«Եվրատեսիլ»-ը առաջարկում է նոր կանոններ՝ քաղաքական քվեարկությունը կրճատելու համար
«Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմակերպիչներն առաջարկում են կանոնների լուրջ փոփոխություններ՝ կանխելու համար քվեարկության արշավները, որոնք նպատակ ունեն ազդել արդյունքների վրա։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Գործող համակարգի համաձայն, հեռուստադիտողները կարող են մինչև 10 անգամ քվեարկել իրենց նախընտրելի ելույթի օգտին՝ հեռախոսով, կարճ հաղորդագրությամբ կամ առցանց։ Մասնակից հեռարձակողներին ուղղված նամակում Եվրոպական հեռարձակողների միությունը առաջարկել է քվեարկությունն ամբողջությամբ տեղափոխել առցանց և ստիպել հանրությանն ընտրել իրենց նախընտրած երեք ելույթները՝ մեկ մասնակցի օգտին մի քանի անգամ քվեարկելու փոխարեն։
Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) հայտարարել է, որ քաղաքական դրդապատճառներով քվեարկությունը շատերի կողմից ընկալվում է որպես խորապես մտահոգիչ։ Քվեարկության կանոնները ուսումնասիրության տակ են այն բանից հետո, երբ Իսրայելի կառավարությունը խրախուսել էր երկրպագուներին 2025 թվականին բազմակի ձայներ գրանցել երկրի մասնակցի օգտին։
Յուվալ Ռաֆայելի «Նոր օրը կբարձրանա» երգը մրցույթի ժյուրիի քվեարկությամբ զբաղեցրել էր 15-րդ հորիզոնականը, սակայն հանրության քվեարկության արդյունքում գերազանցել էր մյուս բոլոր մասնակիցներին՝ հավաքելով 297 միավոր։ Ի վերջո, Ռաֆայելը զբաղեցրել էր երկրորդ տեղը։
Հետագայում մի շարք հեռարձակողներ հարց էին բարձրացրել, թե ինչպես է Իսրայելը այդքան բարձր դիրք գրավել։ Նրանք մատնանշել էին այն փաստը, որ Իսրայելի կառավարությանը կապված պաշտոնական սոցիալական ցանցերի հաշիվները, այդ թվում՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի հաշիվը, մարդկանց խնդրել էին քվեարկել Ռաֆայելի օգտին 20 անգամ, ինչը թույլատրելի առավելագույն թիվն է։
Ի պատասխան, Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) փոխել էր 2026 թվականի կանոնները՝ կրճատելով ձայների առավելագույն քանակը մինչև 10:
Վերջին առաջարկների կիրառմամբ կդադարեցնեն նույն երկրի օգտին բազմակի քվեարկելու հնարավորությունը, չնայած նվիրված երկրպագուները դեռ կարող են գրանցվել լրացուցիչ հաշիվներում՝ տարբեր վճարման մեթոդներով։
«Մենք կարծում ենք, որ այս փոփոխությունները… կօգնեն մեղմացնել մոբիլիզացված դաշինքային քվեարկության ազդեցությունը՝ առանց վտանգելու արդարությունը կամ վստահությունը», - ասվում է նամակում։
BBC News-ին տված հայտարարության մեջ Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) ասել է. «Մենք կարող ենք հաստատել, որ սկսել ենք հետաքննել «Եվրատեսիլ» երգի մրցույթի համար հանդիսատեսի ամբողջությամբ առցանց քվեարկությանը անցնելու հարցը, և ավելի շատ մանրամասներ կհայտարարվեն առաջիկա ամիսներին»։
