Իշխանափոխությունն այսօրվա Հայաստանում անխուսափելի է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցը բավարար չափով չդարձավ հասարակական քննարկման առարկա, որովհետև ստվերվեց արհեստականորեն առաջ բերված «Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» խորհրդարանական լսումներ անցկացնելու թեմայով։ Մտածելու տեղիք է տալիս այդ անիմաստ լսումների ընթացքում Ազգային ժողովի պատկառելի ամբիոնը ԵՄ դրոշով զարդարելուց հետո նրա վրա հնամաշ կրկնակոշիկ դնելու հանգամանքը։ Զավեշտալի էր, որ դահլիճը բուռն ողջունեց այդ «խորիմաստ» քայլը։ Ինչպես կասեր լուսահոգի երգիծաբան Արամայիս Սահակյանը, անարգվեց դրոշը, ուրախացավ կալոշը։

Արդյո՞ք ԵՄ անդամ պետությունների քաղաքացիների համար նույնքան զվարճալի կլիներ տեսնել իրենց դրոշի վրա դրված ցեխոտ կրկնակոշիկը, որը հետո վերցրեցին, բայց դրոշն արդեն անարգված էր։ Թերևս հրավիրված քննարկման դրական կողմերից էր այն փաստը, որ հայ հասարակության համար բացահայտվեց լսումները նախաձեռնողների հոգևոր-բարոյական ու մտավոր կարողությունների մինուսային մակարդակը։ Այսօր, ունենալով քաղբանտարկյալներ ու ոչ ժողովրդամետ իշխանություններ, այդուհանդերձ նկատենք, որ ՀՀ պետական քաղաքականությունը առերևույթ ձգտում ունի ժողովրդավար պետություն լինելու, այլ բան է, որ այդ ճանապարհին նա ունի իր համար օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով ի հայտ եկած անհաղթահարելի արգելքներ։ ԵՄ անդամակցության հարցը քվեարկության դնելու խնդրում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, իմ դիտարկմամբ, ջայլամի կեցվածք է ընդունել, բայց, ընդհանուր առմամբ, նրանց կողմից, կարծես, սթափ գնահատականներ տրվում են, նրանք հասկանում են ներկա պահին նման գործընթացներ սկսելու վտանգավոր լինելը։

Ակնհայտ է, որ ՔՊԿ-ն արդեն գիտակցել է նաև, որ վատնել է ժողովրդի վստահությունը, և, որպես նախընտրական խոստումները մեծ մասամբ կամա թե ակամա դրժելու հետևանք, հարցականի տակ է դրված իր իշխանության լեգիտիմությունը, բայց հանգիստ է, որովհետև այժմ իր դեմ դուրս եկած հզոր ընդդիմադիր քաղաքական ուժ չի տեսնում։ Ամենայն հարգանքով Բագրատ Սրբազանի հանդեպ, հիմա այն, ինչ պետք է ասեմ, խնդրում եմ որպես հեգնանք կամ անհարգալից վերաբերմունք չընկալել։ «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման գործողությունները քաղաքական բնույթ չեն կրում։ Նկատենք, որ Բագրատ Սրբազանը տարբեր առիթներով ազնվաբար խոստովանել է, որ շարժումը ընդդիմադիր շարժում չէ, որ ինքը ընդդիմադիր գործիչ չէ, ինքն ընդհանրապես քաղաքական գործիչ չէ, ինքն իրավաբան չէ, տնտեսագետ չէ, դիվանագետ չէ, քաղաքական վերլուծաբան չէ...

Միևնույն ժամանակ, նա ասում է, որ շարժումը ազգային-ազատագրական է։ Կարծում եմ՝ շատերս ենք լսել սրբազան հորից նման հայտարարություններ, սակայն անորոշ է մնում մի հարց։ Եթե շարժումը ազգային-ազատագրական է, բայց ընդդիմադիր շարժում չէ, ուրեմն, ի՞նչ է ստացվում, «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը իշխանամետ ազգային-ազատագրական շարժո՞ւմ է։ Անտրամաբանական է։ Ազգային-ազատագրական կոչվող շարժման նպատակը ո՞րն է, ո՞ւմ և ինչի՞ դեմ է պայքարը, եթե այն ընդդիմադիր չէ։ Անշուշտ, Սրբազանն այս հարցադրումներին յուրովի պատասխանում է, և հասկանալի ու ողջունելի են Գերաշնորհ սրբազան հոր վեհագույն մտքերը՝ համեմված համաքրիստոնեական արժեքներով, բայց դրանցով ներքաղաքական ճգնաժամն ավելի է խորանում։ Քաղաքական շարժումներն ունենում են մեկ գերնպատակ՝ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, իսկ եթե շարժումը, թեկուզ ազգային-ազատագրական թող այն լինի, իշխանափոխությունը չի դիտարկում որպես շարժման առաջնահերթ ու հենակետային նպատակ, ապա արդյո՞ք այդ շարժումը քաղաքական է։

Եթե Բագրատ Սրբազանը մտադիր չէ այլևս վերադառնալ Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմ, իր համար ավելի հաճելի է կամ ավելի նպատակահարմար է Երևանում շփվել երիտասարդների հետ, քարոզել նրանց, դաստիարակել ազգային արժեքներով, ինչը, բնականաբար, շատ ողջունելի ու գնահատելի է, ապա միգուցե իմաստ ունի՞ շարժումը գրանցել որպես «Տավուշը՝ հանուն Հայրենիքի», կամ մեկ այլ անվամբ՝ օրինակ՝ «Քրիստոս Սեր է» անվամբ քրիստոնեական-հասարակական կազմակերպություն։ Այդ դեպքում կազմակերպությունը ամբողջությամբ կտեղավորվեր իր առաջնորդի քարոզների ու թեզերի տրամաբանության մեջ, ու կարծում եմ՝ հետևորդների պակաս էլ չէր լինի։ Ժողովուրդը մայիսի 9-ին իշխանությունների նկատմամբ ունեցած իր դիրքորոշումն արդեն հայտնել է, իշխանություններն էլ հունիսի 12-ին ցույց են տվել այն «սերը», որը տածում են իրենց իշխանության բերած ժողովրդի հանդեպ։

Հետևաբար, մի բան այլևս պարզ է, որ իշխանափոխությունն այսօրվա Հայաստանում անխուսափելի է, և այն կարող է տեղի ունենալ բացառապես արտահերթ կամ հերթական ընտրություններով, ցանկալի է՝ արտահերթ, որովհետև որքան շուտ այն տեղի ունենա, այնքան քիչ բան կկորցնենք, որպեսզի արյունահեղություն չլինի, և որպեսզի եկող իշխանություններն էլ ներկաների նման անպտուղ ու անկանխատեսելի չլինեն թե՛ ներքին և թե՛ արտաքին քաղաքականության մեջ։ Հայաստանը քաղաքական փորձադաշտ չէ և հեռակառավարման ենթակա չէ։ Ընդդիմադիր դաշտը ռեստարտի անհրաժեշտություն ունի, և այն անհապաղ պետք է իրագործել։

ԳԵՆԱԴԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Ամբոխը, արևը և լուռ քաղաքը. ո՞ւմ և ինչո՞ւ է Եկեղեցին «խանգարում». «Փաստ» Ոչնչի հասնել դուք չեք կարող. «Փաստ» «Ինչպես որևէ մեկը Հայաստանի այսօրվա իշխանությունների կարծիքը հաշվի չի առնում, այնպես էլ հաշվի չի առնելու հետագայում». «Փաստ» Թևքերը քշտած՝ պարգևավճարվել է, որ պարգևավճարվում են. «Փաստ» Արտաքին «խաղացողներն» արդեն անթաքույց են խառնվում Հայաստանի ներքին գործերին. «Փաստ» Կոռուպցիան վերադարձե՞լ է ՊԵԿ. «Փաստ» Թունավորվել են ոչ թե սննդից, այլ... շմոլ գազից. «Փաստ» Տարիներով խախտում՝ զրո վարույթ. ինչո՞ւ Հակակոռուպցիոն կոմիտեն «չի տեսնում» ակնհայտը. «Փաստ» Անկարան դեմ է Իրանի նկատմամբ ցանկացած ռազմակшն միջամտության. Ֆիդան Ռուսաստանի Դաշնության հետ խոսել ենք երկաթուղու խնդրից, սպասում ենք պատասխանին. Նիկոլ Փաշինյան Կրեմլը համաձայն է Թրամփի հետ, որ Զելենսկին խոչընդոտում է Ուկրաինայում խաղաղության գործընթացը. Պեսկով Բանգկոկում շինարարական կռունկը փլուզվել է 2 մեքենայի վրա. կա 2 զnհ Համոզված եղեք՝ այս տարի դեկտեմբերին էլ չի լինի հեղուկ գազի թանկացման խնդիր. Նիկոլ Փաշինյան «Nissan Teana»-ն բախվել է բետոնե պարսպին և մոտ 5 մետր բարձրությունից գլխիվայր շրջվել Ֆրանսիան կմասնակցի Դանիայի հետ համատեղ զորավարժnւթյուններին Գրենլանդիայում. Մակրոն ՀՀ-ն կմնա ԵԱՏՄ անդամ այնքան, որքան համատեղելիությունը հնարավոր կլինի. Նիկոլ Փաշինյան Երևանում՝ Աբովյան փողոցում, հնչել է կրակոց. կան վիրավորներ Աշխարհի լավագույն 50 բուհերն ավարտած և ՀՀ-ում երեք տարի աշխատած քաղաքացիները կազատվեն պարտադիր զինծառայությունից Ռուսական ակտիվների բռնագրավման առաջարկը մնում է ուժի մեջ. Եվրահանձնաժողովի նախագահ 8-ից ավելի կանչ տվող բուժառուների համար ծառայությունը վճարովի կլինի․ «Շտապօգնության» տնօրեն Հայաստանի շուրջ իրավիճակն ավելի կայուն երբեք չի եղել իր գոյության պատմության ողջ ընթացքում. Նիկոլ Փաշինյան SpaceX-ն անվճար հասանելիություն է տվել Starlink-ին Իրանում. Bloomberg «Այս փաստաթուղթը չի տալիս հստակեցումներ, հակառակը՝ այն ավելի շատ հարցեր է առաջացնում՝ դրանով իսկ դարձնելով այն բավականին երկիմաստ». «Փաստ» Իսկապե՞ս «ինքնիշխան», իսկապե՞ս «արդար» գործարք. «Փաստ» Գնաճը դառնում է ավելի համատարած և ներթափանցում է սպառողական զամբյուղի գրեթե բոլոր բաղադրիչներ. «Փաստ»
Ամենաընթերցվածները