ԱՄՆ կա­տա­րե­լիք այցն ըն­դա­մե­նը ֆոր­մալ բնույթ է կրե­լու

Հայտնի է վարչապետ Փաշինյանի՝ ԱՄՆ կատարելիք այցի օրակարգը: Սկզբից նա մեկնելու է Կալիֆորնիա նահանգ, որտեղ սեպտեմբերի 22-ին մասնակցելու է Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող Գրանդ Պարկում նախատեսված հանրահավաքին:

Կալիֆորնիայում վարչապետը նախատեսում է մասնակցել գործարար համաժողովի, որից հետո մեկնելու է Սան Հոզե՝ Սիլիկոնյան հովիտ: Այնուհետև Փաշինյանը Նյու Յորքում մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին:

 

Ինչպես տեսնում ենք, վարչապետի՝ ԱՄՆ կատարելիք այցի շրջանակներում ԱՄՆ որևիցե բարձրաստիճան պաշտոնյայի հետ հանդիպում չի նախատեսվում, այն պարագայում, երբ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարում էր, թե հայամերիկյան հարաբերությունները շատ բարձր մակարդակում են, և ՓաշինյանԹրամփ հանդիպման կազմակերպումն իրենց օրակարգում է:

Քաղաքագետները կարծում են, որ ՄԱԿում Փաշինյանը առավելագույնը կարողանա պարզապես լուսանկարվել և երկու բառ փոխանակել նախագահ Թրամփի կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Սակայն զարմանալի է, որ Հայաստանի իշխանություններին չի հաջողվել գոնե հանդիպում կազմակերպել վարչապետ Փաշինյան-պետքարտուղար Պոմպեո ֆորմատով:

Պաշտոնական շրջանակների հետ հանդիպումների բացակայությունը փաստում է, որ հայ-ամերիկյան հարաբերություններում իսկապես առաջընթաց չկա: Հնարավոր է՝ առաջընթացի իմաստ էլ չկա ԱՄՆ-ի համար, բայց հնարավոր է, որ պարզապես ոչինչ չի հաջողվում անել:

Իսկ հասկանալու համար, թե ինչու է հայ-ամերիկյան հարաբերություններում այսպիսի իրավիճակ ստեղծվել, պետք է խնդիրը դիտարկել մի կողմից աշխարհաքաղաքական զարգացումների կոնտեքստում, իսկ մյուս կողմից էլ ՀՀ նոր իշխանությունների վարած արտաքին քաղաքականության շրջանակներում:

Աշխարհաքաղաքական զարգացումների տեսանկյունից Հայաստանը բարդ իրավիճակում է հայտնվել, քանի որ շարունակում է բարիդրացիական հարաբերություններ պահպանել ԱՄՆ-ի կողմից խիստ պատժամիջոցների տակ հայտնված Իրանի հետ:

Մյուս կողմից՝ Հայաստանը ոչ միայն շարունակում է դաշնակցային հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ, որը նույնպես տևական ժամանակ ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ է, այլև ռուսական զորամիավորումների կազմում հայկական մարդասիրական զորախումբ է ուղարկում Սիրիա, իսկ դա բացասական արձագանքի է արժանանում ԱՄՆ-ի կողմից:

Հայաստանը շարունակում է խորացնել իր հարաբերությունները նաև Չինաստանի հետ, որի հետ ԱՄՆ-ը ներկայումս առևտրային պատերազմի մեջ է:

Տնտեսական և ռազմավարական առումով Հայաստանը շատ քիչ հետաքրքրություն է ներկայացնում ԱՄՆ-ի համար, սակայն այդ հետաքրքրության աստիճանը պայմանավորված է ոչ միայն աշխարհաքաղաքական տեղաշարժերով, այլև Հայաստանի քայլերով:

Եվ չնայած մեր երկրի համար ստեղծված ոչ բարենպաստ աշխարհաքաղաքական պայմաններին՝ ՀՀ իշխանությունները կարող էին ելքեր գտնել հայ-ամերիկյան հարաբերություններում նոր օրակարգ ձևավորելու և համագործակցությունը խորացնելու համար:

Սակայն դրա փոխարեն ներկայիս իշխանություններն ընտրեցին պասիվ գործելակերպ, քանի որ հույս ունեին, թե հենց ԱՄՆ-ը պետք է հետաքրքրություն ցուցաբերի Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության նկատմամբ, սակայն այդ հույսերը սին դուրս եկան, իսկ հարաբերությունների զարգացումը մնաց «կոտրված տաշտակի առաջ»:

Իսկ ի՞նչն է պատճառը, որ Փաշինյանը, չնայած ԱՄՆ-ում մեծաթիվ հայ համայնքի առկայությանը, այս մեկուկես տարվա ընթացքում չկարողացավ նախաձեռնողականություն ցուցաբերել ԱՄՆ-ի հետ գործակցության խորացման ուղղությամբ, իսկ այդ ընթացքում Ալիևին հաջողվում էր Թրամփի կողմից շնորհավորանքներ և նամակներ ստանալ:

Թերևս Փաշինյանը, տրվելով հետհեղափոխական էյֆորիայի ալիքին և հիմնականում կենտրոնանալով նախկին իշխանությունների դեմ պայքարին, հենց սկզբից անտեսեց մեր արտաքին քաղաքականության ամերիկյան ուղղությունը, այլապես լուրջ պրոֆեսիոնալ թիմ կհավաքեր, որը ջանքեր կգործադրեր ամերիկյան պետական շրջանակների հետ հարաբերվելու, հայ-ամերիկյան օրակարգ ձևավորելու համար:

Փորձեր չկատարվեցին նաև համագործակցությունը խորացնել այն ուղղություններով, որտեղ երկու երկրները ընդհանուր շահեր ունեն։

Բավարար աշխատանք չի տարվել նաև հայկական սփյուռքի ներուժը ռացիոնալ օգտագործելու, սփյուռքահայերին համախմբելու և քաղաքականապես ավելի ակտիվ դերակատարություն ստանձնելու ուղղությամբ:

ՀՀ իշխանությունների իներտ արտաքին քաղաքականության պատճառով է, որ Փաշինյանի ԱՄՆ կատարելիք այցն ընդամենը ֆորմալ բնույթ է կրելու՝ առանց որևէ արդյունքի:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

դիտվել է 91 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները