Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եթե Հայաստանում քաղաքականությամբ ես զբաղվում և ընդդիմադիր գործունեություն ես ծավալում, անմիջապես հայտնվում ես իրավապահների ուշադրության կենտրոնում։ Սա «դոգմա» է արդեն մոտ ութ տարի: Այդ ամենը զուգադրվում է տնտեսական ճնշումներով այն մարդկանց նկատմամբ, ովքեր որոշակի կարողություն ունեն կամ կապիտալի են տիրապետում։

Այդ ճնշումներն արտահայտվում են նաև ունեցվածքը, սեփականությունը խլելու միջոցով, որոնցից ամենաթարմ ու խոշոր դեպքերից է ՀԷՑ-ի «պետականացումը», իսկ հիմա էլ նույնը կատարվում է «Արարատցեմենտի» հետ։ Այս օրերին զուգահեռ ստուգումներ են իրականացվում «Մուլտի գրուպ» կոնցեռնի տասնյակ ընկերություններում։ Որոշ ժամանակ առաջ էլ, կհիշեք, նման ստուգումներ էին իրականացվում «Տաշիր» ընկերությունների խմբում: Այն, որ այդ ամենը քաղաքական ենթատեքստ ունի, որևէ մեկը չի էլ կասկածում: Բայց հավել յալ դրա մասին է վկայում այն հանգամանքը, որ նախորդ հաշվետու ժամանակահատվածում հարկայինի կողմից եղել են պլանային ստուգումներ վերոնշյալ ընկերություններում, և... խախտումներ չեն հայտնաբերվել։ Իսկ «վերստուգումն» ու ինչ-որ բաներ «հայտնաբերելն» ինքնին փաստում է այս գործընթացի քաղաքական ուղղվածության և մեկ անձի հրահանգները ամեն գնով կատարելու ձգտման մասին։

Այս ամենը պարզ ու հասկանալի է: Սակայն հարցն այն է, որ քաղաքական մոտիվացիայով նման գործողությունները նաև տնտեսական լուրջ հետևանքներ են ունենում։ Ընդ որում, ոչ միայն տվյալ ընկերությունների կամ գործիչների համար, այլ երկրի ու ժողովրդի: Առաջին հերթին խնդիրը վստահության պակասի խորացումն է, ինչի արդյունքում ներդրողներն ու գործարարները շահագրգռված չեն լինի գործ սկսել կամ բիզնեսը զարգացնել Հայաստանում, քանի որ ոչ ոք վստահ չէ, որ «մի պայծառ օր» մեկ անձի քմահաճույքով խնդիրներ չեն ստեղծվի իր գործունեության համար։ Մյուս կողմից էլ՝ նման գործողություններով ուղղակի վնաս է հասցվում այդ ձեռնարկությունների և կազմակերպությունների աշխատակիցներին, քանի որ նրանք շատ դեպքերում զրկվում են աշխատանքից ու եկամտի աղբյուրից: Ու դա էլ բավական չէ, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը սպառնում է, թե այն աշխատողները, որոնք ինչ-որ «բաներ կանեն», կարող են ազատվել աշխատանքից։

Վերջապես՝ ամենաառանցքային հարցերից մեկը, որը ոտնահարում են իշխանությունները, սեփականության իրավունքն է։ Պատահական չէ, որ սեփականության իրավունքը ժամանակակից իրավական պետության և ազատ տնտեսության հիմնասյուներից մեկն է։ Այն ոչ միայն սահմանադրական կարգավորում է կամ իրավական նորմ, այլև հասարակության, տնտեսության և պետական ինստիտուտների նկատմամբ վստահության առանցքային չափանիշ։ Այն երկրներում, որտեղ քաղաքացին վստահ է, որ իր օրինական ճանապարհով ձեռք բերված գույքը պաշտպանված է օրենքով, ձևավորվում է ներդրումային առողջ միջավայր, ընդլայնվում է գործարար ակտիվությունը, մեծանում է աշխատատեղերի թիվը և ամրապնդվում է սոցիալական կայունությունը։ Իսկ այն դեպքերում, երբ սեփականության իրավունքի պաշտպանությունը սկսում է կախված լինել քաղաքական իրողություններից, իշխանությունների վերաբերմունքից կամ ընտրովի իրավակիրառությունից, առաջանում են խորքային ռիսկեր, որոնք իրենց բացասական ազդեցությունն են ունենում ոչ միայն առանձին անձանց, այլ ամբողջ պետության տնտեսական, իրավական և քաղաքական համակարգի վրա։ Հենց այս համատեքստում սեփականության իրավունքի ապահովման թեման դառնում է առավել քան արդիական, հատկապես այն պայմաններում, երբ հասարակության մեջ ձևավորվում է այնպիսի ընկալում, որ յուրաքանչյուրի սեփականությունը կարող է հայտնվել բռնագանձման կամ այլ միջամտությունների վտանգի ներքո։

Սեփականության անձեռնմխելիության սկզբունքը պատմականորեն ձևավորվել է այն համոզմունքից, որ պետությունը պետք է լինի ոչ թե սեփականության սպառնալիքը, այլ դրա երաշխավորը։ Եթե գործարարը կամ հասարակ քաղաքացին վստահ չէ, որ վաղը չի զրկվելու իր ունեցվածքից կամ ստիպված չի լինելու տարիներով դատարաններում պաշտպանել իր սեփականությունը, ապա նա չի պատրաստվի երկարաժամկետ ներդրումներ կատարել, արտադրություն զարգացնել, նոր ձեռնարկություններ հիմնել կամ ընդլայնել իր տնտեսական գործունեությունը։

Մյուս կողմից՝ երբ հասարակության մեջ ձևավորվում է այն համոզմունքը, որ օրենքը գործում է ոչ բոլորի նկատմամբ նույն չափանիշներով, այլ տարբեր կերպ՝ կախված անձից կամ քաղաքական իրավիճակից, ապա դա հարվածում է արդարության և արդարադատության նկատմամբ վստահությանը։ Ընտրովի արդարադատությունը նույնիսկ կարող է ավելի վտանգավոր լինել, քան բազմաթիվ առանձին իրավական սխալներ։ Եթե քաղաքացին սկսում է մտածել, որ օրենքի կիրառման հավանականությունը կախված է ոչ թե իր գործողություններից, այլ քաղաքական դիրքորոշումից, ապա իրավական անվտանգությունն աստիճանաբար փոխարինվում է քաղաքական սեգրեգացիայով։

Արդյունքում առաջանում է նաև մեկ այլ վտանգավոր երևույթ։ Յուրաքանչյուր գործարար, ներդրող կամ պարզապես որոշակի սեփականություն ունեցող քաղաքացի սկսում է գնահատել ոչ միայն շուկայի տնտեսական ռիսկերը, այլ նաև քաղաքական ռիսկերը։ Կապիտալը, ի տարբերություն բազմաթիվ այլ ռեսուրսների, չափազանց զգայուն է ոչ միայն անորոշության, այլև առարկայական ռիսկերի նկատմամբ։ Այն միշտ շարժվում է այնտեղ, որտեղ առավել կանխատեսելի են խաղի կանոնները։ Ոչ մի գործարար չի ցանկանա տարիներով ստեղծված բիզնեսը պահել այնպիսի միջավայրում, որտեղ մշտապես առկա է սեփականության իրավունքի նկատմամբ միջամտության վտանգի զգացողություն։ Նույնիսկ եթե այդ վտանգը երբևէ չիրականանա, դրա գոյության մասին ընկալումն արդեն բավական է ներդրումային ծրագրերը վերանայելու, կապիտալի մի մասը դուրս բերելու կամ նոր ներդրումներից հրաժարվելու համար։

Սա արդեն միայն առանձին քաղաքացիների խնդիր չէ։ Սա դառնում է ազգային տնտեսության խնդիր։ Կապիտալի արտահոսքը նշանակում է նոր արտադրությունների չստեղծում, նոր աշխատատեղերի բացակայություն, հարկային մուտքերի նվազում, արտահանման հնարավորությունների սահմանափակում և տնտեսական աճի դանդաղում։ Երկարաժամկետ հեռանկարում նման գործընթացները կարող են հանգեցնել երկրի մրցունակության նվազման, քանի որ միջազգային ներդրողները հատկապես մեծ ուշադրություն են դարձնում սեփականության իրավունքի պաշտպանության մակարդակին և դատական համակարգի անկախությանը։

Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ տարիներ առաջ քաղաքական հռետորաբանության մեջ հաճախ օգտագործվում էր «փայ մտնելու» արտահայտությունը՝ քննադատելով բիզնեսի նկատմամբ ապօրինի ազդեցության որոշակի մեխանիզմները։ Սակայն այսօր հանրային քննարկումներում հաճախ հնչում են գնահատականներ, որ ձևավորվող միջավայրը կարող է ստեղծել այնպիսի պայմաններ, երբ տնտեսվարողները կրկին սկսում են մտածել, թե իրենց գործունեության անվտանգությունը կախված է ոչ միայն օրենքից, այլ նաև քաղաքական հարաբերություններից։ Եթե նման ընկալումը խորանում է, ապա այն դառնում է տնտեսության զարգացման լուրջ խոչընդոտ, որովհետև ցանկացած բիզնես առաջին հերթին պահանջում է կանխատեսելիություն։

Ժամանակակից աշխարհում երկրների միջև մրցակցությունն ընթանում է ոչ միայն հարկային դրույքաչափերի կամ աշխատուժի արժեքի շուրջ։ Ավելի ու ավելի մեծ նշանակություն են ստանում իրավական ինստիտուտների որակը, դատարանների անկախությունը, սեփականության պաշտպանության արդյունավետությունը և պետական կառավարման կանխատեսելիությունը։ Այն երկրները, որոնք կարողանում են ստեղծել վստահելի իրավական միջավայր, ներգրավում են միջազգային կապիտալ, զարգացնում են նորարարությունը և ապահովում երկարաժամկետ տնտեսական աճ։ Իսկ այն երկրները, որտեղ ներդրողները տեսնում են իրավական կամ քաղաքական անորոշություն, աստիճանաբար կորցնում են մրցունակությունը տարածաշրջանային և համաշխարհային շուկաներում։

Սեփականության իրավունքի նկատմամբ ցանկացած ոտնձգություն, եթե այն չի հիմնավորվում բացառապես օրենքով, համաչափությամբ և անկախ դատական վերահսկողությամբ, կարող է ստեղծել վտանգավոր նախադեպեր։ Վտանգը միայն կոնկրետ գործով պայմանավորված հետևանքները չեն։ Առավել վտանգավոր է այն ազդակը, որը փոխանցվում է հասարակությանը, գործարարներին և միջազգային ներդրողներին։ Այդ ազդակը կարող է լինել այն, որ սեփականությունը բացարձակապես պաշտպանված չէ, իսկ իրավական երաշխիքները կարող են կախված լինել քաղաքական իրողություններից ու իշխանության քմահաճույքից։ Մեր դեպքում՝ բացառապես մեկ անձի քմահաճույքից:

Նման ընկալումը երկարաժամկետ առումով շատ ավելի մեծ վնաս կարող է հասցնել, քան ցանկացած առանձին տնտեսական կամ ֆինանսական կորուստ։ Հետևաբար, սեփականության իրավունքի լիարժեք պաշտպանությունը պետք է դիտարկել ոչ միայն որպես առանձին անձանց շահերի պաշտպանության միջոց, այլ որպես պետական անվտանգության, տնտեսական զարգացման, ժողովրդավարության և իրավական պետության պահպանման ռազմավարական պայման։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Աշխարհաքաղաքական իրողությունների փոփոխվող կառուցակարգը. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» «Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ» Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ» Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» «Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ» Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ» Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ» Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. Փրկարար ծառայություն Զելենսկին հաստատել է Բաշկորտոստանի վրա հարվածը Արման Ծառուկյանը վերադառնում է գորգ. Թբիլիսիում կկայանա RAF Georgia ըմբշամարտի լիգայի մրցաշարը Թուրքիան կիսում է Ուկրաինայի հարցում Թրամփի դիրքորոշումը. Էրդողան Ֆրանսիայում համարձակ կողոպուտ. Lalique թանգարանից գողացել են 5 միլիոն դոլարի գլուխգործոցներ Իրանի հետ hրադադարն ինձ համար ավարտված է. Թրամփ Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան նշանակվել է Լոնդոնի «Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ «Կյանքը միշտ չէ, որ հեշտ է եղել, բայց այն ինձ սովորեցրել է գնահատել ամեն մի օրը»․ Անդրեն նշում է ծննդյան տարեդարձը Երևանում «Hongqi»-ն վրաերթի է ենթարկել ավտոբուսից իջած անչափահաս հետիոտնի Հայաստան է հասել հերթական նվերը ԵՄ–ից՝ մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականшզերծման մեքենա. ՀՀ կառավարություն Իրանը Բահրեյնում և Քուվեյթում hարվածել է ԱՄՆ 85 ռшզմական օբյեկտի ուղղությամբ. ԻՀՊԿ Վախեցնելnւ և շnրթման դարաշրջանն ավարտվել է, այն ոչ մի տեղ չի տանում, մենք չենք ընկրկnւմ. Ղալիբաֆ Ոչ թե իրավիճակային, այլ երկարաժամկետ և ինստիտուցիոնալ համագործակցություն. «Փաստ» «Նա ավելացնելու է ռեպրեսիաները, բայց դրանք ունենալու են հակառակ՝ հանրային դժգոհությունների բարձրացման էֆեկտ». «Փաստ» Ինչին դիպչում են՝ մահ, ավեր, կորուստ. «Փաստ» Գնաճը նորանոր «բարձունքներ» է նվաճում. շարունակական հարված մարդկանց գրպանին. «Փաստ» Ինչի՞ մասին է խոսում լռությունը. «Փաստ»
Ամենաընթերցվածները