«Ո՛չ տղերքը կան, ո՛չ էլ մեր հողը». Անդրեյ Այվազյանը և նրա քեռին՝ Արցախը, զոհվել են հայրենի հողը պաշտպանելիս․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

44-օրյա պատերազմից հետո Հայաստանն ու Արցախն անվերջանալի պատերազմի միջով են անցնում: Պատերազմից հետո թվում էր, թե մի փոքր հանդարտվել է ամեն ինչ, բայց հետո 2022 թ.-ի սեպտեմբերյան ագրեսիան եղավ Հայաստանի սահմանին: Սակայն երբեք չէինք հավատա, որ 2023 թ.-ի սեպտեմբերի 19-ին փոխվելու է մեր պատմության ընթացքը: Անդրեյը մեկն էր արցախցի այն տղաներից, որոնք անմահացան Արցախում, որոնք մինչև կյանքի վերջին պահը պայքարեցին Արցախի լինելիության համար ու չտեսան ամենասարսափելին: Անդրեյ Այվազյանը ծնվել է Արցախի Մարտակերտի շրջանի Շահմասուր գյուղում: Նա տան հինգ երեխաներից մեկն է, ունի երեք քույր և մեկ եղբայր: Անդրեյի մասին զրուցել ենք կրտսեր եղբոր՝ Վիտյայի հետ: Զրույցն ավելի շուտ էինք նախանշել, սակայն այն ամեն անգամ հետաձգվում էր, ժամանակ էր պետք մտքերը կարգի բերելու, ինչ-որ տեղից ուժ գտնելու համար: Բայց Վիտյան անսահման շատ էր ուզում պատմել եղբոր ու նրա տեսակի մասին: Վիտյայի և Անդրեյի տարիքային տարբերությունը մեկ տարի է: Մեծն Անդրեյն է: Բայց Վիտյան ասում է՝ երբ գյուղում միասին շրջում էին, մարդիկ երբեմն շփոթում էին իրենց:

«Շատ աշխույժ էր: Անգամ, երբ գյուղի փողոցով անցնում էր կամ կանգնում զրուցելու, մարդիկ ուրախանում էին, գիտեին, որ հիմա մի կատակ կպատմի, մի բան կասի: Շատ աշխույժ, կենսուրախ ու կյանքով լեցուն էր եղբայրս: Ով իրեն ճանաչում է, նույնը կասի»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Վիտյան:

2015 թ.-ին Անդրեյը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության՝ Ջրական: 2016 թ.-ին մասնակցում է Ապրիլ յան քառօրյա պատերազմին: Զորացրվելուց հետո որպես պայմանագրային զինծառայող ծառայության է անցնում Հաթերքի զորամասում: Մի քանի տարի ծառայելուց հետո դուրս է գալիս պայմանագրային զինծառայությունից: Երբ սկսվում է 2020 թ.-ի 44-օրյա պատերազմը, Անդրեյը մեկնում է ռազմի դաշտ՝ իր տունն ու ընտանիքը պաշտպանելու: Իսկ պատերազմի ավարտից հետո նորից պայմանագրային ծառայության է անցնում, այս անգամ՝ Սրխավենդի զորամասում: Վիտյան ասում է՝ երկու-երեք օր էր մնացել, որ դիրքերից իջներ Անդրեյը, բայց պատերազմ սկսվեց. «Անդրեյն ու մեր քեռին ծառայության անցան Սրխավենդի զորամասում: Երկուսով նույն զորամասում էին ծառայում, նույն դիրքում էլ անմահացան: Ցանկանում էին իրար կողքի լինել, միասին ծառայել: Բայց լրիվ հակառակը տեղի ունեցավ: Իրար հետ անմահացան նույն դիրքում սեպտեմբերի 19-ին»:

Վիտյայի խոսքով, դիրքում եղել է 8 հոգի: «Սեպտեմբերի 19-ին, երբ սկսվեցին ռազմական գործողությունները, իրենց հետ այլևս կապ չկար, մյուս կողմից էլ՝ ամեն ինչ անում էինք, որ տան անդամներին ապահով տեղ տեղափոխենք: Ամեն ինչ իրար էր խառնվել: Երբ սկսվել են ռազմական գործողությունները, ութ տղաներից հինգը, այդ թվում՝ եղբայրս ու քեռիս, պայքարել են մինչև վերջ, մինչև վերջին փամփուշտը, մինչ ի մահ: Տղերքը «բոյ» են տվել: Երբ զինամթերքը վերջանում է, տղաները տեղավորվում են խրամատներում: Իսկ հետո արդեն գիտեք, թե ինչ է լինում: Ասում են, որ թշնամու մեկ տասնյակից ավելի զինվոր է մտնում իրենց խրամատ: Երբ եղբորս տեսա, նրա ամբողջ մարմնի վրա փամփուշտի հետքեր էին»: Վիտյան հիմա հաճախ է հիշում՝ եղբայրը միշտ ասում էր, որ եթե պատերազմ սկսվի, դիրքից դուրս չեն գալու, կռվելու են մինչև վերջ: Իսկ հիմա Անդրեյն ու քեռին՝ Արցախը, Եռաբլուրում են, իրար կողքի:

«Շատ դժվար օրեր էին, բոլորին իրար էի խառնել՝ Կարմիր խաչ, կառավարություն, մարդու իրավունքների պաշտպան, որ նրանց տեղափոխենք Հայաստան: Որևէ մեկը ոչինչ չէր կարողանում անել, ի վերջո, Կարմիր խաչի օգնությամբ տղաներին բերեցինք Եռաբլուր»: Վիտյան ասում է՝ ով ճանաչում էր Անդրեյին, նրա մահն իր սեփական վիշտն էր համարում, իր կորուստը: Հիմա Վիտյայի համար կարևոր է, որ մարդիկ հիշեն բոլոր այն տղաներին, որոնք հանուն հայրենիքի իրենց կյանքն են զոհել և դա գիտակցաբար են արել, գնացել են իմացյալ մահվան: Անդրեյի ընտանիքը հաստատվել է Հայաստանում: Եղբայրն ասում է՝ Հայաստանում են և չեն մտածում այլ տեղ գնալու մասին, քանի որ «տղերքն այստեղ են»:

«Ես այստեղից ուրիշ գնալու տեղ չունեմ: Հիմա ծանր օրեր են տարբեր առումներով, բայց ամենամեծ ցավը տղերքի չլինելն է: Ո՛չ տղերքը կան, ո՛չ էլ մեր հողը: Հիմա ինձ ապրելու ուժ տալիս է եղբայրս, քեռիս, ընտանիքս: Իմ եղբայրն է ինձ ամեն առավոտ ուժ տալիս, որ վեր կենամ անկողնուցս և այդ օրն էլ ապրեմ: Հույս ունեմ, որ մի օր վերադառնալու եմ տուն, իմ հայրենիք: Հայաստանն էլ է իմ հայրենիքը, ես երբեք հակառակը չեմ ասել ու չեմ ասի, երբեք, բայց քո տունն ու անկյունն այլ է: Հիմա իմ ցանկությունն ու նպատակն է, որ մեր տղաներին ճանաչեն, ճանաչեն բոլոր նրանց, ովքեր մինչև վերջին շունչը պայքարեցին հանուն հայրենիքի, ի՞նչ իմանային, որ վերջն այսպիսին է լինելու: Իրենք պայքարում էին իրենց ընտանիքների համար, տղերքն իրենց ընտանիքներին ասում էին, որ իրենք գնալու տեղ չունեն, Արցախում են մնալու, Արցախում են իրենց կյանքը շարունակելու»: Տղաների մասին նյութերի վերջին պարբերությունը պարգևատրումներինն է, բայց այս դեպքում, երբ հարցնում եմ մեդալների մասին, ինքս ինձ սաստում եմ՝ ախր, ի՞նչ մեդալ, ո՞վ պիտի տար այդ մեդալը: Արցախի «լուծարված» համարվող Հանրապետությո՞ւնը, Հայաստանի Հանրապետությո՞ւնը: Թող որ լիներ այն հողը, որի համար անմահացան տղաները, ու ոչ ոք մեդալ չստանար:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

 
դիտվել է 10 անգամ
Լրահոս
Կրթական և գիտական համակարգերը՝ անդունդի եզրին. «Փաստ» «Այս իշխանությունը Հայաստանի սուվերենությունը հասցրել է «պլինտուսից» ցածր մակարդակի, որևէ մեկը նրան լուրջ չի ընդունում». «Փաստ» Դոն Պիպոն Մոսկվայում ցուցահանդես է բացել. «Փաստ» Իրականում ի՞նչ են շնչում և արտաշնչում թշնամի երկրները մեր դեմ. «Փաստ» Ի՞նչն է այդպես մնացել իշխանությունների կոկորդին. «Փաստ» Մարզպետը մտավախություն ունի, որ իրեն էլ են «հասնելու». «Փաստ» Ի՞նչ է փնտրում ՊԵԿ-ը «Տոյոտա Երևանում». «Փաստ» Է՞լ ովքեր են «հերթում». «Փաստ» «Факт»: Решение Трибунала национальной гордости – лакмусовая бумага Ազգային հպարտության տրիբունալի որոշումը` լակմուսի թուղթ. «Փաստ» Ռուսաստանաբնակ էլիտայի ներկայացուցիչների հետ կապված երկու արարողություն «Դվինում». «Փաստ» Ակնկալում եմ Երևանի և Մոսկվայի միջև շահերը հաշվի առնելու վրա հիմնված բազմաշերտ երկխոսության զարգացում. Փաշինյանը շնորհավորել է Պուտինին Եթե ​​դադարենք աջակցել Ուկրաինային, պատերազմը 15 օրից կավարտվի. Բորել Մանկապարտեզների սննդի հետ խնդիր է առաջացել, պետք է ավելի խստացնել հսկողությունը. Ավինյան Երեկ մահացած զինծառայողը 21 տարեկան էր, Սյունիքի մարզի Ագարակ համայնքից «Աննկարագրելի մարդ, կին ու մամա». Սիրուշոյի շնորհավորանքը՝ Սյուզան Մարգարյանի ծննդյան տարեդարձին ԱՄՆ-ն 2023-ի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելին ռեկորդային 17,9 մլրդ դոլարի ռազմակшն օգնություն է տրամադրել. հետազոտություն Ռոնալդուն նոր ռեկորդ է սահմանել. Մեսսին երկրորդ տեղում է Ադրբեջանում զինվորի մարմին է հայտնաբերվել Եթե ԱՄՆ-ը վերսկսի միջուկային փորձարկումները, ՌԴ-ն անմիջապես հայելային պատասխան կտա. ՌԴ փոխարտգործնախարար Հայաստան-Իրան սահմանի մոտակայքում շուրջ 12 կգ թմրամիջոց է հայտնաբերվել Նոր մանրամասներ երեխաների առևանգման փորձի մասին. առաջարկել է օգնել` թափել աղբը (տեսանյութ) Առևտրային պատերա՞զմ. ԵՄ-ն պատժիչ մաքսատուրքեր է սահմանել Չինաստանից ներկրվող էլեկտրական մեքենաների համար Մարտիրոս Սարյան փողոցի գլխավոր աստիճանների վրա կարտացոլվի «Հայաստան» նկարը Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Ամենաընթերցվածները