«Հիմա ամենամեծ վախը մեր պառակտմանն է վերաբերում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Միշտ եղել է իմ ընդվզումը, որովհետև չեմ ուզում ապրել առանց սահմանների Հայաստանում: Չեմ հասկանում՝ հիմա մեր սահմանները կա՞ն, թե՞ չկան: Չեմ հասկանում՝ կարողանո՞ւմ ենք սահմաններն ապահովել, թե՞ ոչ: Սա վերաբերում է թե՛ ներկային, թե՛ գալիքին»,-«Փաստի» հետ զրույցն այսպես է սկսում մշակույթի գործիչ, բեմադրիչ Ռուբեն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ այս օրերին բազմաթիվ քաղաքացիների հետ նա էլ է մասնակցում դիմադրության շարժմանը:

«Ցավ եմ ապրում: Շարժմանը մասնակցում եմ նախ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես հայ քրիստոնյա, որպես մարդ, որը գիտակցում է բոլոր այն վտանգներն ու վախերը, որոնք կան հիմա մեր շուրջը՝ հայրենիքի, մեր ինքնիշխանության, մեր պետականության կորստի վախերը: Բայց հիմա ամենամեծ վախը մեր պառակտմանն է վերաբերում: Պառակտված ենք: Չգիտեմ, թե որ հայերենով ես և շատերը խոսենք իմ ազգակիցների հետ, որպեսզի հասկանան այդ վտանգները: Նիկոլի մասին խոսելը… Ամեն ինչ արդեն պարզ է: Նիկոլի մասին խոսելու համար պետք է խոսել վտանգների մասին, և վախերի ու վտանգների մասին այդ նախադասությունների մեջ, որոնք ասում ենք, որքան քիչ տանք Նիկոլի անունը, կոնկրետ անունը, այդքան ավելի կշեշտվի իր անձը, որը մեզ բերեց այս ամեն ինչին: Կարծում եմ՝ ժամանակն է, որ փոխվի ելույթ ունեցողների հռետորիկան»,-նշում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ հիմա շատ վատ բան է կատարվում: «Մենք անընդհատ իրար թուրք ենք ասում, մենք դուրս ենք եկել իրար դեմ՝ անգամ պատերազմից, այսքան զոհերից ու զրկանքներից հետո իրար հետ վիճում ենք, իրար թուրք անվանելով: Թուրքը ոչ թե ծիծաղում, այլ խնդում է մեզ վրա: Ասում է՝ հայեր, թուրքն այստեղ է՝ Սև լճում է, Ոսկեպարում, Նոյեմբերյանում և այլն: Բայց մենք շարունակում ենք իրար թուրք անվանել»,նշում է Հովհաննիսյանը:

Իսկ այս ատելությունից ձերբազատվելու տարբերակ կա՞:«Բոլոր նրանք, որ սկսած 2018 թվականից, երբ սխալ ընտրություն են կատարել, հավատացել են ու խաբվել, պետք է դարձի գան, կանգնեն իրար կողքի, և հավատացեք՝ այդ սերն ու միասնությունը կկայանա: Օրերս աչքիցս չվրիպեց, երբ ավանդական երթից հետո հրապարակում մի կին իր երկու երեխայի հետ պարում էր: Լինելով մասսայական հանդիսությունների ռեժիսոր՝ ընկերոջս ասացի՝ նկարիր այս կադրերը, պետք է սա տարածել և ասել՝ շուտով կվերադարձնենք այս ուրախությունը, տոնը, երբ երեխան, լսելով երաժշտությունը, կանգնած տեղում ուղղակի թռվռում է: Այդ տոներն են պակասել մեր միջից, ոչ մեկիս սրտում տոն չկա, պարտադիր չէ, որ դրսում ձիեր անցնեն, մենք ուրախանանք: Իրականում տոնը պակասել է: Պետք է ընդամենը դուրս գալ փողոց, հրաժարվել այս ներկա ռեժիմից, այս իրավիճակից: Ես ուզում եմ իմ ցավի խորությունը հասկանալ՝ զոհերի քանակով: Լավ, մենք որքա՞ն զոհվեցինք, որքա՞ն վիրավորվեցինք, քանի՞սս գերեվարվեցինք, ասում եմ՝ քանիսս, չէ՞ որ նրանք մեր մարմինն են: Սեր-միության մասին ենք խոսում, իսկ ինչպե՞ս կարող է սեր ու միություն լինել, երբ կա նման անգիտակից վերաբերմունք իրար հանդեպ: Եթե գիտակցենք բոլոր վախերն ու վտանգները, այդ սեր-միությունն ինքն իրեն կբարձրանա, կձուլվենք իրար: Ամեն ինչ գիտակցությունից է գալիս, այն վարքագծից, որ մենք դրսևորում ենք մեր խնդիրների հանդեպ: Չունենք վարքագիծ մեր խնդիրների և մեր շահերի հանդեպ՝ որպես հայ, քրիստոնյա, գիտակից քաղաքացի: Մեր ամենամեծ խնդիրն այդ է»,-հավելում է ռեժիսորը:

Վերադառնալով 2018 թվական` Հովհաննիսյանը կարծում է, որ թուրքը մեզ մի տարբերակով հաղթեց: «Շուրջ երեսուն տարի փորձում էր մեզ հաղթել, խոսում էր մեզ հետ թուրքերեն, անգլերեն, ֆրանսերեն և այլ լեզուներով: Օգտագործում էր այլ պետությունների գործիքակազմերը, կիրառում էր մեր դեմ՝ թաքնվելով նրանց հետևում, որպեսզի մեզ հաղթեր, պառակտեր: Ու նա վերջապես գտավ ելքը՝ թուրքը մեզ հետ խոսեց հայերեն, և մենք հավատացինք այդ խոսքին, նրանք, ովքեր գնացին և ընտրեցին: Ոչ մի խոստում չիրականացավ՝ ապահով ու անվտանգ Հայաստան չկայացավ, «Արցախը Հայաստան է և վերջ», դա էլ չկայացավ: Թուրքն էր խոսում մեզ հետ, ոչ թե մենք մեզ հետ: Քանդվեցին կրթական ու մշակութային համալիրները: Շատ չերևացող, շատերի գիտակցությանը չհասնող կարևոր գործառույթ արվեց: Սկսեցին մեր միջից վերացնել ոչ մշակութային նյութական արժեքները՝ ավանդապատումները, խաղերը, մեր հայրենի խոսքն աղավաղեցին: Վարդավառի օրը Ազգային ժողովի բակում գորգեր լվացին: Կամ աղի արգելքը: Տեսեք, թե աղ ու հացն ինչ է նշանակում մեր ազգի համար որպես դիմագիծ: Ավանդական եկեղեցական տոները վերացրեցին մեր միջից, դպրոցից և մանկապարտեզից, մտցրեցին օտարամուտ բաները: Մեր ոչ նյութական մշակութային արժեքները վերացնելով՝ իրենք սկսեցին ազդել մեր գիտակցության վրա: Դա կարող է անել միայն թուրքը, որ խոսում է հայերեն: Այսքանը»,-եզրափակում է ռեժիսոր Ռուբեն Հովհաննիսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Տաջիկստանի քաղաքացիներին թույլ չեն տալիս մուտք գործել Վրաստան Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնում Երևանում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ․ նա մահացել է Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթել է Բարսելոնային և դուրս եկել կիսաեզրափակիչ Ջուր չի լինի բազմաթիվ հասցեներում Ադրբեջանցիները քանդել են Ղազանչեցոցի խաչաձև լուսամուտը, պատկերաքանդակը․ ահազանգ Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ» «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ» Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ» Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ» Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ» ԵՄ-ում ապրիլի 16-ին հնարավոր է քննարկեն Իրանի դեմ պատժամիջոցների հարցը Պետք է առավելագույնս պաշտպանենք Իսրայելը, մեկուսացնենք Իրանն ու ավելացնենք պատժամիջոցները. Մակրոն Իսրայելի պաշտպանության բանակը հանել է Իրանի գրոհի պատճառով սահմանված սահմանափակումները ԱՄՆ Զինված ուժերը Իրանից և Եմենից Իսրայելի ուղղությամբ արձակված ավելի քան 80 անօդաչու են ոչնչացրել Երկրաշարժ՝ Թուրքիայում 1,5 տարեկան տղան 3-րդ հարկի պատուհանից անզգուշաբար վայր է ընկել Թուրքիայի կոչը՝ Իրանին Իսրայելին Իրանի հարվածից հետո Բայդենը միտումնավոր հանդես չի եկել ուղերձով. Politico ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ «Ապրելու ուժ տվեց Դավիթիս երազանքի իրականացումը՝ Դադիտան կառուցումը». Դավիթ Ուզունյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին Եղնիկներում. «Փաստ» Հերթական կեղծ հակադրումն ու արհեստական «օրակարգը». «Փաստ» Ով ինչից է խոսում.... «Փաստ»
Ամենաընթերցվածները