«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Ազգային ժողովում քննարկման ժամանակ որևէ հարց այդպես էլ չպարզաբանվեց։ TRIPP-ի շուրջ գոյություն ունեցող հարցերը թե՛ հանձնաժողովի, թե՛ Ազգային ժողովի նիստերում հստակ պատասխան չստացան։ Փաստացի օդում կախված գլխավոր հարցը հետևյալն է՝ այս նախագիծը Հայաստանի սուվերեն տարածքով սովորական ճանապա՞րհ է, որը կարող է օգտագործվել որպես տրանզիտ, տվյալ պարագայում ցանկացած երկրից գնան ցանկացած երկիր Հայաստանի միջով, թե՞, այնուամենայնիվ, դա միջանցքային տրամաբանություն ունեցող լոգիստիկ պրոյեկտ է։ Երբ ասում եմ միջանցքային, նկատի ունեմ այն հասկացողությունը, որը դրա մեջ դնում են Թուրքիան և Ադրբեջանը։ Միայն այն, որ նախագիծն ունի «front office» և «back office», արդեն իսկ հուշում է, որ այդ ուղին սովորական ճանապարհ չէ։ Այն մնացած միջպետական ճանապարհների համեմատ, որոնք միացնում են Հայաստանը այլ երկրների, ասենք՝ Վրաստանի կամ Իրանի հետ, այլ ռեժիմի ճանապարհ է։ Այլ ճանապարհների մուտքի և ելքի վրա չունենք «front office» և «back office»։ Կանգնած են մեր կամ ռուս սահմանապահները, որոնք պայմանագիր ունեն Հայաստանի հետ։ Գործում են մեր մաքսային մարմինները, որոնք դիմավորում են բոլորին՝ թե՛ բեռները, թե՛ մարդկանց, և մեր ֆիտոսանիտարական ծառայությունները, որոնք նույնպես համապատասխան աշխատանք են անում սովորական ռեժիմով՝ սահմանված Հայաստանի օրենսդրությամբ։ «Front office» և «back office» հասկացողությունները պետք է հուշեն, որ այս ճանապարհն այլ ռեժիմով է աշխատելու՝ անկախ նրանից, թե փաստաթղթի մեջ 8, 48 թե 58 անգամ է նշված, որ այն գործում է Հայաստանի ինքնիշխանության սահմաններում»,-«Փաստի» հետ զրույցում «Թրամփի ուղու» շուրջ տեղի ունեցող զարգացումներին անդրադառնալիս ասում է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։ Նշում է՝ իշխանությունն իրեն ուղղված շատ հարցերի չկարողացավ պատասխանել, և, ի վերջո, ստիպված եղավ խոստովանել, որ ադրբեջանցիները հայ համապատասխան պաշտոնյաների հետ չեն շփվելու, այսինքն՝ այն, ինչ պահանջում էր Իլհամ Ալիևը։ «Հիմնավորում են դա նրանով, որ Հայաստանը տեխնոլոգիապես զարգացած երկիր է, ամեն ինչն արվելու է օնլայն ռեժիմով, հեռավորության վրա, նորագույն տեխնոլոգիաների օգնությամբ։ Հարց է ծագում՝ ինչո՞ւ մյուս միջպետական ճանապարհների դեպքում այդ նույն տեխնոլոգիաները չեն կիրառվում։ Սա արդեն հուշում է, որ անկախ նրանից, թե սևով սպիտակի վրա, այն է՝ փաստաթղթում ինչ է գրված, գետնի վրա ուրիշ բան կարող է լինել։ Հիմնավորվում են վարկածները, որ գործ ունենք միջանցքային տրամաբանության հետ։ Թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի ղեկավարությունները բազմիցս ասել են, որ TRIPP-ը, ըստ էության, «Զանգեզուրի միջանցքն» է։ Որքանո՞վ է դա վերահսկելի լինելու Հայաստանի կողմից։ Իսկ եթե ռազմական բեռ տանեն Ադրբեջանի մի հատվածից դեպի մյուս հատված կամ Թուրքիայից Նախիջևանով դեպի Ադրբեջանի հիմնական հատված և այլն, ինչպե՞ս է դա վերահսկվելու։ Ընդ որում՝ մինչև հիմա պարզ չէ նաև, թե ո՞վ է նստելու այդ «front office»-ում, ո՞վ է վերահսկելու տվյալների բազան, որտե՞ղ են լինելու սերվերները։ ԱԺ-ում նաև հարց էին բարձրացնում՝ այդ 42 կիլոմետրից դուրս նախագիծը շարունակվո՞ւմ է, թե՞ ոչ, որովհետև եթե չի շարունակվում, եթե այն Ադրբեջանն ու Թուրքիան միացնելու ճանապարհ է, ապա դա դառնում է Թուրանի նախագծի միջանցքը։ Եթե շարունակվում է, ապա, ինչպես պատգամավորներն էին հարց բարձրացնում՝ ցույց տվեք մեզ որևէ փաստաթուղթ, որտեղ գրված է, որ այս նախագիծը շարունակվելու է, ասենք, Ադրբեջանի, Նախիջևանի տարածքներով։ Նրանք ասում են՝ «Թրամփի ուղու» հետ Ադրբեջանն ուղղակիորեն առնչություն չունի, սա հայ-ամերիկյան նախագիծ է, դա հետագայում քննարկելու հարց է։ Իսկ մենք տեսել ենք, թե ինչպես է Հայաստանի իշխանությունը խոսում Ադրբեջանի ղեկավարության հետ, վերջնարդյունքում ականատես ենք լինում հերթական զիջումներին։ Տպավորություն է, որ աշխարհաքաղաքական այս իրավիճակում Ադրբեջանը և Թուրքիան ուզում են «ոտքները պնդացնել» TRIPP-ի անվան տակ, բայց գետնի վրա կլինի այլ նախագիծ, հատկապես, որ այսօր, որպես գործընկեր, ըստ էության, ունեն իրենց իշխանությունը Հայաստանում, որն ավելի շատ իրենց շահերն է առաջ տանում»,-նկատում է մեր զրուցակիցը։
Այս փուլում քննարկվում է նաև արտահերթ ընտրություններ անցկացնելու միտքը։ Քաղտեխնոլոգն ասում է՝ երբ հրապարակվեց ԵԽԽՎ զեկույցը, դա արդեն իսկ ենթադրում էր, որ դրան հաջորդելու է Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու ցանկությունը։ «ԵԽԽՎ-ն այն ինստիտուտներից մեկն է, որն այս ընտրությունների արդյունքների փայատեր է, որովհետև աչք է փակել բոլոր այն խախտումների, հակաժողովրդական այլանդակությունների վրա, որոնք տեղի են ունեցել Հայաստանում նախընտրական, ընտրական և հետընտրական փուլերում։ ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները, որոնք ներկայացվել էին Կենտրոնական ընտրական հանձնաժողով, հետո՝ Սահմանադրական դատարան։ Խախտումների այդ ամբողջ փաթեթը ֆիքսեցին իրենց զեկույցում, ամենակարևորը՝ ֆիքսեցին, որ ուղղակի գողացվել են «Բարգավաճ Հայաստանի» ձայները, որ այս խորհրդարանը լեգիտիմ չէ, որովհետև չի արտացոլում ընտրողների կամքը, մեկ խմբակցություն, որն ընտրվել էր, այնտեղ գոյություն չունի։ Սա իշխանության համար արձանագրված ամենազգայուն փաստն է։ Մի խմբակցության ձայներն իշխանությունը յուրացրել է, գողացել, և այսօրվա խորհրդարանի փազլը չի համապատասխանում իրական տեսքին։ ԵԽԽՎ-ն Նիկոլ Փաշինյանի լեգիտիմության հարցը «կախեց» և՛ աշխարհաքաղաքական իրենց շահերից ելնելով՝ նախազգուշացնելով, որ գիտենք քո ոչ կայուն վարքագիծը, չփորձես աջ ու ձախ քայլ անել, և՛ շանս տալով ընդդիմությանը, որ վերջինս ասի՝ մենք ճիշտ էինք, խորհրդարանը լեգիտիմ չէ։ Արդյունքում ընդդիմությունն իր օրակարգն է ստացել, իշխանությանն էլ ասել են՝ քանի դեռ շատ աջ ու ձախ չես անում, կգրենք, որ, այնուամենայնիվ, դեռ լեգիտիմ ես։ Նիկոլ Փաշինյանի համար ամենակարևոր խնդիրը, որից նա չի կարողանում ոչ մի կերպ փախչել, Սահմանադրության փոփոխման հարցն է։ Պահանջը գալիս է իր «վերադասից»՝ Ադրբեջանից։ Այնքան պինդ են բռնել կոկորդից, որ չի հասցնում ժամանակ շահել։ Հիմա նա երկու ճանապարհ ունի՝ փորձել քաղաքական «գլխագողություն» անել կամ, եթե իրեն թվա, որ ավելի լավ դիրքերում է, քան մինչև հունիսի յոթն էր, այսինքն՝ կարող է ապահովել ոչ միայն լեգիտիմ երեք հինգերորդ, այլ նաև լեգիտիմ երկու երրորդ, կարող է փորձել գործի դնել 2021 թվականի հնարքը՝ առաջարկել ընդդիմությանը գնալ ընտրությունների։ Հատկապես ՏԻՄ ընտրություններից հետո, որը գուցե իր մոտ պատրանք է առաջացրել, որ դա քաղաքական պրոցեսի հետևանք է, և կարող է դա նույնականացնել համապետական գործընթացների հետ, ինչն այդպես չէ, նրա ոտքերը մի քիչ գետնից պոկված են։ Հիմա ընդդիմությանն առաջարկում է՝ ինձ վեց ձայն եք տալիս և շարունակում մնալ խորհրդարանում։ Եթե ոչ, ապա այնպիսի ընտրություն կկազմակերպեմ, որ անգամ ներկայիս ձայները չեք ունենա խորհրդարանում։ Փորձում է շանտաժի ենթարկել և՛ քաղաքական ուժերին, և՛ դրանք ներկայացնող պատգամավորներին։ 2021 թվականին խմբակցություններին ասաց՝ երկու անգամ հրաժարական կտամ, դուք թեկնածու մի առաջադրեք։ Իսկ հիմա խորհրդարանական ընդդիմությունն ասել է՝ մեզ նման գործարք մի առաջարկի, ուզում ես հրաժարական տալ, տուր։ «Ուժեղ Հայաստանն» ասում է՝ մեզ ընտրության օրն ու ժամն ասա, մենք պատրաստ ենք, «Հայաստան» դաշինքն էլ է նույնն ասում՝ մեզ հետ գործ չունես։ Սա ռիսկային է Նիկոլ Փաշինյանի համար։ Համապետական ընտրություններն անցել են իր կողմից ոչ ամբողջովին վերահսկելի սցենարով։ Ակնհայտ է, որ «Բարգավաճ Հայաստանի» ձայները գողանալու, նախընտրական, ընտրական և հետընտրական շրջանում արված բռնությունների պայմաններում նա չի ստացել ընտրողների «50 պլ յուս» ձայները։ Նա հասկանում է՝ եթե հրաժարական տա, ընդդիմությունը կարող է թեկնածու առաջադրել, հետո՝ գեներացնել փողոցային պայքար, և երկրում իրավիճակ կփոխվի։ Քանի որ արտահերթ ընտրություն անցկացնելու համար կան օրենքով սահմանված ժամկետներ, ապա այժմ սա դիտարկվում է որպես շանտաժ։ Բայց մեկ տարի հետո էլ ընդդիմությունն ունի իր խաղաքարտը՝ իմպիչմենտը։ Հիմա նա ավելի հակված է ընդդիմությունից ձայն պոկելու վրա։ Նաև հանրային կարծիք է ձևավորում, թե ընդդիմությունը դեմ է խաղաղությանը։ Եթե չի քվեարկում Սահմանադրության փոփոխման օգտին, ուրեմն պատերազմ է ցանկանում։ Մյուս կողմից՝ ակնարկում է, որ իր համակիրներին կհանի փողոց, «կհրավիրի» խորհրդարանը շրջափակելու։ Իշխանության՝ 2020 թվականից հետո փողոցային լուրջ ռեսուրսներ ունենալու հարցում կասկածներ ունեմ։ Մեկ անգամ գուցե կարողանա ոմանց հավաքել իր շուրջ, բայց դա չի կարող մի քանի օր տևել։ Եթե իշխանությունը նման ռեսուրսներ ունենար, 2020 թվականից հետո հաստատ կօգտագործեր»,-եզրափակում է Վիգեն Հակոբյանը:
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
