«Արցախում դիմադրելուն տրամադրված մոտեցումները նյարդայնացնում են Հայաստանի ղեկավարությանը. թե՛ Փաշինյանը, թե՛ Ալիևը ունիսոն, նույն նարատիվներով են հանդես գալիս». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Ավելի քան մեկ ամիս է՝ Ադրբեջանը շարունակում է շրջափակված պահել Արցախը: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի խոսքով՝ թշնամու նպատակը բավականին պարզ է:

«Անընդհատ սեղմելով օղակը՝ թշնամին նպատակ ունի հայաթափել Արցախը: Ադրբեջանն առանձնապես չի էլ թաքցնում, որ իր քաղաքական կուրսի հիմքում էթնիկ զտումներն են: Իրենք սկզբից ինչ-որ էկոակտիվիստների պատրվակով փակեցին ճանապարհը, հետո մի պահ գազի մատակարարումը դադարեցրին, էլեկտրականության առումով խնդիրներ ստեղծեցին, այնուհետ ինտերնետը խափանեցին: Այսինքն, ցույց են տալիս, թե ինչ կարող են անել, նաև ցույց տալով, որ մի օր էլ կարող են ամեն ինչ փակել ու այլևս չբացել, ինչպես չեն բացում Լաչինի միջանցքը: Սրանք մեկ ընդհանուր ծրագրի կոնկրետ մասնիկներ են: Ադրբեջանն առաջնորդվում է «եթե Արցախում հայ չկա, խնդիր ևս չկա» սկզբունքով»,-«Փաստի» հետ զրույցում նշեց Վիգեն Հակոբյանը:

Մյուս կողմից, նրա խոսքով, Լաչինի միջանցքի փակումն ավելի տարածաշրջանային կամ աշխարհաքաղաքական նպատակ ունի: «Մասնավորապես, նպատակ ունեն այդ ճնշումների միջոցով նաև ՀՀ-ում ու ՀՀ-ի շուրջ ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ Ադրբեջանը, նաև Հայաստանում առկա այն ուժերը, որոնք Ադրբեջանի ղեկավարի հետ համահունչ են խոսում, կարողանան հետագայում արդարացնել զիջումները՝ կապված թե՛, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի», թե՛ նաև Արցախի կարգավիճակի հետ: Այնպես որ, Լաչինի միջանցքի փակումը բազմակողմանի նպատակ ունի: Աշխարհաքաղաքական խնդրի մասով ևս պարզ է նպատակը. փորձել խնդիրներ ստեղծել Լաչինում՝ կապված խաղաղապահ զորքերի հետ, այդ առաքելությունը վարկաբեկել, ինչը, այսպես ասած, ունիսոն ռեժիմով հետևողականորեն իրականացնում են և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի ղեկավարությունը: Յուրաքանչյուրն իր տեսանկյունից անընդհատ բողոքում է, որ ռուս խաղաղապահ առաքելությունն իր միսիան լավ չի կատարում: Խնդիրը սկզբից ռուս խաղաղապահ կոնտինգենտին Արցախից հանելն է, իսկ միջնաժամկետ նպատակը Ռուսաստանի ներկայությունն ընդհանրապես հանելն է նաև ՀՀ-ից: Սա արդեն վարկածների մակարդակում չէ, այդ մասին բացահայտ խոսում է Հայաստանի ղեկավարությունը և անձամբ այդ ղեկավարության վաչապետը»,-նկատեց մեր զրուցակիցը:

Վիգեն Հակոբյանի խոսքով, Արցախի մասով ևս հայաստանյան իշխանության քաղաքական կուրսը վաղուց դուրս է եկել ակնարկների դաշտից: «Ամեն ինչ բացահայտ է այս առումով: Բարձրագույն պաշտոնյաները դեռ ավելի վաղ են հայտարարել, որ այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չեն, առհասարակ, ինքնորոշման կոնցեպտը հանել են օրակարգից: Ընդամենն անվտանգության երաշխիքներ ստանալու նպատակ են իրենց առջև դնում և միջազգային ասպարեզում միայն նման խնդիրների մասին են ազդարարում: Հիմա էլ ավելի բացահայտ են ցույց տալիս այս ամենը: Մեծ հաշվով՝ Հայաստանը վաղուց ձեռքերը լվացել է Արցախից՝ Արցախին մուննաթով ինչ-որ հումանիտար օգնություն ու փող տվողի վերածվելով: ՀՀ իշխանությունն ամեն անգամ հիշեցնում է, թե ինչքան գումար է տվել Արցախին: Լավագույն դեպքում ՀՀ-ն ընդամենը ինչ-որ սոցիալական հարցերի երաշխավորի է վերածվել»,-ընդգծեց քաղտեխնոլոգը

Այս համատեքստում Վիգեն Հակոբյանն անդրադարձավ վերջին օրերին հենց Արցախում տեղի ունեցող որոշ զարգացումների: «Արցախի քաղաքական վերնախավում զարգացումներ եղան, որոնք վերոնշյալի արտացոլումն էին՝ կապված կոնկրետ անձերի հետ: Երբ անձը հակադրվում է ՀՀ իշխանությունների վերոնշյալ քաղաքական կուրսին, փորձում են, օրինակ՝ այդ անձի խնդիրը պաշտոնանկ անելով լուծել: Տվյալ դեպքում խոսքը ԱՀ պետնախարարի մասին է: Ամենակարևորն այստեղ այն է, որ, ըստ էության, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարության քաղաքական կուրսերի հիմնական վեկտորների միջև որևէ տարբերություն չկա, այսպես ասած, ունիսոն քաղաքական կուրս է վարվում: Հենց Արցախում հայտնվում են ուժեր, որոնք ՀՀ և Ադրբեջանի իշխանությունների կողմից անվերահսկելի են, միանգամից գործի են դրվում բոլոր ռեսուրսները՝ վարկաբեկելու այդ ուժերին, որոնք ասում են, որ չեն պատրաստվում հանձնվել, պայքարելու են Արցախը պահպանելու և այնտեղ ապրելու համար»,-ասաց Վ. Հակոբյանը՝ շեշտելով, որ այս առումով ևս ամեն ինչ արդեն ակնարկների կամ վարկածների մակարդակում չէ: «Ամեն ինչ ուղղակիորեն է ասվում և արվում:

Հիմա, կարծես թե, սառեցված է ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկության շուրջ առկա հարցը: Այսինքն, փորձ է արվում, մի անգամ ստացվում է, մի անգամ՝ ոչ: Հաջորդ անգամ կարող է և հասնեն իրենց նպատակին, եթե անտարբերություն լինի կամ էլ, օրինակ՝ հայադրբեջանական իշխանական դուետի ճնշումներին դիմակայելու ռեսուրսները չբավականացնեն: Այդ դուետի ճնշումները որոշակի աջակցություն են ստանում նաև Արցախի որոշ իշխանական շրջանակների կողմից: Մեծ հաշվով՝ մենք հիմա ունենք մի իրավիճակ, երբ քաղաքականությունը ոչ թե դիվանագիտական, այլ հանրային մակարդակով է իրականացվում, ուղղակիորեն ասվում է, ուղղակիորեն խոսվում: Իսկ եթե անգամ չեն էլ խոսում, ապա իրենց կից մեդիառեսուրսներով են ասում՝ «հավաստի աղբյուրների» մակարդակով: ՀՀ և ԱՀ իշխանական առնվազն որոշ շրջանակների միջև հակադրությունը մենք հիմա արդեն ակնհայտորեն ենք տեսնում: Արցախի դեպքում խոսքը մասնավորապես այն շրջանակների մասին է, որոնք կապված են Արցախի այսօրվա պետնախարարի հետ: Այդ հակադրությունն ուղղակիորեն հանրային դաշտում է»,-ասաց քաղտեխնոլոգը՝ հավելելով, որ Փաշինյանի և Ալիևի միաժամանակյա ասուլիսներից հետո պարզ դարձավ, որ Արցախը հույսը պետք է դնի իր վրա, ինչի մասին Արցախից ևս հստակ ազդակներ եղան:

«Ավելի ուղղակի ասել հնարավոր չէ, որ թե՛ Փաշինյանը, թե՛ Ալիևը ունիսոն, նույն նարատիվներով են հանդես գալիս: Հստակ ասվեց, որ այս պայմաններում և՛ հայաստանյան, և՛ արցախյան բոլոր այն ուժերը, որոնք փորձում են ազգապահպան գործունեությամբ զբաղվել, պահպանել Արցախը, պետք է ընդհանրապես հույս չդնեն նաև Հայաստանի ղեկավարության վրա, որովհետև ՀՀ ղեկավարության վեկտորները համընկնում են բացառապես Ադրբեջանի քաղաքական ղեկավարության վեկտորների հետ. ամեն ինչ բաց է այս առումով ասվում: Հենց սա հաշվի առնելով եմ ասում, որ այսօր բացարձակապես դիվանագիտական լեզու չկա, կա հանրային դաշտ, որտեղ բոլորը փորձում են հնարավորինս բաց խոսել, այդ թվում՝ բաց խոսելու այդ մարտավարությամբ որոշակի մեսիջներ հաղորդել նաև արտաքին շահագրգիռ խաղացողներին»,-հավելեց քաղտեխնոլոգը:

Ամփոփելով ու խոսելով ներկա իրավիճակից բխող հնարավոր լուծումների մասին՝ Վիգեն Հակոբյանը նախ շեշտեց, որ առանց որևէ լուրջ զիջումների՝ Ադրբեջանը մտադիր չէ բացել Լաչինի միջանցքը: «Մինչև քաղաքական էական զիջումներ չլինեն, որոնք թույլ կտան նույն Ալիևին պահպանել դեմքը, հետ քաշվել այդ մարտավարությունից, չեմ կարծում, թե կբացեն ճանապարհը: Եթե բացելու ինչ-որ քայլ լինի, ուրեմն մենք պետք է մտածենք, թե ինչ է եղել դրա գինը: Այս իրավիճակի դեմն առնելու ամենագլխավոր նախապայմաններից մեկը չկոտրվելն է, ամուր կանգնելն է, ցույց տալը, որ ճնշման մեխանիզմով հարց լուծել չի լինելու: Սա այն է, ինչի մասին հայտարարել է ԱՀ պետնախարարը: Հարցի լուծման մյուս մեխանիզմն էլ կա, որը կախված չէ ՀՀ իշխանությունից, որը ձեռքերը լվացել է Արցախից: Ավելին՝ Նիկոլ Փաշինյանը կառավարության վերջին նիստի ժամանակ, ըստ էության, ասաց՝ ավելի լավ է մտածեն, ոնց են ադրբեջանցիների հետ լեզու գտնելու:

Այսինքն, Հայաստանը ո՛չ խաղացող է, ո՛չ էլ առանձնապես ցանկություն ունի խաղալու: Հայաստանի ղեկավարությանն անգամ նյարդայնացնում է այն փաստը, որ Արցախում դիմադրելուն տրամադրված քաղաքական մոտեցումներ կան: Այս պարագայում հիմնական հույսն արտաքին քաղաքական ուժերն են, որոնք կարող են շահագրգիռ լինել Արցախի և Հայաստանի շուրջ այս կամ այն լուծման վերաբերյալ. օրինակ՝ իրավիճակը կայունացնելու գնով Արցախի շուրջ իրավիճակը սառեցնել՝ նաև կարգավիճակի հարցը հետագայում լուծելու համար: Չգիտեմ՝ դժբախտաբար, թե բարեբախտաբար, բայց ամեն ինչ չէ, որ կախված է ՀՀ իշխանությունների ու իր ղեկավարի հայտնի դիրքորոշումների հետ: Ամեն ինչ չէ, որ ըստ այդ դիրքորոշումների է որոշվելու: Ավելին, կարծում եմ, որ ՀՀ ղեկավարության դիրքորոշումն այլևս էական նշանակություն չունի հիմնական, շահագրգիռ, այդ թվում՝ նաև տարածաշրջանային խաղացողների համար»,-ասաց Վիգեն Հակոբյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ» Տաջիկստանի քաղաքացիներին թույլ չեն տալիս մուտք գործել Վրաստան Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնում Երևանում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ․ նա մահացել է Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթել է Բարսելոնային և դուրս եկել կիսաեզրափակիչ Ջուր չի լինի բազմաթիվ հասցեներում Ադրբեջանցիները քանդել են Ղազանչեցոցի խաչաձև լուսամուտը, պատկերաքանդակը․ ահազանգ Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ» «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ» Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ» Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ» Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ» ԵՄ-ում ապրիլի 16-ին հնարավոր է քննարկեն Իրանի դեմ պատժամիջոցների հարցը Պետք է առավելագույնս պաշտպանենք Իսրայելը, մեկուսացնենք Իրանն ու ավելացնենք պատժամիջոցները. Մակրոն Իսրայելի պաշտպանության բանակը հանել է Իրանի գրոհի պատճառով սահմանված սահմանափակումները ԱՄՆ Զինված ուժերը Իրանից և Եմենից Իսրայելի ուղղությամբ արձակված ավելի քան 80 անօդաչու են ոչնչացրել Երկրաշարժ՝ Թուրքիայում 1,5 տարեկան տղան 3-րդ հարկի պատուհանից անզգուշաբար վայր է ընկել Թուրքիայի կոչը՝ Իրանին
Ամենաընթերցվածները