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ Իսրայելը մտադիր է uպառազինության ոլորտում անկախանալ ԱՄՆ-ից. Նեթանյահու «Իմ կյանքի երջանիկ փուլերից է եղել Հրանտ Թոխատյանի հետ ամուսնությունը». Իրինա Դանիելյան Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Կիմ Չեն Ընը ԿԺԴՀ-ին կոչ է արել գերազանցել ամբողջ աշխարհին ռшզմական ներnւժի զարգացման գործում Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Սրբոց Թարգմանչաց տոնին Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի պատարագ Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար անհրաժեշտ է ներկայացնել գնահատման փաստաթուղթ Զինծառայող է վիրավորվել․ ինչ է հայտնի
Ամենաընթերցվածները