Համընդհանուր հայտարարագրման նախաձեռնության աղաղակող ձախողումն ու քաղաքացիների մեծ դժգոհության արտացոլանքը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս տարվանից սկսած Հայաստանում հարկային քաղաքականության մեջ արմատական փոփոխություն է նախաձեռնվել. բացի պաշտոնատար անձանցից, ֆիզիկական այլ անձինք ևս պարտավոր են տարեկան մեկ անգամ ներկայացնել եկամուտների հաշվարկ-հայտարարագիր՝ ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով։

Նպատակը փաշինյանական իշխանության կողմից ներկայացվել է որպես պետական ֆինանսների թափանցիկության բարձրացման, հարկային մշակույթի զարգացման, տնտեսության մեջ ստվերի կրճատման, երկրում սոցիալական արդարության վերականգնման համատեքստում։ Սակայն միայն տեսականորեն, իսկ ավելի ճիշտ՝ պաշտոնական մեկնաբանման տեսանկյունից իբր արդարացված նախաձեռնությունն իր գործնական իրագործմամբ խոր հասարակական դժգոհության տեղիք է տվել՝ հանգեցնելով փաստացի տոտալ բոյկոտի։

Եվ պատահական չէ, որ հայտարարագիր լրացնելու համար սկզբնապես սահմանված մայիսի 1 վերջնաժամկետը հետաձգվեց մինչև նոյեմբերի 1, քանի որ նույնիսկ իշխանությունների համար պարզ դարձավ, որ ամբողջ գործընթացը բախվել է մի քանի լուրջ համակարգային խնդիրների՝ թե՛ տեխնիկական, թե՛ մեթոդաբանական տեսանկյունից, թե՛ քաղաքացիների բոյկոտի։ Եվ ահա, պարզվում է, որ այս տարվա առաջին 4 ամսվա ընթացքում հայտարարագիր է ներկայացրել ընդամենը 35 հազար քաղաքացի, այն դեպքում, երբ հայտարարագրման ենթակա է մոտ 800 հազար մարդ։ Թիվն, ի դեպ, հնչեցրել է Նիկոլ Փաշինյանը, որը շաբաթական կտրվածքով տվյալներ է ներկայացնում, թե որքան մարդ է սոցիալական հետվճարներ ստացել:

Սա նշանակում է, որ գործընթացում մասնակցել է միայն հայտարարագրման ենթակա բնակչության շուրջ 5 տոկոսը՝ աղաղակող անհաջողություն մի նախաձեռնության համար, որն իշխանությունների կողմից համարվում էր խոշոր բարեփոխում։ Ընդ որում, այս վիճակագրության մեջ ևս մի ուշագրավ հանգամանք կա՝ այդ 35 հազարից մոտ քառասուն տոկոսը՝ 15 հազար քաղաքացի, հայտարարագիր ներկայացրել է բացառապես մեկ պատճառով՝ սոցիալական վճարը հետ ստանալու հնարավորությունից օգտվելու համար։ Այլ կերպ ասած՝ եթե չլիներ այդ արհեստական մոտիվացիան, որը հորինվել է հենց այդ նպատակով, նույնիսկ այս 5 տոկոս ցուցանիշը չէր արձանագրվի։ Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ հայտարարագիր ներկայացրած անձանց զգալի մասը պետական աշխատողներ են, որոնց թիվը մոտավորապես տատանվում է 100-ից 150 հազարի սահմաններում։

Այսինքն, ստացվում է, որ գործընթացին մասնակցել են գրեթե բացառապես նրանք, որոնց հնարավոր է վարչական ճանապարհով պարտադրել դա անել, կամ նրանք, որոնք հետվերադարձի ակնկալիք ունեն։ Սա վկայում է այն մասին, որ քաղաքացիների շրջանում ուղղակի չկա կամավոր կամ ներքին մոտիվացիա՝ այս նախաձեռնության մեջ ներգրավվելու։ Մյուս կողմից՝ ստացվում է, որ չորս ամսում նույնիսկ պաշտոնյաների մի փոքր մասն է միայն ներկայացրել հայտարարագիր:

Ըստ մասնագետների հաշվարկի, նոյեմբերի 1-ին, երբ լրանում է վերջնաժամկետը, ամենայն հավանականությամբ, կարող է գրանցվել մոտ 150 հազար մասնակցության ցուցանիշ, այն էլ՝ պետական ծառայողների հաշվին: Առավելագույն թիվը, որ կարող է ակնկալել այս կառավարությունը, կարծում ենք, 200 հազարն է: Ոչ ավելի: Իսկ դա միանշանակ պետք է գնահատել որպես կատարյալ ձախողում՝ հաշվի առնելով, որ ՀՀ կես միլիոնից ավելի քաղաքացի փաստացի կա՛մ չի ցանկանում հայտարարագրել, կա՛մ չի վստահում համակարգին, կա՛մ էլ տեխնիկապես չի կարողանում օգտվել դրանից։

Միաժամանակ, հասարակական տրամադրությունների վերլուծությունները ցույց են տալիս, որ գործ ունենք ոչ թե տեխնիկական կամ ինֆորմացիոն բացի հետ, այլ պետական քաղաքականության նկատմամբ խորքային անվստահության ու լրջագույն կասկածների խնդրի հետ։

Ի մասնավորի, իշխանությունների հավաստիացումները, թե հարկման նոր շեմեր չեն կիրառվելու, կամ գործընթացը լինելու է «հանգիստ» և «հարմարավետ», քաղաքացիների շրջանում ընկալվում են որպես պոպուլիստական հռետորաբանություն՝ առանց գործնական երաշխիքների։

Տնտեսագետներն արդարացիորեն մտահոգություն են հայտնում, որ համընդհանուր հայտարարագրման այս մեխանիզմը կարող է վերածվել հարկային վերահսկողության և ճնշման գործիքի՝ հատկապես միջին և փոքր եկամուտներ ունեցող անձանց նկատմամբ։ Եթե քաղաքացին, օրինակ՝ նվիրատվություն է ստացել, դրամական փոխանցում հարազատից կամ ընկերոջից, կամ նույնիսկ սովորական ընտանեկան փոխառություն է կատարել (պարզ ասած՝ պարտք է տվել հարազատին կամ ընկերոջը), ապա պարտավոր է այս բոլորը փաստաթղթավորել պայմանագրով։ Ստեղծվում է մի իրավիճակ, երբ անգամ ընտանիքի անդամներն ամեն «քայլափոխի» պետք է միմյանց հետ գրավոր պայմանագրեր կնքեն, որպեսզի ապացուցեն, որ դա ոչ թե եկամուտ է, այլ նվիրատվություն կամ պարտքի վերադարձ։ Պարզապես անմեղսունակ պետք է լինել՝ պարտադրելու պայմանագրի կնքում, ասենք՝ հոր և դստեր միջև, պապի ու թոռան միջև, եղբոր ու քրոջ միջև, առավել ևս՝ Հայաստանում:

Հիմա այնպես են արել, որ նման պայմանագրեր չլինելու, այսինքն՝ նույնիսկ հարկման չենթական փոխանցումները չփաստաթղթավորելու պարագայում հարկային մարմինները կարող են այդ գործարքները դիտարկել որպես եկամուտ և հարկել մինչև 20 տոկոսով։

Այս քաղաքականությունը ընկալվում է որպես նոր տեսակի վերահսկողություն, որտեղ քաղաքացիներն այլևս ոչ թե իրենց կամքով են մասնակցում պետական գործընթացներին, այլ գործում են պարտադրանքի ներքո՝ միաժամանակ դառնալով «տուգանքի մատերիալ»։ Քաղաքացիների համոզմունքն այն է, որ պետությունն ուզում է ոչ թե օգնել կամ կարգավորել, այլ պարզապես ամեն անգամ նոր առիթ ստեղծել մարդկանց գրպանը մտնելու ու նրանց կյանքը բարդացնելու համար։

Մյուս կողմից էլ՝ պարզ է, որ այսպիսի նախաձեռնություններով Հայաստանի սոցիալտնտեսական վիճակը չի բարելավվելու, ընդհակառակը՝ վատթարանալու է։ Հարկման վտանգի ներքո հատկապես նվազելու են դրսից փոխանցվող տրանսֆերտները, որոնք երկրում որոշակի տնտեսական էֆեկտ էին ապահովում։

Ակնհայտ է նաև, որ այսպիսի մի համակարգ ներդնելը պահանջում է երկարատև նախապատրաստություն՝ տեխնիկական, իրավական և հանրային իրազեկման մակարդակներում։ Մինչդեռ Հայաստանում հայտարարագրման գործընթացը իրականացվել է գրեթե հանպատրաստից՝ առանց փորձնական փուլերի, առանց հանրային քննարկումների, առանց բարեխիղճ իրազեկման արշավի։ Ու ընդհանրապես... առանց ոչ մի հիմքի ու հենքի: Ուստի, պատահական չէ, որ մասնագետները, հասարակական ու քաղաքական գործիչները անվերապահ վստահ են՝ այս համակարգը օր առաջ պետք է կասեցնել...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Երկրաշարժ է եղել Թուրքիայում «WhatsApp»-ն այլևս թույլատրված չէ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում․ որն է պատճառը Իրանը խախտել է հրադադարը ՊՍԺ-ն և «Բոտաֆոգոն» դուրս եկան Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչ Մաhացու վրաերթ՝ Երևանում Զելենսկին հայտարարել է՝ չի լքելու նախագահի աթոռը մինչև Ուկրաինայում հակամարտության ավարտը 18-ամյա ուղևոր Մհեր Մ.-ն տեղում մահացել է Երբ ոչ մի բանի համար պատասխանատու չէ. «Փաստ» Քաղաքական հետապնդումների և տնտեսական ճնշումների առաջացրած ռիսկերը. «Փաստ» «Պատմական» հանդիպումն ու հերթական զիջումների վտանգավոր հեռանկարը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը գոնե այս պահի դրությամբ ինքն իր ձեռքով, փաստացի իր սխալի արդյունքում ձևավորել է դիմադրության նոր օջախ». «Փաստ» Ովքե՞ր են «նիկոլականները». «Փաստ» Սամվել Կարապետյանն ազատ կարձակվի իր 60-ամյակի օ՞րը. հրահանգված է ամեն կերպ նրան վարկաբեկելու միջոցներ գտնել. «Փաստ» Ռուսաստանի կոշտ զգուշացումը. ի՞նչ է նշանակում այս ամենը. «Փաստ» Ի՞նչ երաշխիքներ կարող է տալ Նիկոլ Փաշինյանը. «Փաստ» «Բավարիան» հաղթեց «Բոկա Խունիորսին» և ապահովեց իր տեղը փլեյ-օֆֆում Իրանը պետք է հստակ երաշխիքներ տա, որ միջուկային զենք չի ունենալու. Մակրոնը՝ Փեզեշքիանին Բախվել են «Opel Astra»-ները, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտնին Թրամփի հատուկ բանագնացը հանդիպել է Լուկաշենկոյի հետ Իրանի գերագույն առաջնորդը երեք հնարավոր իրավահաջորդների է պատրաստել, որոնք պետք է փոխարինեն նրան իր մահվան դեպքում. The New York Times Արարատի մարզում Դարբնիկ գյուղում բախվել են «Լադա»-ն և «Renault»-ն․ կան վիրավորներ Ուկրաինայի տարածքում 695 հազար ռուս զինվորականներ կան. Զելենսկի «Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի Ինչ-որ բան սխալ է ընթանում. տարեվերջի դրությամբ կարող ենք կորցնել շուրջ 6 մլրդ դոլար. Օվերչուկը՝ ՌԴ-ՀՀ առևտրային հարաբերություննների մասին ԱՄՆ-ում հավանություն է տրվել ՄԻԱՎ-ի կանխարգելման համար նորարարական դեղամիջոցին
Ամենաընթերցվածները