«Պարտված լիդերին ոչ ոք բանի տեղ չի դնում. նա պետք է ընդամենը գլուխը կախ կատարի այն, ինչ իրեն պարտադրում են». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն օրերս հայտարարեց, թե Հայաստանի ղեկավարությունը գիտակցված որոշում է կայացրել ու Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման ուղին է ընտրել, նշեց նաև, որ սպասում են ՀԱՊԿ-ի մասով Հայաստանի վերջնական որոշմանը: Լավրովը նաև անդրադարձել է 44օրյա պատերազմի հետ կապված Ռուսաստանին ուղղված մեղադրանքներին, դրանք անհիմն որակել և ընդգծել՝ Ռուսաստանը կարող էր պատերազմն ավելի շուտ կանգնեցնել, նման առաջարկ է արվել Նիկոլ Փաշինյանին, որը նա մերժել է: Տարօրինակ չի լինի, եթե նման սուր հայտարարություններին նաև հստակ գործողություններ հաջորդեն: Հայաստանի իշխանությունը գիտակցո՞ւմ է, թե հակառուսական նման հայտարարությունների և գործողությունների պատճառով երկու բաց պետական սահման ունեցող Հայաստանի Հանրապետությունն ինչ ճգնաժամի մեջ կարող է հայտնվել: Քաղաքագետ Գագիկ Համբարյանն ասում է՝ ամենազավեշտալին այն է, որ մտածում ենք՝ եթե ՀԱՊԿ-ից դուրս գանք, մեզ թույլ են տալու մնալ ԵԱՏՄ-ում:

«Մարդը որքան պրիմիտիվ կարող է լինել և մտածել, որ կապիտուլացված, թուրքերի կողմից նվաստացված Հայաստանին, ասենք, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը պետք է թույլ տան, որ մնա ԵԱՏՄ-ում: Եթե Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս եկավ, ԵԱՏՄ-ից մեզ դուրս կանեն: Եթե Նիկոլը որոշել է ՀԱՊԿ-ից դուրս գալ, բա ո՞վ է մտածելու միայն Ռուսաստանում բնակվող 3,5 միլիոն հայերի մասին: Էլ չասենք, որ բավականին մեծ հայկական համայնք կա Բելառուսում, մեծ թվով հայեր կան Ղազախստանում: Համոզված եմ, որ ՌԴ-ն անպայման կդիմի իր գործընկերներին Բելառուսում և Ղազախստանում, որ նրանք ևս հայերի համար խնդիրներ ստեղծեն: Բայց մի կողմ թողնենք Բելառուսում և Ղազախստանում ապրող հայերին: Նիկոլ Փաշինյանն ի՞նչ է մտածում՝ Պուտինը 3,5 միլիոն հայերի հետ ի՞նչ կանի: Նիկոլը չի՞ տեսել 2008 թ.-ի օգոստոսի 8-ի վրաց-ռուսական կարճատև պատերազմի հետևանքները Ռուսաստանում բնակվող վրացական համայնքի համար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Համբարյանը

Նրա խոսքով, այսպիսի քայլեր ձեռնարկող Հայաստանը, որը փորձում է կտրուկ փոխել իր արտաքին քաղաքական վեկտորը, հիանալի հասկանալով, որ այդ պարագայում փոխվելու է նաև արտաքին առևտրային և տնտեսական վեկտորը, պետք է պատրաստվեր, թե ինչ կլինի դրանից հետո: «Պետք է հասկանային, թե այդ 3,5 միլիոն հայից քանի՞սը կվերադառնան: Հայաստանի գործող իշխանությունները պետք է շատ լավ հասկանան, որ այդ հայերը, որոնք վերջին 10-15 տարվա ընթացքում ստացել են Ռուսաստանի քաղաքացիություն, ևս վտանգի տակ են: Ռուսները ռուս-վրացական կարճատև պատերազմից հետո տասը տարվա կտրվածքով Ռուսաստանի քաղաքացիություն ստացած վրացիներին ուղղակիորեն դուրս շպրտեցին այնտեղից: Էլ չեմ ասում, որ ռուսաստանաբնակ վրացի դոլարային միլիարդատերեր զրկվեցին իրենց ունեցվածքից:

Եթե 3,5 միլիոն հայից թեկուզ կես միլիոնին արտաքսեն Ռուսաստանից Հայաստան, մեր երկրում սոցիալական պայթյուն կլինի: Պատկերացնո՞ւմ եք՝ եթե Ռուսաստանը մեկ շաբաթով արգելափակի տրանսֆերտները դեպի Հայաստան: Տրանսֆերտների 95 տոկոսը Հայաստան Ռուսաստանից է գալիս: Նիկոլ Փաշինյանը ծաղրում է Ռուսաստանին, հանդես է գալիս հակառուսական հռետորաբանությամբ, փորձում գոհացնել Արևմուտքին, նույն բառապաշարով մեղադրում է Ռուսաստանին, բայց նա հասկանո՞ւմ է, որ Հայաստանը Մերձբալթյան երկրներից մեկը չի, որը շրջապատված է քաղաքակիրթ եվրոպական պետություններով և ունի ելք դեպի ծով: Հայաստանը շրջապատված է երկու թշնամական պետության կողմից, որոնք պահի են սպասում, որ ընդհանրապես ոչնչացնեն հայերին այս 30 հազար քառակուսի կիլոմետր տարածքում»,-նշում է մեր զրուցակիցը:

Նրա դիտարկմամբ, Լավրովի հայտարարությունը սպառնալիք էր: «Նա պարզ հասկացրեց՝ եթե որևէ մեկը մտածում է, որ Հայաստանը դառնալու է Արևմուտքի պլացդարմ Ռուսաստանի դեմ, ապա իրենք կնախընտրեն, որ Հայաստանը դառնա թուրքական տարածք, Թուրքիայից էլ կկորզեն չեզոքություն՝ ապագայում ռուս-եվրոպական ավելի գլոբալ հակամարտության պարագայում, քան թույլ կտան, որ Հայաստանը դառնա գլխացավանք իրենց համար: Չի բացառվում, որ այս տեսակետին հակվի նաև հարևան Իրանը: Նա պարզ հասկացրել է, որ իր համար անընդունելի է ֆրանսիացիների, բրիտանացիների, ամերիկացիների ներկայությունն իր հյուսիս-արևմտյան սահմանին և մի տարածաշրջանի կողքին, որը պայթյունավտանգ է էթնիկ առումով: Հյուսիս-արևմտյան Իրանը կոմպակտ բնակեցված է ադրբեջանցիներով, և Արևմուտքը երբևիցե չի թաքցրել, որ ադրբեջանցիներին ժամանակին կօգտագործի Իրանի դեմ՝ որպես հինգերորդ շարասյուն Իրանը ներսից պայթեցնելու, քանդելու համար: Այս իրավիճակում Նիկոլի հիստերիկ դրսևորումները զարմանք են առաջացնում:

Նիկոլի իշխանությունը մի քանի անգամ փրկվել է ռուսների կողմից, ինչը փաստագրված է: 44-օրյա պատերազմից հետո Նիկոլի իշխանությունը փրկել է անձամբ Պուտինը: 2020 թ.-ի նոյեմբերի 17-ին ռուսական РТР հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ Նիկոլն, իր կարծիքով, դավաճան չէ: Սա ցնծություն առաջացրեց Նիկոլի թիմակիցների և նիկոլականների մոտ: Նիկոլի իշխանության փրկության վերաբերյալ հայտարարություններ են արել նաև պրոկրեմլյան գործիչներ, ինչպես, օրինակ՝ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը, որը պարզ բացահայտեց՝ 2021 թ.-ի փետրվարին Հայաստանի բանակի գլխավոր շտաբի ըմբոստացումը Նիկոլի դեմ կանխվել է ռուսների կողմից, Կոնստանտին Զատուլինն էլ հեռավար կարգով իր հարցազրույցներից մեկում Sputnik Armenia-ի տաղավարում ասաց, որ ռուսները մի քանի անգամ փրկել են Նիկոլի իշխանությունը: Հիմա ինձ մոտ արդեն շատ խիստ կասկածներ են առաջանում, որ Նիկոլը դիտավորյալ իր քայլերով շատ թուլացնում է Հայաստանի Հանրապետությունը, որպեսզի վերջում Ռուսաստանը, որը մի քանի անգամ փրկել է իր իշխանությունը, շատ հեշտությամբ կլանի Հայաստանի Հանրապետությունը: Կամ՝ Նիկոլ Փաշինյանը տարրական անգրագետ, արկածախնդիր է, որն այսպիսի քայլերով, իրոք, հակառուսական տրամադրություններ ունենալով, ուղղակի տանում է մեզ կործանման՝ թույլ տալով, որ այս պարագայում Ռուսաստանը սկուտեղի վրա մեզ ծախի թուրքերին»,-ընդգծում է քաղաքագետը:

 

Ամենուր քննարկումներ ու բանակցություններ են մեր տարածաշրջանում իրավիճակի հետ կապված: Տպավորություն է, թե բոլորը մեզ են քննարկում, իսկ Հայաստանը մի անկյունում կանգնած հետևում է և ուղղակի պարբերաբար ասում, որ կկնքի «Խաղաղության պայմանագիր»: Դիտորդի կարգավիճակո՞ւմ ենք հայտնվել: «Դա այդպես էլ պետք է լիներ: Եթե հայաստանյան հասարակությունը մտածում էր, որ իր զարհուրելի ու զավեշտալի քայլով աշխարհին պետք է ինչ-որ բան պարտադրի, չարաչար սխալվում էր: Աշխարհը դեռ չէր տեսել մեկ դեպք, երբ պարտված լիդերը, որը տանում էր սեփական ժողովրդին սպանդի և տանում է խայտառակ պարտության, պատերազմից ամիսներ անց վերընտրվում է: Մենք արեցինք դա, իսկ հիմա պետք է ամբողջությամբ «ըմբոշխնենք» մեր արածի հետևանքները: Պարտված երկրին ոչ ոք չի հարգում, պարտված լիդերին ոչ ոք բանի տեղ չի դնում, պարտված լիդերը պետք է ընդամենը գլուխը կախ կատարի այն, ինչ իրեն պարտադրում են հաղթածները և աշխարհի գերտերությունները, որոնք մեր պարագայում ունեն շահեր:

2020 թ.-ի նոյեմբերի 9-ից հետո ոչ թե բանակցային սեղանի շուրջ ենք, այլ բանակցային սեղանի վրա ենք: Հայ ժողովուրդը, Նիկոլ ընտրելով, մտածում էր, որ դա մեր ընտրությունն է, Նիկոլն ունի պողպատե մանդատ: Այդ մարդիկ չարաչար սխալվում են, դա իրենց խայտառակությունն է: Նիկոլը իր ներսի պողպատե մանդատով դրսում արհամարհված լիդեր է, որի պողպատե մանդատը դրսում դառնում է ընդամենը թղթե շերեփ: Ամեն քայլափոխի թութակի նման անընդհատ կրկնել «Խաղաղության պայմանագիր» կնքելու մասին՝ ուղղակի նվաստացուցիչ է: Մի քանի օր առաջ Անթալիայի դիվանագիտական ֆորումում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն Արարատ Միրզոևին ընդհատեց նույն նախադասությունն ասելուց և նշեց, որ խաղաղություն կնքելը պանացեա չէ, այսինքն՝ երաշխիք չէ ձեզ համար, որ խաղաղություն լինելու է: Ադրբեջանը քանի՞ անգամ պետք է կրկնի Հայաստանի գործող իշխանությունների և հատկապես հայաստանյան հասարակության համար՝ որքան ուզում եք խաղաղություն մուրացեք, խաղաղություն չեք ստանալու, պետք է անեք այն ամենը, ինչը ձեզ պարտադրում ենք: Ի դեպ, այս նախադասությունը գրեթե նույն բովանդակությամբ օրեր առաջ հայտարարեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Հայաստանը պետք է անի այն ամենը, ինչ ասում ենք: Եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի նույն տեմպերով, նույն բովանդակությամբ, Հայաստանից ոչինչ չի մնալու»,-եզրափակում է Գագիկ Համբարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Արևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ» Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ» «Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ» Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ» Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ» Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ» Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ» Ներկայում Խարկովը վերցնելու ծրագիր չկա. Պուտին ՊՆ-ն հայտարարություն է տարածել Տարադրամի փոխարժեքները մայիսի 17-ին Մայիսի 17-ի աստղագուշակ Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղացել «Գործակալների» օրենքն ու դրա աշխարհաքաղաքական ենթատեքստը. «Փաստ» Ազգ-բանակ, ազգ-ամրոց, ազգ-տաճար. ինչո՞ւ է անհրաժեշտ իրական կյանքում ապահովել այս շղթան. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը, այո, պետք է հեռանա. նա ամեն ինչ անում է Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես կործանելու համար». «Փաստ» Փաշինյանի հեռացումից հետո ով էլ գա իշխանության, ծանրագույն բեռի տակ է մտնելու. «Փաստ» Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ» Ի՞նչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին. «Փաստ» Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ» Այսօր առանցքային օր է, սպասում ենք տեղեկությունների․ Բագրատ Սրբազան Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, ապա նույնքան կնվազի Երազելը իզուր ա. Իրինա Այվազյանը հուզիչ հրապարակում է արել. բացառիկ Մանչեսթեր Սիթին կարող է ԱՊԼ-ում անընդմեջ չեմպիոնությունների քանակով ռեկորդ սահմանել Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Ամենաընթերցվածները