Հայաստանի նախագահը հրաժարական է տվել

1990-ականների սկզբին աշխարհաքաղաքական մեծ փոփոխությունների հետևանքով մեր ժողովրդին մեծագույն հնարավորություն ընձեռվեց ստեղծել իր անկախ պետությունը: Մեր առաքելությունը ոչ թե մի դրոշը մեկ ուրիշով փոխարինելն էր, այլ՝ կառուցել երկիր, որը դարեր անց վերստին կապահովի հայերի անվտանգությունը, առաջընթացը և բարգավաճումը:
Ընդգծում եմ՝ անկախ պետության գոյության հիմնական իմաստը պատասխանատվություն ստանձնելու ու կրելու կարողությունն է, երբ ինքներս ենք գիտակցում, որ միայն մենք ենք, որպես մեկ միասնական մարմին, սեփական հաղթանակներ կերտողը և սեփական պարտությունների մեղավորը:
Նման պատմական հնարավորությամբ ոգևորված՝ ես, ինչպես և իմ շատ հայրենակիցներ, նվիրվեցի այդ առաքելությանը: Տարբեր պատճառներով այս կամ այն փուլերում իմ մասնակցության ակտիվությունը փոխվում էր, բայց ես չէի դադարում հավատալ մեր վերջնական համազգային հաջողությանը: Եվ հենց դա էր Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնելու առաջարկությանը համաձայնելու իմ գլխավոր շարժառիթը:
Ընդունելով այդ կարևոր որոշումը՝ ես ելնում էի ինձ արված առաջարկությունից, ըստ որի՝ նախագահական նոր ինստիտուտը ունենալու է գործիքներ և հնարավորություններ՝ ազդելու արտաքին քաղաքական և տնտեսական, ներդրումային քաղաքականության վրա, Սփյուռքի հետ հարաբերությունների վրա, ինչպես նաև միջազգային ասպարեզում համազգային շահերն առաջ մղելու և նոր գիտակրթական ու բարձր տեխնոլոգիական միջավայր ձևավորելու համար:
Որոշ ժամանակ անց տեղի ունեցան 2018թ. ապրիլ-մայիսյան իրադարձությունները...
Կարող է հարց ծագել՝ ինչու՞ ես հրաժարական չտվեցի այդ պահին: Պատասխանն ակնհայտ է՝ այն պատասխանատվության պատճառով, որը ես վերցրել էի ինձ վրա՝ ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը: Ես պարտավոր էի անել ինձնից կախված ամեն ինչ՝ բացառելու ներքին պառակտման հետագա խորացումը, հնարավոր բախումները, որոնք կարող էին հանգեցնել չափազանց բացասական հետևանքների: Ես նաև ձգտում էի իմ երկարամյա աշխատանքի շնորհիվ ձեռք բերած հեղինակությունը, կապերը և իմ միջազգային քաղաքական ու տնտեսական ներուժը ծառայեցնել ուժեղ և կայուն պետականության կառուցմանը:
Կրկին կարող է հարց առաջանալ, թե ինչու՞ Նախագահը չկարողացավ ազդել այն քաղաքական իրադարձությունների վրա, որոնք մեզ հասցրել են ներկայիս համազգային ճգնաժամի: Պատճառը կրկին ակնհայտ է՝ համապատասխան գործիքների պակասը, գործիքներ, որոնցով ցանկացած պետական պաշտոնյայի օժտում է բացառապես մեկ փաստաթուղթ՝ Սահմանադրությունը: Հենց գործող Հիմնական օրենքի մեջ են թաքնված մեր որոշ կարևոր խնդիրների արմատները:
Մենք ունենք պարադոքսալ իրավիճակ, երբ Նախագահը ստիպված է պետականության երաշխավոր լինել՝ փաստացի չունենալով որևէ իրական գործիք: Սահմանադրությունը նաև ենթադրում է մեկ ինստիտուտի գերակայություն մյուսի նկատմամբ, Սփյուռքի հայտնի մասնագետների համար ստեղծում է խոչընդոտներ՝ պատմական Հայրենիքի պետական ինստիտուտների կառավարմանը մասնակցելու համար, և այլն:
Մենք խորհրդարանական հանրապետություն ենք ձևով, բայց ոչ բովանդակությամբ: Իմ առաջարկության իմաստը և նպատակը եղել է ոչ թե կառավարման մի ձևից մյուսին (խորհրդարանականից կիսանախագահականի կամ նախագահականի) անցնելը, այլ՝ զսպումների և հակակշիռների վրա հիմնված պետական համակարգ ստեղծելը: Առանց դրա դժվար է խոսել նշանակալից ձեռքբերումների մասին, քանի որ առաջընթացի և հաջողության հնարավոր է հասնել միայն կանխատեսելի և ներդաշնակ համակարգի պայմաններում:
Ուրախ եմ, որ ստեղծվել է սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում կառավարությանը: Ես հույս ունեմ, որ, ի վերջո, սահմանադրական փոփոխությունները տեղի կունենան, և հաջորդ նախագահն ու նախագահական ինստիտուտը կկարողանան աշխատել ավելի հավասարակշռված և համակարգված միջավայրում:
Մենք ապրում ենք յուրատեսակ իրականության մեջ, իրականություն, որտեղ Նախագահը չի կարող ազդել պատերազմին և խաղաղությանը վերաբերող հարցերի վրա:
Իրականություն, երբ նա չի կարող վետո կիրառել այն օրենքների վրա, որոնք համարում է պետության և ժողովրդի համար ոչ նպատակահարմար:
Իրականություն, երբ Նախագահի հնարավորություններն ընկալվում են ոչ թե որպես առավելություն պետության համար, այլ՝ տարբեր քաղաքական խմբերի կողմից դիտարկվում են որպես իրենց սպառնացող վտանգ:
Իրականություն, որտեղ Նախագահն իր ներուժի գերակշիռ մասը չի կարողանում օգտագործել ի նպաստ համակարգային ներքին և արտաքին քաղաքական խնդիրների լուծման:
Իրականություն, որտեղ աշխարհը գտնվում է մշտական տուրբուլենտության գոտում, սակայն Նախագահը սահմանադրական գործիք չունի՝ օգնելու իր երկրին:
Իրականություն, որտեղ պետության գլուխը և երբեմն նաև նրա ընտանիքը թիրախավորվում են տարբեր քաղաքական խմբավորումների կողմից: Վերջիններս այնքան էլ հետաքրքրված չեն նախագահական ինստիտուտի կողմից ի շահ երկրի իրականացված ձեռքբերումներով, որքան իմ անցյալով, դավադրության զանազան տեսություններով ու միֆերով: Իմ անձի հանդեպ այդ «մտահոգվածությունը» դուրս է գալիս նաև բարոյականության սահմաններից՝ վերջնական արդյունքում ուղղակիորեն բացասաբար ազդելով առողջության վրա:
Ես շատ երկար եմ մտածել և որոշել եմ մոտ չորս տարի ակտիվ աշխատելուց հետո հրաժարական տալ Հանրապետության նախագահի պաշտոնից:
Այդ որոշումը բացարձակապես էմոցիոնալ չէ և բխում է որոշակի տրամաբանությունից:
Նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա:
Մեր պետության համար այս բարդ փուլում, երբ անհրաժեշտ է համազգային միասնություն, նախագահական ինստիտուտը չպետք է դառնա բամբասանքների ու դավադրության տեսությունների թիրախ՝ դրանով իսկ շեղելով հասարակության ուշադրությունը կարևորագույն խնդիրներից:
Այսօր, ինչպես երբեք, անհրաժեշտ են իմաստալից, խորը մտածված,կշռադատված և բովանդակալից գործողություններ: Այլապես մենք՝ ողջ աշխարհի հայությունը, չենք հասնի մեր առաքելության նպատակին և կհայտնվենք պատմության լուսանցքում:
Մենք այլևս սխալվելու իրավունք չունենք:
Վերջում ցանկանում եմ առանձնակի երախտագիտություն հայտնել մեր քաղաքացիներին և Սփյուռքի մեր հայրենակիցներին՝ երկրի համար այս բարդ ժամանակներում հաստատակամություն, տոկունություն, համբերատարություն և արիություն ցուցաբերելու համար:
Առանձնահատուկ շնորհակալություն մեր քաջարի բանակի զինվորներին և սպաներին, խոնարհումս մեր Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների ընտանիքներին:
Շնորհակալ եմ նաև Հանրապետության նախագահի աշխատակազմի բոլոր աշխատակիցներին և պետական կառույցների իմ գործընկերներին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար:
դիտվել է 6 անգամ
Լրահոս
Adidas-ը ներկայացրել է 22 երկրների հավաքականների նոր մարզաշապիկները Ռուսաստանից եկող վտանգը չի անհետանա Ուկրաինայում պшտերшզմի ավարտով. Ռյուտե Այսօր այս տարվա ամենաուժեղ գեոմագնիսական փոթորիկն է լինելու Արագածոտնի մարզի պարեկները 24-ամյա երիտասարդի մոտ մարիխուանայի նմավող զանգված են հայտնաբերել COVID-19-ը երեխաների սրտերի վրա ավելի երկարատև հետք է թողնում, քան պատվաստանյութը․ LCAH Ոստիկանները 63-ամյա գյումրեցու տանը հայտնաբերել են «Ֆ1» տեսակի նռնակ, նռնակի պայթուցիչ, «Մակարով»–ի փամփուշտներ Ռուսաստանը 2026 թվականին Իրանում կսկսի Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարությունը Հայտնի է ուսուցիչների 2025 թ. կամավոր ատեստավորման ժամանակացույցը Bitcoin-ի արժեքը կտրուկ նվազել է Հնդկաստանում բախվել են ուղևորատար գնացքը և բեռնատար մեքենան. կան զnհեր «Ադրբեջանից և Թուրքիայից աջակցության ակնկալիք ունեն». «Փաստ» Ոչ միայն անհատի, այլև գլոբալ անվտանգային խնդիր. զեղծարարությունները «կատարելագործվում» են, իսկ դրանց դեմ պայքարի միջոցնե՞րը. «Փաստ» Չափազանց բարդ իրադրություն, «մուսկուլների» ցուցադրում տարածաշրջանում. «Փաստ» Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու». «Փաստ» Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա. «Փաստ» «Սա միջանկյալ հաղթանակ է. եթե այս իշխանությունը վերարտադրվեց, ապա հայտարարագրման համակարգը սկսելու է գործարկել այլ եղանակով». «Փաստ» Իշխանության քմահաճույքները կատարելու «կամավորականները». «Փաստ» Սկանդալ Սևանի շուրջ. ինչո՞ւ նույնիսկ Փաշինյանի կողմնակիցները չկարողացան լռել. «Փաստ» Արտաշատում բախվել են «Mercedes»-ն ու «Volkswagen»-ը. կա տուժած Նոր Նորքի համայնքային ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պահելու դեպք են բացահայտել Ռոնալդուն և Մեսսին Չեմպիոնների լիգայի պատմության մեջ խաղացած րոպեների քանակով առաջատարներն են Շնչառական վարակներից շրջանառվում են ռինովիրուսի, պարագրիպի, ադենովիրուսի և կորոնավիրուսային հիվանդության` SARS-Cov-2 հարուցիչներ. ԱՆ Իտալիայի ԱԳՆ-ն Զախարովայի մեկնաբանությունները որակել է «վուլգար» «Ես տեսա իրական մրցակցություն, իրական ընկերություն». Մարիամ Ալեքսանյան Իսակովի պողոտայում բախվել են «Mercedes»-ն ու «BMW X6»-ը, վերջինն էլ բախվել է ծառին
Ամենաընթերցվածները