Հրդեհի հետեւանքով մոտ 30 մարդ է զոհվել
Նյու Դելիի ոստիկանությունը շաբաթ օրը ձերբակալել է երկու մարդու, ովքեր կասկածվում են հրդեհային անվտանգության կանոնների խախտման մեջ այն բանից հետո, երբ շենքում բռնկված հրդեհի հետեւանքով առնվազն 27 մարդ էր մահացել: Նշվում է, որ շենքում տեսահսկման համակարգերի արտադրություն էր տեղակայված, հայտնում է Reuters-ը:
Փրկարարներն աշխատում էին ամբողջ գիշեր՝ արեւմտյան արվարձանում երկաթուղային կայարանի կողքին գտնվող այրված չորսհարկանի շենքը մաքրելու համար:
Հրդեհի բռնկման պահին շենքում է ավելի քան 75 մարդ կար: Ականատեսների վկայությամբ՝ ոմանք փախչելու համար դուրս են նետվել պատուհաններից, իսկ հրշեջները կոտրել են ապակիները եւ ճոպաններով փրկել մարդկանց։
Իշխանությունները հայտնել են, որ հրդեհը սկսվել է առաջին հարկում գտնվող գրասենյակում եւ արագ տարածվել: Անվտանգության կանոնների խախտման կասկածանքով հետաքննության շրջանակներում ձերբակալվել են ընկերության երկու սեփականատերերը:
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին իր ցավակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին եւ նրանց 200 հազար ռուփիի (2580 դոլար) չափով փոխհատուցում խոստացել։