«Բանալի» բառը գործելն է. ի՞նչ նոր սկիզբ խթանեց ՍԴ-ն իր որոշմամբ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ընտրությունների վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը, բացի միանգամայն կանխատեսելի լինելուց, խթանեց ուշագրավ քաղաքական զարգացում, թեպետ ինքը՝ ՍԴ-ն, ու առավել ևս՝ փաշինյանական իշխանությունը նման նպատակ չունեին: Խոսքը հինգ ընդդիմադիր ուժերի՝ «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինքների, ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի ու ԱԺԲ-ի համատեղ հայտարարության մասին է: Ու չնայած բուն հայտարարությունը մի տեսակ հընթացս շրջանառվեց լրահոսում, կարծում ենք այն արժանի է շատ ավելի մեծ ուշադրության, ավելին՝ կարևոր քաղաքական պահ է (առայժմ չենք նշի՝ շրջադարձային է, ու պաթետիկ բնորոշումներից առհասարակ արժե խուսափել):

Ինչու կամ ինչով է կարևոր ընդդիմադիր հինգ ուժերի՝ ՍԴ որոշմանը հաջորդած այս հայտարարությունը: Առաջինը, որ ուշադրություն է գրավում, բուն փաստն է, որ 5 ընդդիմադիր ուժեր, ըստ որում՝ բավականին տարաբևեռ քաղաքական միավորներ, համատեղ են հանդես եկել: Լավ կլիներ, իհարկե, որ ավելի շատ ընդդիմադիր միավորներ ներգրավվեին, բայց նախ՝ ոչինչ չի խանգարում այլ ուժերին, որպեսզի առաջիկայում միանան հայտարարությամբ հռչակված նպատակադրումներին, երկրորդը՝ չմոռանանք, որ ինչպես «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները, այնպես էլ՝ ԲՀԿ-ն, տվյալ պարագայում ներառում կամ պարզապես միավորում են մի քանի կուսակցություններ: Երկրորդը. եթե «Հինգի հայտարարությունը» վերաբերեր բացառապես ՍԴ որոշմանը, ապա այն այդքան արժեքավոր չէր լինի: Թեպետ, ՍԴ որոշման վերաբերյալ տրված գնահատականները ևս կարևոր են:

Այսպես. ՍԴ որոշումը «չի լուծում ձևավորվող իշխանության լեգիտիմության հարցը. նման պայմաններում ու արձանագրված արդյունքներով ձևավորված իշխանությունը զուրկ է լեգիտիմությունից» , «չի սրբագրում ընտրական կեղծիքներն ու չի վերացնում զանգվածային ընտրախախտումները և չի լուծում երկրում առկա խորքային քաղաքական ու իրավական ճգնաժամը»:

Հինգ ընդդիմադիր ուժերը գտնում են, որ ընդհակառակը՝ «վերջին իրավական ատյանի կողմից խախտումների արձանագրումից ուղիղ հրաժարվելը խորացնում է երկրում առկա ճգնաժամը, չի նպաստում ներազգային համերաշխության մթնոլորտի ձևավորմանը և պայքարը տեղափոխում է քաղաքական դիմադրության դաշտ»: Ահա՛, սա առանցքային պահն է. «քաղաքական դիմադրություն»:

Փոքր-ինչ շեղվելով բուն հայտարարությունը դիտարկելուց՝ հպանցիկ նկատենք, որ ներկայիս իշխանությունը, որքան էլ այն անձնակենտրոն է, ամեն դեպքում համակարգ է և համակարգային ձևով է պայքարում ընդդիմադիր ուժերի, դիմադրության օջախների դեմ: Նպատակներից մեկն ակնհայտ է՝ մարել, լիկվիդացնել դիմադրության բոլոր օջախները, ապա՝ իրականացնել նախանշած ճակատագրական քայլերը:

Դրա դեմ պայքարելու տարբերակները շատ չեն. կա՛մ «պարտիզանական պայքար» է կիրառվում, երբ միմյանց հետ կապ չունեցող տարբեր փոքր խմբեր մե՛կ այստեղ, մե՛կ այնտեղ փորձում են տպավորիչ, սակայն ռազմավարական առումով իրավիճակի և իրադարձությունների վրա էական ազդեցություն չթողնող քայլեր անել, կա՛մ եղած քաղաքական գործիքակազմով փորձում են դիմադրել, ինչը դատական և իրավական համակարգերի կախվածության պայմաններում սակավ արդյունավետ է, կա՛մ փորձում են կոնտր-համակարգ ձևավորել, այսինքն՝ համակարգի դեմ դիմակայությունը ևս ստանում է համակարգային, ինստիտուցիոնալ բնույթ և կառուցվածք:

Ու ընդդիմության պարագայում սա այն դեպքն է, երբ տեղին է ասել՝ լավ է ուշ, քան՝ երբեք: Հենց այդ առումով էլ, կարծում ենք, «Հինգի հայտարարությունը» կարևոր է, քանի որ առաջին հերթին արձանագրում է նշված ուժերի համախոհությունը մի քանի սկզբունքային ուղղություններով և «միասնական քաղաքական օրակարգ» ձևավորելու պատրաստակամությունը:

Հատկանշական է, թե որ ուղղություններում են նշված տարաբևեռ ընդդիմադիր ուժերը համախոհ. Հայաստանի Սահմանադրության պարտադրված փոփոխությունների կանխում, Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու պաշտպանություն, քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանություն և, իհարկե, գործող իշխանության հեռացում:

Այս ուղղություններից յուրաքանչյուրն, իր հերթին, ենթադրում է որոշակի կառույցների ձևավորում: Մասնավորապես, ակնկալելի է, որ առաջիններից մեկը ձևավորվի «Քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտե (կամ խորհուրդ)», որը կներառի տարբեր կուսակցությունների, հասարակական շրջանակների ներկայացուցիչների, իրավապաշտպանների: Սա երևի առաջիններից մեկը արժե անել՝ նկատի ունենալով Հայաստանում քաղբանտարկյալների և քաղհալածյալների թվի արագ աճը: Նույնպիսի կառույցի կամ համակարգող խորհրդի ձևավորում է ենթադրում նաև Եկեղեցու պաշտպանության անհնարժեշտությունը: Նույնը՝ Սահմանադրության փոփոխություններին դիմակայելու հրամայականը: Հայտարարության հեղինակներն, օրինակ՝ նշում են. «Գործող իշխանության կողմից նախապատրաստվող սահմանադրական փոփոխությունները դիտարկելով որպես արտաքին պարտադրանք՝ մենք օգտագործելու ենք օրենսդրական, հանրային և քաղաքական բոլոր միջոցները՝ թույլ չտալու համար Մայր օրենքի փոփոխությունը, ինչն ուղղակի և անդառնալի հարված է ՀՀ ինքնիշխանությանը»:

Եթե բնորոշումներն ու քաղաքական գնահատականները դնենք մի կողմ և կենտրոնանանք «թույլ չտալու» վրա, ապա մարտավարական տեսանկյունից ակնհայտ է, որ դրան հասնելու համար նախ՝ պետք է գործել համակարգված՝ մոբիլիզացնելով բոլոր ռեսուրսները: Իսկ դրա համար անհրաժեշտ է ռեալ համագործակցել, մշակել գործողությունների ճկուն ծրագիր, ցուցաբերել ստեղծագործական մոտեցումներ, դիմել պայքարի բոլոր թույլատրելի, օրինական եղանակներին:

Հայտարարությունն ստորագրած ընդդիմադիր ուժերը վերջում նշում են, որ ՍԴ որոշումը ոչ թե պայքարի ավարտն է, այլ նոր՝ «ավելի համակարգված, ինստիտուցիոնալ և լայնածավալ քաղաքական դիմադրության փուլի սկիզբը»: Դա հուսադրող է: Առնվազն այն տեսանկյունից, որ պայքարը ավարտված կամ պարտված չէ, քանի դեռ կա պայքարի ոգին, քանի դեռ կա պայքարելու կամք:

Բայց այս ամենի հետ կապված «բանալի» բառը գործելն է: Հայտարարությունն, ինչ խոսք, կարևոր է: Բայց շատ ավելի կարևոր են գործողությունները, գործերը, դրանց հետևանքները: Այդ տեսանկյունից, թերևս անտեղի շեղող հանգամանք կարող է լինել այսպես ասված՝ «մանդատներ վերցնել-չվերցնելու» տեխնիկական հարցադրումը: Խնդիրը «մանդատներ վերցնել-չվերցնելը» չէ: Խնդիրը ծրագիր և գործողությունների կարողություն ունենալն է: Համատեղ հայտարարության մեջ նախանշված ուղղությունները, կարծում ենք, առավել քան բավարար են գործի անցնելու համար:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Միակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասին Սյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց Թրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic» Ես ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասին Էկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենա Փարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներ Զելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտից Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Ողբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրում Էրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտը Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 12-18-ը Ռուբիոն փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Կենտրոնական Ասիայում Ֆրանսիայի մի շարք շրջաններում մասնակի պարետային ժամ կսահմանվի Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ Հայտարարություն Կիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականը Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավոր
Ամենաընթերցվածները