Ինչպիսի՞ հայտ է ներկայացնում «Հայաստան» դաշինքը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Եթե, ասենք, երկու տարի առաջ որևէ մեկն ասեր, որ Ռոբերտ Քոչարյանը հանրահավաք է անցկացնելու Ազատության հրապարակում, որին մասնակցելու են տասնյակ հազարավոր մարդիկ, նրան պարզապես անիրատես կհամարեին: Մեղմ ասած: Առավել ևս, երևի թե շատ քչերի մտքով կանցներ, որ երկրորդ նախագահը մասնակցելու է ընտրություններին և լինելու է հաղթանակի գլխավոր ֆավորիտը: Այսօր այդ ամենն իրականություն է: Մասնագետները տարբեր գնահատականներ են տալիս այս ֆենոմենին: Ոմանք կարծում են, որ այստեղ մեծ «դերակատարություն» ունի գործող իշխանությունը, որը մի կողմից՝ հենց Քոչարյանի դեմ արհեստական իրավական տեռոր փորձեց իրականացնել, բայց, ինչպես մյուս բոլոր հարցերում, ձախողվեց, ու հանրությունը տեսավ, որ բոլոր այդ թեմաները, այդ թվում՝ Մարտի 1-ի հետ կապված, որոնք առանձին շրջանակների, նաև Նիկոլ Փաշինյանի ձեռամբ շահարկվել էին, պարզապես կա՛մ սուտ ու կեղծիք էին, կա՛մ անհնարինության աստիճան ուռճացված:

Նույն փորձագիտական շրջանակների կարծիքով, մեծ դեր խաղաց նաև երկրորդ նախագահի թիմի գրագետ աշխատանքը, քանի որ կարողացան հանրությանը քիչ-քիչ, աստիճանաբար, քայլ առ քայլ ներկայացնել իրականությունը, այլ կերպ ասած՝ բացել մարդկանց աչքերը: Կարճ ասած՝ պայթեցին բոլոր փուչիկներն ու միֆերը: Լավ, ոչ բոլորը, բայց մեծ մասը: Հիմա Ռոբերտ Քոչարյանը հայտ է ներկայացրել մասնակցել արտահերթ ընտրությունների և, իր խոսքերով ասած, կրել: Կիրակի օրը պաշտոնապես հայտարարվեց Ռոբերտ Քոչարյանի, «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների «Հայաստան» դաշինքի ստեղծման մասին: Ասել, որ այդ դաշինքի ստեղծումն անակնկալ էր, կնշանակի կեղծել: Սակայն փոքր-ինչ անակնկալ էր հանրահավաքի մարդաշատությունն ու էներգետիկան, ինչը նշանակում է, որ մեր հասարակության մեջ քիչ չեն նրանք, ովքեր ոչ մի կերպ չեն համակերպվում կապիտուլ յացիայի, Արցախի կորստի, բազմահազար զոհերի փաստի, Հայաստանի խարխուլ անվտանգության, մի խոսքով՝ նիկոլականության հետ: Ի դեպ, պակաս բացահայտում չէր նաև այն հանգամանքը, որ պարզվեց՝ Ռոբերտ Քոչարյանը նաև հանրահավաքային հռետորի տաղանդ ունի, ինչին, անկեղծ լինենք, քչերն էին հավատում:

Ինչևէ... Իսկ ի՞նչ է առաջարկում այս դաշինքը: Այստեղ հարկ է ուշադրություն դարձնել մի քանի գործոնների վրա: Իհարկե, դեռևս հայտնի չէ, թե ովքեր են լինելու դաշինքի ցուցակում, սակայն մի կողմից՝ այն անունները, որոնք այդ օրերին շրջանառվում են լրատվական դաշտում, մյուս կողմից՝ դաշինքի համագործակցության հռչակագիրը, թույլ են տալիս նախնական որոշ եզրահանգումներ անել: Առաջին՝ փաստացի գործ ունենք մի քաղաքական միավորի հետ, որը հստակ խոսում է ապագայի մասին, ունի առկա ծանրագույն վիճակից դուրս գալու իրատեսական տեսլականներ և շատ կոնկրետ նշում է, որ «ամեն ինչ լավ է լինելու»:

Ընդ որում, հասկանալի է, որ «ամեն ինչ լավ է լինելու» միայն մի պարագայում, եթե հաջողվի հեռացնել չարիքի, պարտության ու ձախողումների խորհրդանիշ իշխանություններին՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Այս կետից որևէ շեղում, օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանը համարում է դասալքություն: Երկրորդ՝ դաշինքի մարդկային ռեսուրսի ու գաղափարախոսության հիմքում ազգայինն է, ազգային արժեքների, ազգային ու պետական գաղափարախոսության գերակայությունը: Այս հանգամանքը հատկապես կարևորվում է այն առումով, որ վերջին երեք տարվա ընթացքում նիկոլիզմը հնարավոր ու անհնար ճանապարհներով պատերազմ է հայտարարել ամեն ազգայինին, պետությանն ու պետականությանը: Երրորդ՝ գործ ունենք կամքի ու վճռականության հետ: Սա ցույց է տալիս այն կազմը, որը, նախնական պատկերացումներով, կազմում է դաշինքի առանցքն ու կորիզը:

Չորրորդ՝ փորձագիտական շրջանակներն այս դաշինքը որակում են որպես սուպերինտելեկտուալ՝ նկատի ունենալով այն անձանց, որոնք, ըստ շրջանառվող տեղեկությունների, տեղ են գտնելու «Հայաստանի» նախընտրական ցուցակում: Մասնագիտական շրջանակներում պտտվող խոսակցությունների համաձայն, դաշինքի ցուցակում այնպիսի անձինք կան, որոնցից յուրաքանչյուրն իր հայրենասիրությամբ, վճռականությամբ, անցած ճանապարհով ու ինտելեկտով կարող է «կրել» գործող իշխանությունների ամբողջ թիմին: Ի դեպ, շատերն արձանագրում են, որ այս հանգամանքը արտացոլված էր նաև հանրահավաքում, որին մասնակցում էին բավականին կազմակերպված, ինտելեկտուալ, կայացած մարդիկ: «Մենք պարտավոր ենք կասեցնել ազգակործան այս ընթացքը, դասեր քաղել անցյալից, Հայաստանն ազատել օտարածին օրակարգով շարժվող և թշնամու շահերը սպասարկող խմբակից, բոլոր ջանքերը գործադրել պետության և հասարակության կայուն, առողջ զարգացման համար, կառուցել մեր երկրի ապագան:

Մենք բացառում ենք մեկ անձի ձեռքում իշխանական լծակների կենտրոնացումը, պետական իշխանության ինստիտուտների կազմաքանդումը, իշխանության ամբարտավանությունը, ամբոխավարական գործելաոճը, արդարադատության խոչընդոտումը, հասարակության մեջ ներքին բաժանարար գծերի ստեղծումը, ներազգային պառակտումը, սոցիալական բևեռացումը, ինչպես նաև հանրային կարծիքի այլասերումը և կեղծ լուրերի հետևողական շրջանառման դատապարտելի քաղաքականության շարունակությունը»,- ասված է «Հայաստան» դաշինքի համագործակցության հռչակագրում: Ինչո՞ւ ենք մեջբերում հատկապես այս հատվածը: Մենք մեկ անգամ չէ, որ նշել ենք՝ հաջորդ ցանկացած իշխանություն պետք է անի հակառակն այն ամենի, ինչ մեր երկրի հետ արել է Նիկոլ Փաշինյանն ու իր խումբը: Այս մեջբերումը հենց այդ մասին է, ու առաջին հերթին հենց այդ կոնտեքստում էլ չափազանց կարևոր է:

Արսեն Սահակյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 27 անգամ
Լրահոս
«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին Ողբերգական դեպք. Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. մահացածի տղան տարիներ առաջ սպանվել էր Ֆինլանդիայի նախագահը նշել է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Գյումրիում հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» Միայն «դրսինները». «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Ռուսաստանը հիմնարար երկիր է Կովկասում անվտանգության ապահովման տեսանկյունից. Ալիևը՝ Պուտինին 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ալիևը ժամանել է Մոսկվա Շղթայական ավտովթար՝ Արարատում. կա 6 վիրավոր Ռաիսին ժամանել է Պակիստան Ջուր չի լինի Իսակովի պողոտայում բախվել են «VAZ»-ն ու «KamAZ»-ը․ «VAZ»-ի վարորդն ու ուղևորը հոսպիտալացվել են
Ամենաընթերցվածները