Ֆիննական ծոցում հրդեհ է բռնկվել ռուսական «Սպարտա II» բեռնանավի վրա
Շաբաթ օրը Ֆիննական ծոցում հրդեհ է բռնկվել ռուսական «Սպարտա II» («Sparta II») բեռնանավի վրա։ Նախնական տվյալներով՝ նավի վրա նաև պայթյուններ են տեղի ունեցել։
Էստոնիայի ոստիկանության և սահմանապահ ծառայության (PPA) հայտնել է, որ միջադեպի մասին տեղեկությունը ստացվել է առավոտյան։
Ըստ իշխանությունների՝ միջադեպի սկսվելու պահին նավը եղել է միջազգային նավագնացության ուղու վրա՝ Վայնդլոո կղզուց մոտ 11 ծովային մղոն դեպի հյուսիս։ Այն եղել է Սանկտ Պետերբուրգի ծովային որոնողափրկարարական համակարգման կենտրոնի պատասխանատվության գոտում։
Նավը հոսանքի ուժով դուրս է եկել Էստոնիայի բացառիկ տնտեսական գոտուց։ «Մենք հետևում ենք իրավիճակին ֆինն գործընկերների հետ միասին։ Էստոնիան կարձագանքի, եթե Ռուսաստանը դիմի միջազգային օգնության համար», - նշել է էստոնական ծառայության ներկայացուցիչ Անդրես Տիիկը։
Բալթիկ ծովում աղտոտման մասին տեղեկություններ չեն եղել։
Ռուսաստանի Լենինգրադի մարզի ղեկավար Ալեքսանդր Դրոզդենկոն իր տելեգրամյան ալիքում հայտնել է, որ նավը ենթարկվել է երկու անօդաչու թռչող սարքի հարձակման։ «Ֆիննական ծոցի չեզոք ջրերում՝ ռուսական սահմանից երեք ծովային մղոն հեռավորության վրա, Կալինինգրադ ուղևորվող բեռնանավը ենթարկվել է երկու անօդաչու թռչող սարքի հարձակման։ Ներկայումս ընթանում է անձնակազմի տարհանումը։ Գնահատվում են միջադեպի հետևանքները», - ասել է Դրոզդենկոն։
Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ հարձակումը տեղի է ունեցել միջազգային ջրերում, և որ նավը վնասվածքներ է ստացել։
Միջադեպին անդրադարձել է նաև Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն։ «Պատերազմը տարածվում է մեզ հարակից տարածաշրջաններ։ Ֆիննական իշխանությունները ուսումնասիրում են իրավիճակը Ֆիննական ծոցում, որտեղ ռուսական բեռնանավը թիրախավորվել է անօդաչու թռչող սարքի հարձակմամբ։ Ուկրաինան իրավունք ունի պայքարել ագրեսորի դեմ», - գրել է Օրպոն։
Շաբաթ օրը Ֆինլանդիայի պաշտպանական ուժերը Ֆիննական ծոցում երկու առանձին դեպքերում սահմանափակումներ են մտցրել ինչպես ծովային, այնպես էլ օդային երթևեկության նկատմամբ։
