«Թիրախում են ոչ միայն ծայրահեղ աղքատները, այլև մարդիկ, որոնք աղքատության շեմին են և կարող են համալրել աղքատների շարքերը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեռ նախորդ տարվա ավարտին փորձագետներն ահազանգում էին, որ 2025 թ. հունվարից ականատես ենք լինելու պետական հարկերի և տուրքերի բարձրացման, ինչն էլ իր հերթին հանգեցնելու է սպասելի գնաճի: Նախորդ տարի կառավարությունը հաստատեց՝ չեն բարձրացնելու նպաստները, աշխատավարձը, կենսաթոշակը, միևնույն ժամանակ ամենօրյա ռեժիմով խոսվում է հետվճարի համակարգի մասին՝ անվանելով դա կենսաթոշակի բարձրացում: Ստացվում է, որ մարդկանց եկամուտները չեն աճում, բայց ավելի շատ են ծախսում մասնավորաբար ուտելիքի, կոմունալ ծառայությունների և այլնի համար:

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանի խոսքով՝ գնաճը բնորոշ երևույթ է ոչ միայն մեր երկրի, այլ ամբողջ աշխարհի համար: «Ի տարբերություն մեր և մեր նման երկրների, քաղաքակիրթ աշխարհում գնաճին զուգահեռ կամ էլ դրանից առաջ բարձրանում են աշխատավարձերը, կենսաթոշակները՝ մի տեսակ կոմպենսացնելով սպասվող գնաճը: Մեզ մոտ վերջին շրջանում ո՛չ թոշակն է բարձրացել, ո՛չ էլ աշխատավարձերն ու նպաստները: Ապրանքների և ծառայությունների գները բարձրանում են, իսկ եկամուտները նույնն են մնում: Դա, իհարկե, առաջին հերթին հարվածում է մեր սպառողների գրպանին, հատկապես թիրախում են հայտնվում անապահով և միջին խավերը: Ընդ որում, այստեղ պետք է շեշտել, որ միջին խավ ասվածը տարբեր երկրներում տարբեր է լինում: Քաղաքակիրթ աշխարհում միջին խավ ասվածը և սպառողը այլ է, Հայաստանում՝ լրիվ այլ: Մեր երկրի պարագայում միջին խավի մարդն իր աշխատավարձով ապրող մարդն է, որը կարողանում է հոգալ իր տարրական խնդիրները, երբեմն ուղղակի գոյատևել: Այս նույն գնաճը չի կարող շրջանցել նրանց: Վերջիններիս եկամուտները նվազելու են, մարդկանց կյանքը բարդանալու է: Մարդիկ, որոնք սոցիալական խնդիրների առջև են կանգնելու 2025 թվականին, մեր բնակչության մեծ մասն են կազմելու»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չիլինգարյանը:

Նրա խոսքով, հարկերի բարձրացումը չի կարող լինել միայն տնտեսվարողների խնդիրը: Դրանց բարձրացումը հաջորդիվ հարվածելու է սպառողներին: Մյուս կողմից՝ բարձրանում են տուրքերը, որոնց անմիջական թիրախում է սպառողը: «Գույքահարկի վճարն ամեն տարի ավելանում է, տեղական հարկերից ունեցանք ավտոկայանատեղիների վճարի ավելացում, այս տարի սպասվում է տրանսպորտի ուղեվարձի թանկացում, աղբահանության վճարի հետ կապված ևս որոշակի փոփոխություններ են նախատեսվում: Այսպիսով՝ տարբեր ուղղություններով գնաճ ենք տեսնում»,-նշում է մեր զրուցակիցը: Ստացվում է, որ քաղաքացու եկամուտները չեն աճում, բայց ծախսերն ավելանում են սրընթաց կերպով:

Հիշեցնում է՝ շատ քաղաքացիներ ապրում են հիմնականում Ռուսաստանից եկող տրանսֆերտների շնորհիվ: «Ռուսաստանում ռուբլու անկման պատճառով փաստացի այն եկամուտը, որը ստանում էր արտագնա աշխատողը, նախկինի համեմատ, եթե այն վերածում ենք դրամի կամ դոլարի, երկու անգամ և ավելի նվազել է: Ռուսաստանում էլ աշխատավարձերը գրեթե չեն բարձրացել, արտագնա աշխատանքի մեկնող մեր քաղաքացիների եկամուտը նվազել է: Ստացվում է՝ նրանք ավելի քիչ գումար են ուղարկում, քան նախկինում, սա էլ իր հերթին ազդում է նրանց ընտանիքների եկամտի վրա: Վերջին երկուերեք տարվա ընթացքում նաև դրամն է արժևորվել: Գործոնները շատ են, որոնք ազդում են մարդկանց եկամուտների անկման վրա: Ակնհայտ է դառնում, որ կարող է ավելանալ աղքատությունը»,-հավելում է նա:

Կա մտահոգություն, որ այս իրավիճակում կարող է ավելանալ հատկապես աշխատող աղքատների թիվը: «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահը համակարծիք է այս տեսակետի հետ: «Մարդիկ աշխատում են, նրանց եկամուտները չեն ավելանում՝ ի տարբերություն ծախսերի: Ընդ որում, այս իրավիճակում ընկնում է նաև նրանց գնողունակությունը, աղքատությունը միանշանակ կավելանա: Այսօր «թիրախում» են ոչ միայն ծայրահեղ աղքատները, այլև մարդիկ, որոնք աղքատության շեմին են և կարող են համալրել աղքատների շարքերը: Սա էլ ավելի խնդրահարույց է»,- ասում է նա:

Պնդում է՝ կառավարությունը պետք է մտածեր այս հարցերի մասին, նախքան հարկերի և տուրքերի այս փոփոխությունները սկսելը: «Այնինչ նախապես պարզ էր, որ 2025 թվականին չեն բարձրանալու աշխատավարձը, նպաստն ու կենսաթոշակը: Բյուջեով դա նախատեսված չէր: Արդյոք ինչոր փոփոխություններ կլինե՞ն՝ խնդիրներից ելնելով, պարզ չէ: Գուցե մարդիկ դրական փոփոխությունների սպասումներ ունեն, բայց դա քիչ հավանական է: Եթե 2025 թ. պետական բյուջեի ընդունման ժամանակ այս ամենը հաշվի չեն առել, հիմա ի՞նչ պետք է անեն»,-եզրափակում է Կարեն Չիլինգարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Կոշտ դիրքորոշումներից դեպի ավելի պրագմատիկ ու գործարարական մոտեցում. արդյո՞ք մոտ են լուծումները. «Փաստ» Հասարակությունն ավելի ու ավելի վատ է ապրում, իսկ իշխանավորները «փթթում» են. «Փաստ» «Հայաստանը լիարժեք չի վերահսկելու ճանապարհը. իշխանությունները չեն նշում, թե կոնկրետ ինչն է լինելու Հայաստանի իրավասության ներքո». «Փաստ» Քարոզչական նախաթուղթ... զրոյական կետով «խաղաղության» մասին. «Փաստ» Պայուսակը ուսապարկին վնա՞ս է. «Փաստ» «Ծափ տվեք, արա՛...»-ից՝ «բուռն, երկարատև ծափահարություն» և «օվացիա». «Փաստ» Փաշինյանը ՀՀ կյանքի ճանապարհները տրամադրելու է Ադրբեջանին. «Փաստ» ChatGPT հավելվածը 30 անգամ ավելի գումար է վաստակել, քան մրցակիցները միասին վերցրած ՌԴ-ն երբեք նպատակ չի ունեցել պարզապես գրավել տարածքներ, լինի դա Ղրիմ, Դոնբաս, թե Նովոռոսիա, այլ ձգտել է պաշտպանել ռուսներին. Լավրով Ուկրաինան պատրաստվում է շարունակել Ադրբեջանից գազ ներմուծելը. էներգետիկայի նախարար Պակիստանում ջրհեղեղները խլել են առնվազն 340 մարդու կյանք ՌԴ-ն Ուկրաինային է հանձնել զինծառայողների 1,000 մարմին ԵՄ-ն սկսել է շանտաժի ենթարկել Վրաստանին այն բանից հետո, երբ 2022 թվականին նա հրաժարվել է միանալ Ռուսաստանի դեմ ռազմական hակամարտությանը. Կոբախիձե Ինքնաթիռի ժամանումից հետո հայտնաբերվել է խարդախության մեղադրանքով հետախուզվող 59-ամյա օտարերկրյա քաղաքացին Ուզբեկստանում արգելել են «Comedy Club»-ը՝ էթիկետի նորմերին չհամապատասխանելու պատճառով «Ռեալը» դեմ է «Բարսելոնայի» մասնակցությամբ մրցախաղին ԱՄՆ-ում Օտարազգի քաղաքացիների միջև տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են Ուսանողներից կաշառք ստանալու մեջ մեղադրվող քոլեջի տնօրենի պաշտոնավարումը կասեցվել է. քրվարույթն ուղարկվել է դատարան Չինաստանի ԱԳՆ-ն ակնկալում է, որ Ուկրաինայի հարցով բանակցությունները կլինեն ճիշտ ժամանակին Նար–Դոսի փողոցի շենքերից մեկում բռնկված հրդեհը մարվել է․ կա զոհ Հայաստանի հեղինակությունը «բարձրացնելու» քարոզչական փուչիկն ու մեջքից հարվածը. «Փաստ» Թվայնացումը նվազեցնում է տնտեսվարողների ծախսերը. հայաֆիկացումը՝ արդեն Դատա մատրիքս ծածկագրում. «Փաստ» «Այս փաստաթուղթն իրենից որևէ արժեք չի ներկայացնում, Թուրքիան և Ադրբեջանը փորձում են ուժեղացնել իրենց գործընկեր Նիկոլ Փաշինյանի ներքաղաքական դիրքերը». «Փաստ» Բացասական ու քայքայիչ իմպուլսների գլխավոր գեներատորը. «Փաստ»
Ամենաընթերցվածները