Այս պահի խնդիրը՝ այս պահին, իսկ հետոն... հետո կերևա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը «հեռավորության վրա», բայց կիսաթաքույց համակրանքով հետևող հայրենակիցներից ու ոչ միայն նրանցից հաճախ կարելի է լսել այս կարգի հարցեր՝ «լավ, Նիկոլին հեռացրեցինք, բա ո՞վ է լինելու հետո... իսկ կարո՞ղ է, հանկարծ, նախկինները... կարո՞ղ է այսպես... կարո՞ղ է այնպես...»: Նման դեպքերի համար մի լավ խոսք ուներ լուսահոգի հորեղբայրս, ասում էր. - «Կարող ա»-ն ցանել են, չի աճել: Ինչ վերաբերում է վերը նշված հարցերին, ապա դրանք փաշինյանական ագրեսիվ ու մանիպուլյատիվ քարոզչության ֆանտոմային արձագանքներ են: Այն առումով «ֆանտոմային», որ այդ հարցերը երկրորդողները չեն կարծում, թե իրենք Փաշինյանի ջրաղացին են ջուր լցնում, հակառակը, որ հարցնես, կասեն՝ իրենք էլ են Փաշինյանին դեմ, բայց էլի՝ «կարո՞ղ ա...»:

Հատկանշական պահ է այն մոլորեցնող նրբերանգը, որ այդպես արտահայտվողները գրեթե զրոյական ուշադրություն են դարձնում այն իրողությանը, որ մինչ իրենք նման խորիմաստ հարցեր են քննարկում, Փաշինյանը շարունակում է պաշտոնավարել, իսկ դա նշանակում է, որ Հայաստանը շարունակում է փոքրանալ, շարունակում է կորցնել տարածքներ, ճանապարհներ, ամենակարևորը՝ կորցնել ապագան, հեռանկարը, հնարավորությունները: Ավելին, նման հարցեր շրջանառողները երբեմն այնպես են խոսում օրվա իշխանության մասին, որ կարելի է կարծել, թե նրանց արդեն վաղուց հեռացրել են պետության ղեկից, իսկ հիմա էլ ծանրութեթև են անում իշխանությունն ում վստահելու հարցը: Կեղծ ու մանիպուլ յատիվ են նաև այն ոլորուն խոսակցությունները, որ եթե մարդիկ տեսնեն կամ որոշեն, թե ով է լինելու հետո, Փաշինյանին արագորեն կհեռացնեն իշխանությունից, կամ ոտքի կելնեն, որպեսզի հեռացնեն:

Չեն ելնի: Որովհետև ցանկացած «ով է լինելու»-ի դեպքում անխուսափելիորեն գտնվելու են պրոֆեսիոնալ չմահավաններ, իբր գերմտահոգ սրտացավներ, հավկիթի մեջ վարս որոնողներ ու նմանօրինակ կերպարներ, որոնք էլի իրենց բազմախոսությամբ «ջրելու» են հիմնականը՝ հավերժական «կարո՞ղ ա»-ներով: Իսկ կարո՞ղ է մի հատ վերհիշենք, թե, առհասարակ, ինչի՛ է այս ամենը, կամ՝ ինչի համար ենք հավաքվել, ինչպես ասվում է: Հիմնական հարցը մեկն է՝ իշխանությունից հեռացնել Նիկոլ Փաշինյանին ու այդպիսով նախ և առաջ կասեցնել Հայաստանի կործանումային անկման այս ընթացքը: Առանց այս առանցքային հարցը լուծելու, ըստ էության, որևէ իմաստ չունի «բա հետո»-ի մասին ինչինչ դատողություններ անել: Ասել ենք, կրկնենք. վագրի մորթին կիսելը գայթակղիչ զբաղմունք է, բայց առաջինը պետք է որսալ այդ վագրին՝ պատկերավոր ասած:

Կամ, եթե ավելի պարզ արտահայտվենք, պետք չէ ձուկը՝ ջրում, առևտուր անել, առավել ևս, չարժե ջուրը չտեսած՝ բոբիկանալ: Առավել ևս, որ, ինչպես ոչ մեկ անգամ առիթ ունեցել ենք նշելու, Նիկոլից հետո Հայաստանում իշխանության գալը յուրատեսակ կամիկաձեություն է: Հստակ հայտարարվել է, որ շարժման առաջադրած նպատակին հասնելուց, այն է՝ Փաշինյանին իշխանությունից հեռացնելուց հետո, ձևավորվելու է անցումային կառավարություն: Դա, կարծում ենք, առավել քան բավարար ու հստակ նախանշում է: Ճիշտ է, այստեղ էլ նորից խոսակցություններ են ծայր առնում, թե բա՝ այսինչ նախարարը ով կլինի, այնինչ նախարարը ով կլինի... Բայց սա ևս անլուրջ խոսակցություն է: Նախ՝ ինչպես ասվում է՝ առվի վրայով ցատկիր: Եվ հետո, հիմիկվանից անուններ հնչեցնելն ամենասխալ բանն է, որ կարելի է անել:

Այդ մարդիկ ուղղակի կհայտնվեն շուրջօրյա թիրախավորման ներքո: Ու ընդհանրապես, բոլոր այն հարցադրումները, որոնք հանրությանը, ակտիվներին, հետաքրքրվողներին շեղում են գլխավոր հարցից ու անելիքից, մեծ հաշվով՝ ընդամենը օգնում են Նիկոլ Փաշինյանին ու նրա խմբակին, որպեսզի շարունակեն պահպանել իշխանությունն ու Հայաստանի կոտորակումը: Ժողովուրդը հավաքվել է ու էլի կհավաքվի: Ուղղակի պետք է կենտրոնանալ այս պահին դրված նպատակի համար: Այլապես «նախկին-չնախկին», «բա հետո, բա 3 տարի անց» ու նման խոսակցությունները շարունակ հեռու կտանեն ու կհեռացնեն գլխավորից: Մյուս կողմից՝ նման խոսակցությունները, կարծես, տեղ են թողնում նաև օրվա իշխանություններին՝ տարատեսակ ու նոր մանիպուլ յացիաների դիմելու համար:

Ամենից վատը, նրանց թույլ են տալիս մտածել, թե իրենք դեռ խոսելու տեղ ունեն: Միգուցե արժե՞ թեթևակի հիշեցնել, թե ինչեր են արել Նիկոլ Փաշինյանն ու իր ՔՊ-ն: Բանակցային գործընթացի տապալում, պատերազմական գործողությունների դիմելու համար թշնամուն որոշակի հիմքերի ապահովում («Արցախը Հայաստան է ու վերջ»), պատերազմի ընթացքում բազմաթիվ անընկալելի ու անտրամաբանական որոշումներ, որոնք հանգեցրեցին աղետալի պարտության՝ մարդկային ու տարածքային ահռելի կորուստների, կապիտուլ յացիա, թշնամուն շարունակական զիջումներ, նորանոր ռազմական բախումներ ու նորանոր կորուստներ, Արցախի ուրացում և հաջորդող կորուստ և հայաթափում: Հիշեցնե՞նք, որ 2021-ին ինքնավերարտադրվել էին Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման ու Արցախի անվտանգության երաշխավոր լինելու պարտավորություններով և 1 տարի անց ուրացել, ժխտել այդ ամենը՝ թշնամու հետ գալով խայտառակ ու կործանարար համաձայնության:

Ու դա էլ վերջը չէ: Այս ամենի հետ նորից հիշեցնենք Փաշինյանի մոլորեցնող, եթե չասվի՝ ստախոսական թեզերը, որոնց մի զգալի մասին անդրադարձել ենք: Չզլանանք ու մի քանիսը հիշեցնենք: Օրինակ՝ այն, որ եթե Արցախը չտա, պատերազմ կլինի, տվեց: Հետո եկավ՝ Կիրանցը որ չտանք, պատերազմ կլինի: Գործնականում տվեց: Հիմա Ալիևն ասում է՝ Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխեք, թե չէ՝ ոչ մի խաղաղություն-մաղաղություն: Վաղը կասի... Ու Փաշինյանը կանի՝ հերթական սուտ, մանիպուլ յացիա հորինելով: Նման իրավիճակում «հետո»-ի մասին մտածելու բան չկա: Ցանկացած օրինակ է կաղում, բայց, գիտե՞ք, երբ մարդը նետվում է կրակի միջից մեկ ուրիշ մարդու հանելու, փրկելու, նա այդ պահին հաստատ չի նստում-մտածում այն մասին, թե հետո ով է բուժելու այրվածքներ ստացածին, ո՞ր բժիշկն է զբաղվելու կամ ի՞նչ դեղեր է նշանակելու: Առաջինը այրվողին հրդեհից փրկելն է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Իշխանափոխությունն այսօրվա Հայաստանում անխուսափելի է. «Փաստ» Մարդկության երրորդ առաքելության գաղափարը շատերին է հրապուրել, սակայն մարդիկ դեռևս չգիտեն դրա կյանքի կոչման ուղիները. «Փաստ» Ինչո՞ւ է Փաշինյանը «տառապում» Ադրբեջանի համար. «Փաստ» «Այստեղ կա որոշակի փիլիսոփայական հենք, ինչպես նաև քաղաքակրթական առաջարկ». «Փաստ» Իշխանությունների պաղեստինյան «ցատկի» խորությունը. «Փաստ» Շարժումը ոչ միայն զտվող-զուլալվող է, այլև քաղաքական լյուստրացիայի հիանալի առիթ. «Փաստ» Հայաստանի դրոշը տիեզերքում հայտնվել էր դեռ 6 տարի առաջ. «Փաստ» Այս պահին գործ ունենք դինամիկայի որոշակի փոփոխության հետ. «Փաստ» Ահռելի «ջրաղացը» հանձնել են թշնամուն, «չախչախ» են խաղացնում. «Փաստ» Կյանքից հեռացել է Պելեի մայրը. նա այդպես էլ չիմացավ Պելեի՝ կյանքից հեռանալու մասին ՀԱՊԿ-ը կօգնի, եթե Ռուսաստանը Դաղստանի ահաբեկչություններից հետո օգնություն խնդրի. գլխավոր քարտուղար ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Կադիրովի մոր նկատմամբ ՀՀ ԿԲ-ը UBPAY հայաստանյան և KWIKPAY արտասահմանյան համակարգերի համագործակցության թույլտվություն է տրամադրել Խաղաղ օվկիանոսի ափին երկրաշարժ է տեղի ունեցել «Համահայկական ճակատը» պայքարելու է հայոց պետականության ամրապնդման համար Բացահայտվել է հանցագործության 183 դեպք Ալիևը ցավակցել է Պուտինին Պլանային ջրանջատում Արմավիրի մարզում Մուսուլմանների՝ դեպի Մեքքա այս տարվա ուխտագնացության ժամանակ զոհվածների թիվը հասել է 1,301-ի Տեղի է ունեցել «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարը Ի՞նչ մար­դու իրա­վունք­ներ, ի՞նչ մի­ջազ­գա­յին իրա­վունք. Ադր­բե­ջա­նը ճա­նա­պարհ է հար­թում նոր ագ­րե­սի­ա­յի հա­մար, իսկ մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը լռում է. «Փաստ» Արև­մուտ­քի տրանս­ֆոր­մա­ցի­ոն փու­լի եզ­րագ­ծե­րը. «Փաստ» «Դիվերսիֆիկացման լոզունգների ներքո իրականացվում է քաղաքականություն, որը կարող է մեզ տանել թուրք-ադրբեջանական տանդեմից կախվածության». «Փաստ» Իրավաքաղաքական խտրականությունը երբեք ոչ մեկին լավ տեղ չի տարել ու չի տանելու. «Փաստ» Իսկ հայ գերիների ու պատանդների վերադարձ չեք ուզո՞ւմ պահանջել. «Փաստ»
Ամենաընթերցվածները