Ի՞նչ վիճակում է կրիպտոոլորտը Հայաստանում. ուշացումները կարող են անշրջելիորեն հետ մղել երկիրը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին տասնամյակում կրիպտոարժույթները դարձել են համաշխարհային տնտեսության և ֆինանսական համակարգերի այնպիսի դերակատար, որ այդ հանգամանքն այլևս հնարավոր չէ անտեսել։ Եթե սկզբնական շրջանում դրանք դիտվում էին որպես տեխնոլոգիական փորձարարություն կամ մարգինալ ակտիվ, ապա այսօր կրիպտոարժույթները ձևավորում են նոր տնտեսական ճարտարապետություն, որն ընդլայնում է փողի, արժեքի փոխանցման և ֆինանսական միջնորդության մասին դասական ընկալումները։

Ուստի, ապագայում ևս կանխատեսվում է կրիպտոարժույթների դերակատարության ընդլայնում։ Ու պատահական չէ, որ ապակենտրոնացած ֆինանսների ոլորտը գրավիչ է դարձել ոչ միայն բանկերի կամ տեխնոլոգիական ընկերությունների, այլև անգամ պետությունների համար, որոնք կրիպտոարժույթային պահուստներ են կուտակում։ Բնականաբար, Հայաստանը, ինչպես աշխարհի բազմաթիվ այլ երկրներ, կանգնած է այս նոր իրականությանը համարժեք արձագանքելու բարդ և բազմաշերտ մարտահրավերի առաջ։

Կրիպտոարժույթների առավելությունները բազմաթիվ են։ Դրանց միջոցով հնարավոր է ապահովել միջսահմանային արագ և էժան փոխանցումներ՝ շրջանցելով ավանդական բանկային համակարգի բյուրոկրատիան և վճարային խոչընդոտները։ Ավելին՝ դրանք բարձրացնում են ֆինանսական ներառականության մակարդակը՝ հնարավորություն տալով գլոբալ ֆինանսական շրջանառությանը մասնակցել այն համայնքներին, որոնք չունեն բանկային հաշիվներ կամ բախվում են սահմանափակումների։ Բացի այդ, կրիպտոարժույթները խթանում են ֆինանսական նորարարությունը՝ թույլ տալով ստեղծել նոր տեսակի պայմանագրեր, ակտիվների թվայնացում և ապակենտրոնացված ֆինանսական ծառայություններ։ Սա ֆինանսական ինդուստրիայի արմատական վերափոխման և ավելի ճկուն, բաց համակարգերի անցնելու ուղի է ստեղծում։

Սակայն այդ առավելություններին զուգահեռ զարգանում են նաև զգալի ռիսկեր։ Կրիպտոարժույթների անանունությունը, գաղտնիությունը և վերահսկողության բացակայությունը դրանք դարձնում են գրավիչ գործիք՝ փողերի լվացման, հարկերից խուսափելու, պատժամիջոցները շրջանցելու, թմրանյութերի շրջանառության, ահաբեկչության ֆինանսավորման և այլ ապօրինի գործունեության համար։

Գների բարձր տատանողականությունը, ինչը հատկապես բնորոշ է անկայուն թոկեններին, ստեղծում է ներդրումային ռիսկեր, որոնք կարող են վտանգել ոչ միայն անհատների ֆինանսական կայունությունը, այլ նաև ստեղծել համակարգային ռիսկեր տնտեսական ավելի լայն շերտերի համար, եթե դրանք զանգվածային կիրառություն ստանան առանց պատշաճ կարգավորման։

Մյուս կողմից էլ՝ կրիպտոարժույթների ստեղծումն ու գործառնությունը, որն ահռելի էներգետիկ պաշարներ է սպառում՝ մասնավորապես մայնինգի իրականացման գործընթացում, մտահոգություն է առաջացնում կայուն զարգացման և էկոլոգիական հետևանքների տեսանկյունից։ Հայաստանում կրիպտոմիջավայրը դեռևս ձևավորման փուլում է։ Վերջին տարիներին նկատվում է հետաքրքրության աճ՝ անհատական ներդրողների, տեխնոլոգիական ձեռնարկությունների և նույնիսկ ֆինանսական կազմակերպությունների կողմից։

Հայաստանում գործում են բազմաթիվ բլոքչեյն նախագծեր, կրիպտոարժույթներով ծառայություններ առաջարկող ստարտափներ, ինչպես նաև ֆիզիկական և թվային հարթակներ, որոնք ապահովում են կրիպտոարժույթների գնում-վաճառք։ Սակայն այս միջավայրը դեռևս բաց է կանոնակարգման առումով և թերի՝ կառուցվածքային առումով, ինչը հանգեցնում է անորոշության, իրավական ռիսկերի և գործարար շրջանակներում վստահության պակասին։

Այս ֆոնին Հայաստանի Ազգային ժողովում ընդունված կրիպտոարժույթներին վերաբերող օրենքը նպատակ ուներ կարգավորել այս դաշտը՝ ներդնելով իրավական որոշակիություն, փողերի լվացման դեմ պայքարի նոր չափանիշներ և առավել կանխատեսելի խաղի կանոններ բիզնեսների ու ներդրողների համար։ Թեև օրենքի ընդունումը սկզբունքային առաջընթաց էր, այն առաջ բերեց մի շարք դժգոհություններ ոլորտի ներսում։ Դժգոհությունները հիմնականում վերաբերում են օրենքի՝ չափից ավելի ռեգուլ յացիոն բեռին, լիցենզավորման գործընթացի բարդությանը և բարձր ծախսերին, որոնք ոչ միայն կարող են դուրս մղել փոքր խաղացողներին շուկայից, այլև կասեցնել նորարարությունը։ Շատ ստարտափներ ահազանգում են, որ օրենքի պահանջները, որոնք նախատեսում են, օրինակ՝ խիստ համապատասխանություն, կարող են ի վերջո բերել այնպիսի ծանրաբեռնվածության, որ ոլորտի փոքր և միջին խաղացողները պարզապես կդադարեն գործունեություն ծավալել։

Միևնույն ժամանակ, կրիպտոարժույթների և բլոքչեյնի ոլորտում գործող ձեռնարկությունները շեշտում են, որ ՀՀ օրենսդրությունն այս փուլում դեռևս բավարար ձևով չի հաշվի առնում բլոքչեյնի էկոհամակարգի բազմազանությունը և զարգացող բնույթը։ Օրենքում բացակայում են, օրինակ՝ բլոքչեյնբազավորված ֆինանսական գործիքների կարգավորումը ապակենտրոնացված ֆինանսների (DeFi) տիրույթում, ինչպես նաև NFT-ների և թոկենիզացված ակտիվների իրավական կարգավիճակի մասին հստակ սահմանումներ։

Այս բացերը հանգեցնում են իրավական անորոշության, որը դժվարացնում է նորարարական արդյունքների մուտքը շուկա՝ խոչընդոտելով բլոքչեյն տեխնոլոգիաների ամբողջական պոտենցիալի իրացումը Հայաստանում։ Դրա հետ մեկտեղ կրիպտոոլորտի ներկայացուցիչները բողոքում են, որ իրենց ձայնը լսելի չէ, և նոր կարգավորումը նախատեսում է, որ բանկերի միջոցով են թվային արժույթներով գործառնություններն իրականացվելու այն դեպքում, որ կրիպտոարժույթները ստեղծվել են ֆինանսական անկախության, բանկային շրջանցումները խնայելու և ազատ շրջանառության համար։

Բացի այդ, հայկական կրիպտոմիջավայրում առկա է նաև կրթության և հանրային իրազեկվածության պակաս։ Շատերը, այդ թվում՝ պետական մարմիններում, դեռևս լիարժեք չեն պատկերացնում կրիպտոարժույթների, բլոքչեյնի և դրանց կիրառական հնարավորությունների էությունը։ Սա բարդացնում է այս ոլորտում տարվող քաղաքականության ուղղությունների ձևավորումը, ինչպես նաև ներդրողների պաշտպանությունը։ Հասարակական հարթակում հաճախ գերիշխում է կրիպտոարժույթների նկատմամբ վախերի և կանխակալ պատկերացումների մթնոլորտ, ինչը պայմանավորված է մասամբ աշխարհում տարածված խոշոր խարդախություններով և շուկայի բարձր տատանողականությամբ, իսկ մյուս կողմից էլ՝ կրիպտոլորտի հետ կապված գրագիտության ոչ բավարար մակարդակով։

Հաշվի առնելով վերը նշվածը՝ Հայաստանի կրիպտոմիջավայրը բարելավելու համար անհրաժեշտ են մի շարք համապարփակ և համակարգային քայլեր։ Նախ՝ օրենքի կիրառման մեխանիզմները պետք է վերանայվեն այնպես, որ չկասեցնեն նորարարությունը և չվախեցնեն ստարտափներին ու ներդրողներին։ Հարկավոր է ներդնել ռիսկերի վրա հիմնված մոտեցում՝ տարբերակելով համակարգային կարևորություն ունեցող կրիպտոծառայություններն ու փոքր նորարարական նախագծերը, որոնք պետք է ունենան ավելի ճկուն ռեգուլ յացիոն պահանջներ։ Այս առումով անհրաժեշտ է ստեղծել մասնագիտական աշխատանքային խմբեր, որոնք պարբերաբար կգնահատեն օրենսդրական պահանջների արդիականությունը և կառաջարկեն փոփոխություններ։

Հայաստանն ունի ահռելի պոտենցիալ՝ ինտելեկտուալ ներուժի տեսքով, կրիպտոլորտի և ապակենտրոնացված ֆինանսական համակարգի ընձեռած հնարավորություններն իր տնտեսական զարգացմանը ծառայեցնելու համար։ Բայց ժամանակի գործոնն այս հարցում վճռորոշ է։ Տեխնոլոգիական աշխարհում ուշացումները կարող են անշրջելիորեն հետ մղել երկիրը։ Ուստի, եթե ցանկանում ենք ունենալ մրցունակ և վստահելի կրիպտոմիջավայր, անհրաժեշտ է սկսել հետևողական, բաց և գործընկերային աշխատանք՝ ոլորտի բոլոր դերակատարների միջև։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Չեմ կարող հավատալ, որ Կրեմլից կամ կառավարությունից կարող են ՀՀ դեմ գործողություններ իրականացվել. Փաշինյան Սյունիքի հետ կապված վտանգ չկա. Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն. Փաշինյան Թրամփը նյարդայնացած է Մակրոնի Գրենլանդիա այցից. FT «Բարսելոնա»-ն հայտարարել է նոր ձեռքբերման մասին Վրացական կողմը խոստացել է՝ հայկական կոնյակ տեղափոխող 50 բեռնատար կհատի սահմանը «Ford Transit»-ը Մալաթիայի թաղապետարանի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնին և հայտնվել մայթին. վիրավորը հիվանդանոցում մահացել է Ալիևը կայցելի Թուրքիա Փաշինյանից մեկ օր առաջ Ի՞նչ հետևանքներ կարող է Հայաստանի համար ունենալ Իրան-Իսրայել բախումը. «Փաստ» Ավինյանի հայրը ավագանու անդամին համբալ չի համարում. «Փաստ» Իշխանության «հոսանքահարման» խորքային պատճառները. ովքե՞ր և ինչո՞ւ են թիրախավորվում. «Փաստ» «Իշխանությունն անցել է իր համար սովորական դարձած գործիքակազմին՝ շինծու գործերի հիման վրա քաղաքական հետապնդումների պրոցեսին». «Փաստ» Ուշագրավ իրադարձություն բանկային համակարգում. ի՞նչ խոշոր ներդրում է կատարվել օտարերկրյա ընկերության կողմից. «Փաստ» Ի՞նչ իրավական, տնտեսական և էներգետիկ ռիսկեր է պարունակում ՀԷՑ-ն ազգայնացնելու Փաշինյանի «ծրագիրը». «Փաստ» «Արցախ» կամերային նվագախմբի արցախցի երաժիշտների մեծ մասին ազատել են. «Փաստ» Խորտակվող «նավն» ու հենարանների կորուստը. «Փաստ» Կրիշտիանու Ռոնալդուն Թրամփին ստորագրված մարզաշապիկ է ուղարկել Թրամփն Իրանին uպառնացել է լուրջ hետևանքներով, եթե այն հարձակվի ամերիկյան ռազմաբազաների վրա Ալ Պաչինոն դարձել է առաջին կինոաստղը, որը պաշտոնական հանդիպում է ունեցել նոր Հռոմի պապի հետ ChatGPT-ի մշակողը 200 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել Պենտագոնի հետ Եթե Իրանը ցանկանում է խոսել, գիտի՝ ինչպես կապվել ինձ հետ. Թրամփ Փաշինյանը կմեկնի Թուրքիա, սա պատմական այց է, հրավեր է եղել Էրդողանի կողմից. Ալեն Սիմոնյան «Ներիր նրանց բոլորին և առաջ շարժվիր». Իվետա Մուկուչյան Մեթադոն ձեռք բերած 39-ամյա տղամարդը ձերբակալվել է Հայտնաբերվել է 391 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Երևան-Մեղրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա
Ամենաընթերցվածները