Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարիներ շարունակ Հայաստանի բնապահպանական, գիտական և հանրային ամենաթեժ օրակարգերից մեկը՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագիծը, թևակոխել է լրիվ նոր, սակայն չափազանց մտահոգիչ փուլ։ Այն, ինչ տարիներ առաջ ներկայացվում էր որպես պետական ու էկոլոգիական սպառնալիք, հիմա անաղմուկ դարձել է քաղաքական նպատակահարմարության և փոխադարձ լոյալության առարկա։

«Լիդիան Արմենիա» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի ու գործող իշխանությունների միջև ձևավորված սերտ դաշինքը ոչ միայն բացահայտում է քաղաքական տրանսֆորմացիաների իրական պատկերը, այլև ստվերում է երկրի էկոլոգիական և ջրային անվտանգության կենսական հարցերը։

Ամուլսարի ծրագրի շուրջ մասնագիտական ու հասարակական ընդվզումը երբեք օդից կախված չի եղել. այն հիմնված է եղել ծանրակշիռ փաստերի և միջազգային անկախ փորձագետների ահազանգերի վրա։ Ավստրալական «Բլու Միներալս Քընսալթընսի» ընկերության հեղինակավոր գիտնականների իրականացրած ծավալուն հետազոտությունները հստակ ցույց են տվել, որ «Լիդիանի» ներկայացրած բնապահպանական գնահատականները եղել են չափազանց թերի և իրականությանը չհամապատասխանող։ Հանքում առկա պիրիտի, յարոզիտի և ալունիտի տարրալվացման արդյունքում առաջացող թթվային ապարների դրենաժը (ԹԱԴ) անդառնալի վտանգ է ներկայացնում տարածաշրջանի ջրային հիմնական ավազանների համար։ Խոսքը վերաբերում է Որոտան, Արփա, Դարբ գետերին, Կեչուտի ու Սպանդարյանի ջրամբարներին և Որոտան-Արփա-Սևան թունելի միջոցով Սևանա լիճ հոսող ջրային պաշարներին, որոնք կարող են աղտոտվել տասնամյակներ, եթե ոչ դարեր շարունակ։

Այս ահասարսուռ կանխատեսումների ու էկոլոգիական ռիսկերի ֆոնին դեռևս 2018 թվականին գլխավոր դատախազությունը Քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասով (ինքնագլուխ ընդերքօգտագործումը կամ կանոնների խախտումը, որը շրջակա միջավայրին, ընդերքին ու հանքանյութերին էական վնաս է պատճառել) քրեական գործ էր հարուցել «Լիդիան Արմենիայի» դեմ։ Բնապահպանության նախարարության տեսչական ստուգումներով արձանագրվել էր, որ ընկերությունը շեղվել է պայմանագրից, ապօրինի քանդել է լեռնային զանգվածը և շուրջ 18 միլիոն դրամի վնաս հասցրել շրջակա միջավայրին։ Այդ օրերին իշխանական վերնախավն ու անձամբ վարչապետը հանրությանը տալիս էին հստակ հավաստիացումներ. «Քանի դեռ չկա 100 տոկոսանոց վստահություն և երաշխիք, որ նախագիծն անվտանգ է Սևանա լճի ու ջրային համակարգերի համար, Ամուլսարը չի շահագործվելու և ուղղակի արխիվացվելու է»։

Սակայն հենց այն փուլում, երբ իբր ընթանում էր էկոլոգիական «պատերազմը» և որոշվում էր հանքի ապագան, ջրերես ելավ ամբողջ գործընթացի իրական ու խորքային դրդապատճառը։ Ըստ էության, երկրաբանական գիտությունների թեկնածու, ընդերքի մասնագետ հանդիսացող անձին քաղաքականությունն ու օրվա իշխանության քայլերը պետք է որ բացարձակապես չհետաքրքրեին. նա պարտավոր էր գործել որպես զուտ գիտությամբ ու մասնագիտական պատասխանատվությամբ առաջնորդվող չեզոք փորձագետ։ Բայց հենց այստեղ էլ ի հայտ է գալիս հիմնական մեղքն ու բարոյական սնանկությունը. երբ նախագիծն ու ընկերությունը հայտնվեցին պատին դեմ առած վիճակում, այդ «չեզոք մասնագետը» ընտրեց իշխանական ատյաններին ինտեգրվելու ու նրանց կողքին սողոսկելու ուղին։

Թեև բնապահպանական ռիսկերը լայնորեն հայտնի էին հանրությանը, շատերի աչքից վրիպում էր այն հարցի պատասխանը, թե ինչու էր քաղաքականությունից հեռու լինելու կոչված գիտնականն ամեն գնով ընկնում իշխանությունների հետևից։ Նպատակն ակնհայտ էր՝ մոտ գտնվել քաղաքական որոշումների կենտրոնին, ցուցադրել անվերապահ լոյալություն և դրանով իսկ կանխորոշել հանքի շահագործման «դաբրոն»։

Ահա թե ինչու Ալոյանը դարձավ Աննա Հակոբյանի կազմակերպած գործարար հավաքների ու դրամահավաքների մշտական մասնակիցը։ Ահա թե ինչու այն փուլում, երբ իշխանության և «Լիդիանի» միջև պետք է տիրեր մասնագիտական ու իրավական խստագույն հեռավորություն, նա երկրի ղեկավարի կողքին հայտնվում էր Կիրանցի պատի տակ՝ մասնակցելով ցուցադրական ֆոտոսեսիաներին ու շոուներին։ Մի ձևաչափում, որտեղ նման մասնագիտական դերակատարում ունեցող անձի ներկայությունը որևէ տրամաբանությամբ չէր հիմնավորվում, Ալոյանը ներկայանում էր ընդամենը մեկ նպատակով՝ լինել իշխանության կողքին, նկարվել պատերի տակ և ի տես բոլորի ընդգծել սեփական հավատարմությունը։

Այս քաղաքական առևտրի ու ցուցադրական լոյալության գինը դարձավ Ամուլսարի շուրջ «սառույցի» հալվելը։ Իշխանություններն ուղղակի անտեսեցին «100 տոկոսանոց անվտանգության» սեփական խոստումները, քրեական գործերն ու բնապահպանական անդառնալի ռիսկերը։ «Լիդիանն» ու իշխանությունն այսօր փաստացի դարձել են դաշնակիցներ, որոնք, ձեռք ձեռքի տված, առաջ են մղում հանքի շահագործումը. պետական ու էկոլոգիական անվտանգությունը ստորադասվեց քաղաքական մերձեցմանը, իսկ հանրությունը կանգնեցվեց լռեցված, սակայն այդպես էլ չչեզոքացված աղետալի ռիսկերի առջև։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 11 անգամ
Լրահոս
COP17-ի հյուրերը հերթով ժամանում են համալիր, նրանց տեղում դիմավորում է ՇՄ նախարարը Վրաստանի վարչապետը ժամանեց Հայաստան Նեթանյահուն ասել է, որ Սիրիայի նախագահի հետ խոսելուց հետո դրուզների կոտորածները դադարել են Գազ չի լինի հոկտեմբերի 16-ին 09:00-ից մինչև 18:00-ն Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունը Երևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնել Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ» Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ» Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ» Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ» Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ» Հոկտեմբերի 15/16-ին 24 ժամ ջուր չի լինելու Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանում «Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը ՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի նաև Միացյալ Նահանգների պաշտպանության համար․ Ռյուտե Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ Արամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվի Եվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYT Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական առևտրով Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց»
Ամենաընթերցվածները