Իշխանազավթման հերթական «օպերացիան»՝ որպես ժողովրդավարության մահախոսական․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, ինչ դեկտեմբերի 5-ին տեղի ունեցավ Ալավերդու քաղաքապետարանում ու մատույցներում, ավելին էր, քան պարզապես խայտառակությունը: Դա «ժողովրդավարության բաստիոն» հորջորջվողի յուրօրինակ մահախոսականն էր և փաշինյանական իշխանավարման բռնատիրական էության ծայրահեղ դրսևորումը միաժամանակ: Մեծ հաշվով, ի՞նչ էր տեղի ունեցել: Իսկ տեղի էր ունեցել այն, որ 2022-ի սեպտեմբերին ՏԻՄ ընտրության արդյունքում Ալավերդիում համայնքապետ էր դարձել ոչ իշխանական ներկայացուցիչը, կոնկրետ՝ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արկադի Թամազյանը: Անցած ավելի քան 1 տարվա ընթացքում Ալավերդում ավագանու կազմում գրեթե ձայների կեսն ունեցող ՔՊ-ին հուզող միակ հարցը, սևեռումը, փորացավն ու գլխացավը այն էր, թե ինչ վատություն անեն, ում ճնշեն, ում հետապնդումների ենթարկեն, ում «ոլորեն», ում ինչ «առաջարկեն», որպեսզի 1 ձայն փախցնեն ու, ոտնահարելով ալավերդցիների ընտրության արդյունքները, զավթեն համայնքապետարանը:

Ի վերջո, ՔՊ-ի այդ ծրագիրն «աշխատեց», և դեկտեմբերի 5-ին քպականները, Երևանից գործուղված «պատգամավորական» ու «ոչպատգամավորական» դեսանտով, որն ուժեղացված էր ՔՊ-ի մանրախնդիր քաղաքական շահերի սպասարկման տակ դրված ոստիկանական հագուստ կրող անհասկանալի անձանցով ու «կարմիրբերետավոր» «ժողովրդավարության վկաներով», բառի բուն իմաստով՝ հարձակվեցին, եթե չասենք՝ գրոհեցին Ալավերդու քաղաքապետարանը: Ի վերջո, մարդկանց ծեծելով, քաշքշելով, ձերբակալելով կամ բերման ենթարկելով, դռներ ջարդելով՝ Փաշինյանի ՔՊ-ն զավթեց Ալավերդու քաղաքապետարանը, իսկ որոշ ժամանակ անց նաև յուրացրեց քաղաքապետի պաշտոնը: Մի կողմ թողնենք քպական քաղաքապետի անձը, որի մասին մամուլում ահռելի «կոմպրոմատ» կա, որոնցից յուրաքանչյուրը քրեական վարույթի հատորների կբավականացնի, մի կողմ թողնենք, թե ընդդեմ ալավերդցիների դուրս գալուց ու ատելության հերթական դոզան հավաքելուց հետո ինչպես են պաշտոնավարելու Ալավերդիում:

Այստեղ շատ ավելի էական ու շրջադարձային իրողություններ արձանագրվեցին ու ամրագրվեցին: Նախ՝ այն, որ Հայաստանում վերջնականապես հաստատվել է ամենազզվելի բռնատիրություն, ըստ որում՝ կեղծավորությամբ, փարիսեցիությամբ ու երկերեսանիությամբ թաթախված: Բռնապետություն, որի գլխավոր ներկայացուցիչ Փաշինյանը որտեղ նստում-ելնում է, «ժողովրդավարությունից» է խոսում: Այսինքն, քիչ էր, որ երկրում կան տասնյակ քաղաքական բանտարկյալներ, քիչ է, որ ռեժիմը ամենացինիկ ու լկտի եղանակներով հետապնդումներ է իրականացնում իշխանության քաղաքական հակառակորդների կամ պարզապես այլախոհների նկատմամբ, քիչ է, որ Հայաստանը վերածվել է սրտխառնուքային ոստիկանապետության, փաստացի պետք է նաև, որ «իշխող ուժ» համարվողը, լինելով փոքրամասնություն, չընտրվելով հանդերձ, «ռեյդերական զավթումով» գրավի գյուղապետարաններն ու քաղաքապետարանները:

Չնայած, ի՜նչ «ռեյդերական զավթում», երբ ամենաիսկական բռիության ու զոռբայության մասին է խոսքը: Ու սա ամենևին նորություն չէ: Ավելին, առաջին անգամ չէ, որ Նիկոլ Փաշինյանը, խայտառակ պարտություններ կրելով ՏԻՄ ընտրություններում, իր «կյանքի նպատակ» է դարձնում պատժել այն ընտրողներին ու այն բնակավայրերի բնակիչներին, որոնք իր մանկլավիկներին չեն ընտրել: Սկսվում են ոստիկանական հետապնդումներ, քրգործերի հարուցումներ, կալանավորումներ, հաղթած ու քաղաքապետ ընտրված թեկնածուների դեմ մոբիլիզացվում են ոստիկանության, ԱԱԾ-ի բոլոր կառույցներն ու ծառայությունները, այդ մարդիկ դառնում են ամենաիսկական հետապնդման ու «քաղաքական վենդետտայի» թիրախ:

Ալավերդուց այնքան էլ հեռու չէ Լոռու մարզկենտրոն Վանաձորը, որի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը տակավին բանտում է միայն այն բանի համար, որ ՏԻՄ ընտրություններում ավելի շատ ձայն է ստացել նրա ներկայացրած ուժը, այլ ոչ թե Փաշինյանի ՔՊ-ն:

Այսինքն, Փաշինյանը, խորապես թքած ունենալով քաղաքացիների կամարտահայտության վրա, չարաշահելով իր զբաղեցրած պաշտոնն ու իր ձեռքի տակ գտնվող ոստիկանական, քննչական, դատախազական, մի խոսքով՝ «պատժիչ օրգանները», ուղղակիորեն «հեչ է անում» քվեարկության արդյունքները ու «տեղերում» պաշտոնների դնում «իր մարդկանց»: Դա եղավ նաև Ալավերդիում: Մինչ այդ եղել էր մի շարք այլ համայնքներում: Ոստիկաններ ներկայացողների պահվածքին ընդհանրապես ցանկություն չկա անդրադառնալու: Նրանք ընդամենը սպասարկում են ՔՊ-ի նեղ կուսակցական շահերը: Ինչ վերաբերում է քպական պատգամավոր Արեն Մկրտչյանի փողոցային պահվածքին ու վարքին, որ արձանագրվեց Ալավերդու քաղաքապետարանում, ապա այստեղ զարմանալու բան չկա, ընդհակառակը, խիստ զարմանալի կլիներ, եթե ՔՊ-ի անունից ներկայացողը չդրսևորվեր որպես այդպիսին: Հիմնականը. ՏԻ մարմինները համարվում են ժողովրդավարական կառավարման առաջնային օղակը: Դեկտեմբերի 5-ին վերջնականապես արձանագրվեց Հայաստանում ՏԻՄ-երի պաշտոնական լուծարումը:

Ավելին, այլևս անիմաստ է ու անհեթեթ, որ Հայաստանում անցկացվեն ՏԻՄ ընտրություններ, մի հատ էլ դրա վրա գումարներ ծախսվեն: Ո՞րն է դրա իմաստը, եթե բոլոր այն տեղերում, որտեղ Փաշինյանը խայտառակ պարտություն է կրում, հետո պետք է ոստիկանական «լեգեոնները» վրա տան, հոշոտեն ընտրողներին ու «աթոռին նստեցնեն» որևէ քպականի, կարևոր չէ, թե՝ ում: Երևի պետք է գոհ լինել, որ ոստիկանները ֆրանսիական «բաստիոններով» չեն տրորել ՔՊ-ի դեմ հանդես եկողներին: Այ, որ դա էլ անեին, լրիվ ժողովրդավարության «բաստիոն» կլիներ:

Հ.Գ.-Ինչպես երևում է, վերը նշված «վերջնականապես» բառը տեղին չէր, ոնց որ դեռ ամբողջական զավթման բաներ կան: Նյութը պատրաստ էր տպագրության, երբ հայտնի դարձավ, որ ՔՊ-ն միակողմանիորեն խզում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության միջև 2021 թ. ստորագրված Համագործակցության մասին հուշագիրը, որովհետև, ուշադրություն, «Գյումրին չի կառավարվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, և քաղաքում իրականացվում է ստվերային կառավարում, ինչը անարդյունավետ է դարձնում թե՛ Գյումրու քաղաքապետարանի գործունեությունը, թե՛ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչների աշխատանքը քաղաքապետարանի գործադիր օղակներում: Եթե «քպերենից» թարգմանենք, ապա, իմանալով ՔՊ-ի «բնույթը», շուտով բոլոլա կարելի է սպասել նաև Գյումրիում...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Թրամփը հաստատել է, որ Փի Դիդդին իրենից ներում է խնդրել Մակրոնն անկյուն է մղվել և կարող է լուծարել խորհրդարանը. New York Times Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը Հարավային Կովկասը կվերածի խաղաղության տարածքի. Ալիև Հասմիկ Խոջյանի և դստեր ճանապարհորդությունը Պրահա Շենգավիթի համայնքային ոստիկանները տղամարդուն բռնել են գողության պահին Հայտնի են ֆիզիկայի բնագավառում 2025 թ. Նոբելյան մրցանակի դափնեկիրները Ղազախստանը կավելացնի Ռուսաստանի միջոցով Գերմանիային տրվող նավթի մատակարարումները Բրիտանական մասեր են հայտնաբերվել Ուկրաինան ռմբակոծող ռուսական անօդաչուներում. Զելենսկի Որոշումը գրեթե ընդունված է․ Թրամփ Խոշոր վթար Վաղարշապատում. վիրավnր կա Ջերմաստիճանը կնվազի Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում Մերձավանի ծեծկռտուքով կա 5 ձերբակալված Չիկունգունյա տենդ, ի՞նչ է սա, որքա՞ն մարդ է վարակված Դե, մարդիկ այլ բանով են զբաղված. «Փաստ» «Վախեցողների» կենսաթոշակային պոպուլիզմը. «Փաստ» Ավելին, քան պարզապես «երկակի ստանդարտները». «Փաստ» «Այս իշխանության հակասոցիալական դեմքն ակներև է». «Փաստ» Որոշումը կայացրել էին ու ընկել կրակը. ինչո՞ւ է ստիպված հետքայլ անում իշխանությունը. «Փաստ» Հասարակությունը մերժում է Արևմուտքի մասին իշխանության «հեքիաթները». «Փաստ» Դաշինքո՞վ, թե միայնա՞կ. ի՞նչ աժիոտաժ է Մարուքյանի կուսակցությունում. «Փաստ» Գյումրու տոնը՝ քաղաքական բևեռացման ու սուր հակամարտության ֆոնին. «Փաստ» Արցախից տեղահանված 18-ամյա տղան հիվանդանոցում մաhшցել է Վեհափառն ընդունել է Հայ օգնության ֆոնդի տնօրենների խորհրդի անդամներին Բանակցություններից հետո Իսրայելը համաձայնվել է զորքերի դուրսբերմանը․ Թրամփ
Ամենաընթերցվածները