«Մեր տարածաշրջանը չափազանց կարևոր է մեզ համար, բայց այնքան կարևոր չէ Թրամփի համար». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տեղի ունեցող համաշխարհային գործընթացները, այդ թվում՝ ռուս-ուկրաինական պատերազմը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները վերլուծելիս և դրանց հետագա ընթացքը կանխատեսելիս փորձագիտական հանրույթից հաճախակի լսվում էր հետևյալ ձևակերպումը՝ շատ հարցերի հնարավոր կլինի պատասխանել ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքներից հետո: Նոյեմբերի 5-ին կայացած ընտրությունները փաստեցին՝ ԱՄՆ 47- րդ նախագահն է հանրապետական Դոնալդ Թրամփը: Ինչպիսի՞ն կլինի արդեն Թրամփի նախագահությամբ ԱՄՆ-ի ազդեցությունը միջազգային տարբեր գործընթացների վրա: Ամերիկագետ Սուրեն Սարգսյանն այս հարցին անդրադառնալիս հիշեցնում է Թրամփի՝ ավելի վաղ արված հայտարարությունները:
 
«Թրամփը բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է հարաբերությունները կարգավորել Ռուսաստանի հետ և աշխատելու է Ռուսաստանի հետ: Սա, իհարկե, իր հերթին կբերի ուկրաինական ճակատում որոշակի փոփոխությունների: Թրամփը հայտարարել է՝ ամեն ինչ անելու է, որ հնարավորինս արագ դադարեցվի Ուկրաինայում պատերազմը: Տեսնենք, թե ինչպես է դա իրականացնելու, ինչպես է դրան միս և արյուն տալու: Բազմիցս հայտարարել է, որ Չինաստանի հետ փորձելու է երկխոսության գնալ, ինչը նույնպես շատ կարևոր է: Միայն այս երեք ուղղությունները ցույց են տալիս, որ իր՝ հաջորդ չորս տարվա նախագահությունն աշխարհում բերելու է որոշակի փոփոխությունների: Կարծում եմ՝ սա բոլորի համար ակնհայտ է դարձնում այն, որ Թրամփն, այդուհանդերձ, կարողանալու է իրավիճակը համաշխարհային պրոցեսներում փոխել: Սա՝ եթե նայենք գլոբալ խնդիրներին: Շատ կարևոր է նաև Իրանի նկատմամբ դիրքավորումը:
 
Կարևոր է նաև այն, որ Թրամփը հայտարարում է, թե ցանկանում է խաղաղություն բերել իր հետ, նույնը հայտարարում է նաև իսրայելա-պաղեստինյան կոնֆլիկտի մասով՝ միաժամանակ ասելով, որ անվերապահորեն աջակցելու է Իսրայելին: Այստեղ ինձ մոտ խզում է առաջանում այն առումով, որ՝ լավ, եթե և՛ խաղաղություն է բերելու, և՛ աջակցելու է Իսրայելին, ապա դա ինչպե՞ս, ի՞նչ ձևով է տեղի ունենալու: Կարծում եմ, որ առաջիկայում այս բոլոր հարցերի պատասխաններն իրենից կլսենք՝ հասկանալու համար, թե ինչ արտաքին քաղաքականություն է նա որդեգրելու ամենատարբեր ուղղություններում»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը: Իսկ ինչպիսի՞ն կլինեն զարգացումները մեր տարածաշրջանում և հատկապես հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում:
 
«Մեր տարածաշրջանը չափազանց կարևոր է մեզ համար, բայց այնքան կարևոր չէ Թրամփի համար: Առաջին չորս տարին իր պարագայում տեսել ենք այս տարածաշրջանի նկատմամբ պասիվ քաղաքականություն, բայց հիմա իրավիճակը մի քիչ այլ է: Միացյալ Նահանգները գոնե վերջին չորս տարին այստեղ ակտիվ աշխատել է, ակտիվ ներգրավվածություն է ունեցել հայադրբեջանական բանակցություններում: Չեմ կարծում, որ Թրամփն ընդհանրապես մեզանով չզբաղվի, ինչպես չէր զբաղվում չորս տարի առաջ՝ իր նախագահության օրոք: Որոշակի ակտիվություն կարող է լինել այս ուղղությամբ՝ մասնավորապես պայմանավորված նաև այն հանգամանքով, որ իր շրջապատում հիմա կան մարդիկ, որոնք հայկական խնդիրներին քաջատեղյակ են, գիտեն ընդհանրապես, թե որտեղ է, այսպես ասենք, Հայաստանը, ինչ խնդիրներ ունի և այլն: Սա, իհարկե, իր ազդեցությունը կարող է ունենալ: Չմոռանանք նաև նրա երկու ուղերձները՝ հեռախոսազանգը, որն ունեցավ Արամ Ա կաթողիկոսի հետ և ուղերձ հղեց հայ համայնքին ընտրություններից առաջ: Իհարկե, դրանք նախընտրական տրամաբանության մեջ պետք է դիտարկել, բայց սրանք նաև լավ հիմք են` դառնալու հաջորդ տարիներին հայ համայնքի, եկեղեցու և լոբբիստների աշխատանքի համար»,-նշում է մեր զրուցակիցը:
 
Ընդգծենք, որ վերջին օրերին Թրամփն իր խոսքում կիրառել էր «Արցախ» անունը, նաև «էթնիկ զտումներ» տերմինը: Ի՞նչ ազդեցություն կունենա Թրամփը՝ որպես նախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության» գործընթացի և «Խաղաղության պայմանագրի» հնարավոր ստորագրման վրա: «Սա իրականում ամենաբարդն է, որովհետև Բայդենը կողմերին անընդհատ կոչ էր անում մինչև տարեվերջ ստորագրել «Խաղաղության համաձայնագիրը»: Հիմա, բնականաբար, Բայդենի ազդեցությունն այլևս չկա, եթե լիներ Հարիսը, էլի չէր լինի, բայց գոնե մի փոքր ավելի կլիներ: Հիմա Թրամփն է, իհարկե, այդ ազդեցությունն ընդհանրապես Ալիևի վրա չի գործելու: Թրամփը գալու է նոր թիմով, նոր մարդկանցով, տեսնենք, թե ովքեր ինչ պաշտոն են զբաղեցնելու՝ հասկանալու համար, թե ինչ զարգացումներ պետք է սպասել նաև այդ ուղղությամբ»,-հավելում է ամերիկագետը:
 
Ամեն պարագայում Հայաստանի Հանրապետությունը և նրա իշխանությունները պետք է աշխատեն Միացյալ Նահանգների և նրա նորընտիր վարչակազմի հետ: Այս առումով մեր զրուցակիցը հետաքրքիր դիտարկում է անում: «Վստահ չեմ, որ մեր երկրի իշխանություններն ուզում են հանրապետականների հետ Միացյալ Նահանգներում աշխատել: Ինձ մոտ տպավորություն է, որ ընդհանրապես խուսափում են հանրապետականներից: Սա հարցի մյուս կողմն է: Բայց կարծում եմ, որ Թրամփի վարչակազմի հետ կարող են աշխատել և՛ հայ համայնքը, և՛ լոբբիստները, և՛ եկեղեցին, հատկապես որ Թրամփի հետ ուղիղ կապ ունենալու փորձ, կարծես թե, ունենք»,-եզրափակում է ամերիկագետ Սուրեն Սարգսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Կանադան Ուկրաինային 587 մլն դոլարի ռազմական օգնություն է տրամադրելու Օրբանը Պուտինին առաջարկել է օգնել կարգավորել ռուս-ուկրաինական ճգնաժամը՝ հաշվի առնելով իր շփումներն արևմտյան առաջնորդների հետ «Ինձ մոտ ամեն ինչ ստացվեց». Լիանա Վանոյանը ցույց է տվել իր նոր կազմվածքը Թբիլիսիում անկարգությունների գործով ութ մարդ է կալանավորվել ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով Բելինգհեմը չի կարողացել ավարտել «Ատալանտայի» դեմ խաղը՝ ազդրի մկանների հետ կապված խնդիրների պատճառով Գերմանիան 8 մլն եվրո կհատկացնի Սիրիային մարդասիրական օգնության համար Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ» «Պետք է խելամիտ արտաքին քաղաքականություն վարել, պատրաստվել վատագույն սցենարներին՝ հուսալով, որ կլինի լավագույնը». «Փաստ» Ինչպես կտրել ճյուղը, որին «նստած» ես ու... մնալ ծանրամեծ գերանի տակ. «Փաստ» Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ» Ինչպե՞ս է ուզում գործող իշխանություններից երկիրը փրկել Միհրան Պողոսյանը. «Փաստ» Բազմադրվագ կեղծիք, այս անգամ՝ արտագաղթի հետ կապված. «Փաստ» Էրդողանն ու Ալիևը քննարկել են տարածաշրջանային հարցեր, իրավիճակը Սիրիայում Մեսսին նշել է այն խաղացողին, ով ամենաշատն է զայրացրել իրեն իր կարիերայի ընթացքում Բելառուսում միջուկային զենք կա. Լուկաշենկո Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմն առաջադրվել է հեղինակավոր «Ոսկե գլոբուս» մրցանակի Իսրայելն ավելի քան 300 ավիահարված է հասցրել Սիրիային՝ երկրում իշխանության տապալումից ի վեր Անթnւյլատրելի վարքագիծ ցnւցաբերած ուսուցիչն ազատվել է աշխատանքից Հայաստանում սարդերի ու սարդակերպերի, լվիճների նոր տեսակներ են հայտնաբերվել Առգրավվել է 257 կգ սիգ Սիրիայում իշխանության եկած զինված ընդդիմությունն արգելել է կանանց ստիպել հիջաբ կրել և հետապնդել ԶԼՄ-ների աշխատակիցներին «Իմ սիրելի հատվածը տուն գալն է կեսգիշերային խորտիկի համար». Ջեյ Լոն նոր հրապարակում է արել Մբապեն առաջին անգամ խոսել է բռնաբարության մեղադրանքի մասին Նոր, անհայտ ծագման հիվանդություն Կոնգոյում
Ամենաընթերցվածները