Հայաստանի տնտեսական ակտիվության կառուցվածքի գորշ ու հակասական պատկերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի տնտեսական ակտիվությունը 2025 թվականի առաջին կիսամյակում գտնվում է մի վիճակում, որը կարելի է բնութագրել մի կողմից՝ որպես հակասական, իսկ մյուս կողմից՝ բազմաշերտ։

Տարեսկզբի դանդաղումը, որը պայմանավորված էր ինչպես արտաքին տնտեսական գործոններով, այնպես էլ ներքին կառուցվածքային խնդիրներով, մարտից սկսած որոշ չափով մեղմվեց՝ առավելապես ծառայությունների և շինարարության ոլորտների աճի շնորհիվ։ Այս երկու ճյուղն էլ հիմնականում համարվում է «ոչ արտահանելի», ինչը նշանակում է, որ դրանց աճը մեծապես պայմանավորված է ներքին պահանջարկով, ներդրումներով և մասնավոր հատվածի ակտիվությամբ։ Ընդհանուր առմամբ, եթե խորքային առումով ենք գնահատում իրավիճակը, ապա ակնհայտ է դառնում, որ Հայաստանի տնտեսության ակտիվության շարժիչ ուժերը ներկայում հիմնականում ներքին են, մինչդեռ արտահանման վրա հիմնված ճյուղերը, որոնք պետք է ապահովեին կայուն և երկարաժամկետ աճ, շարունակում են մնալ անկման դաշտում։

Արդյունաբերության դերը տնտեսական ակտիվության մեջ զգալիորեն նվազել է։ Այս ճյուղի նպաստումը տնտեսական աճին արդեն իսկ բացասական է՝ կազմելով մոտ -2,1 տոկոսային կետ։ Արդյունաբերության ընդհանուր արտադրանքի թողարկումն ընկել է շուրջ 12,1 %-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ինչը բավականին մտահոգիչ է։ Այս անկումը հիմնականում պայմանավորված է մշակող արդյունաբերության կրճատմամբ, որը երկար ժամանակ համարվել է տնտեսության այն հատվածներից մեկը, որը կարող էր ապահովել ավելացված արժեք և արտահանման ծավալների աճ։

Սակայն, եթե նախկինում ոսկու վերաարտահանումը և դրա շուրջ ձևավորված օրակարգը թույլ էր տալիս ապահովել տնտեսական աճի որոշակի ցուցանիշներ, ապա ներկայում այդ գործոնի չեզոքացումն արդեն ջրի երես է հանում իրական պատկերը։ Արդյունքում պարզվում է, որ ոսկու վերաարտահանումից ստացված արդյունքը ոչ միայն ժամանակավոր էր, այլև տնտեսական բազայի ամրապնդման առումով գրեթե զրոյական նշանակություն ուներ։ Բայց նախորդ տարիներին այն ստեղծել էր կեղծ աճի պատրանք՝ գովերգվելով իշխանությունների կողմից որպես վերամշակման և ավելացված արժեքի ստեղծման մոդել, թե իբր այն ոչ թե ոսկու պարզ վերաարտահանում է, այլ իրականում հումքը ներմուծվում է ՀՀ, անցնում վերամշակում և հետո միայն որպես պատրաստի արտադրանք արտահանվում՝ զգալիորեն նպաստելով տնտեսական ակտիվության աճին։ Իսկ ներկայում իշխանությունները հակառակի մասին են փորձում պնդել՝ այս անգամ ձգտելով ապացուցել, որ վերաարտահանման գործոնը նույնիսկ վտանգավոր էր տնտեսության համար, քանի որ ստեղծում էր կախվածություն մի գործընթացից, որն ամբողջությամբ պայմանավորված էր արտաքին շուկաների կոնյուկտուրայով։

Ու պատահական չէ, որ ոսկու վերաարտահանման էյֆորիայի ներքո արդյունաբերության ճյուղերն անտեսվել են։ Օրինակ՝ այսպիսի պայմաններում մշակող արդյունաբերության տարբեր ուղղություններ հայտնվել են ծանր վիճակում։ Անկում են գրանցել նաև այնպիսի կարևոր ենթաոլորտներ, ինչպիսիք են խմիչքների արտադրությունը, ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրությունը և հագուստի արտադրությունը։ Սա վկայում է ոչ միայն ներդրումային միջավայրի խնդիրների, այլ նաև ներքին շուկայի սահմանափակ հնարավորությունների մասին։

Բացի արդյունաբերությունից, լուրջ խնդիրներ կան արտաքին առևտրի ոլորտում։ 2025 թվականի առաջին կիսամյակում արտահանման և ներմուծման ցուցանիշները գտնվում են խոր անկման փուլում։ Սա պայմանավորված է ինչպես տարածաշրջանային լոգիստիկ սահմանափակումներով, այնպես էլ արտաքին պահանջարկի անկմամբ։ Ռուսաստանի հետ առևտրային հարաբերություններում ժամանակ առ ժամանակ առաջ եկող խնդիրները, արևմտյան շուկաներ մուտք գործելու դժվարությունները, ինչպես նաև Իրանի ուղղությամբ տարանցման սահմանափակումները զգալիորեն նվազեցրել են արտահանման հնարավորությունները։

Այս իրավիճակում Հայաստանի տնտեսությունը մեծապես կախված է դարձել ծառայությունների ոլորտից, մասնավորապես՝ ՏՏ և բիզնես ծառայություններից, ինչպես նաև շինարարությունից, որտեղ առկա են որոշակի դրական միտումներ՝ պայմանավորված թե՛ մասնավոր ներդրումներով, թե՛ բնակարանաշինության ակտիվացմամբ։

Բյուջետային քաղաքականության առումով նույնպես պատկերը միանշանակ չէ։ 2025 թվականի առաջին կիսամյակում պետական բյուջեի փաստացի եկամուտները կազմել են մոտ 1,433.1 մլրդ դրամ, սակայն պաշտոնական դրամաշնորհները պակասել են պլանավորվածից շուրջ 29,4 %-ով։ Սա պայմանավորված է նպատակային դրամաշնորհային ծրագրերի ցածր կատարողականությամբ, ինչը վկայում է կառավարման և ծրագրերի իրագործման խնդիրների մասին։ Միևնույն ժամանակ, բյուջեի այլ եկամուտները գերազանցել են ինչպես պլանավորված, այնպես էլ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի մակարդակները՝ հիմնականում բանկերում և այլ ֆինանսական հաստատություններում ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից ստացված տոկոսավճարների աճի հաշվին։

Սա, իր հերթին, հուշում է, որ պետությունը կուտակել է ազատ միջոցներ, բայց վարվող հարկաբյուջետային քաղաքականության արդյունքում փաստացի զսպվել է տնտեսության զարգացումը, քանի որ այդ միջոցները չեն ուղղվել տնտեսության որոշակի հատվածներ՝ դրանց զարգացմանը խթան հաղորդելու համար։

Պետական բյուջեի ծախսերի թերակատարումը մտահոգիչ է, քանի որ տնտեսական դանդաղման պայմաններում կառավարության հիմնական գործիքը կարող էր լինել ավելի ակտիվ ֆիսկալ քաղաքականությունը։ Սակայն, երբ ծախսերը հետաձգվում են կամ իրականացվում ոչ լիարժեք, տնտեսության վերականգնման տեմպերը դանդաղում են։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Կարվախալը հուզիչ գրառումով հրաժեշտ է տվել Մադրիդի «Ռեալին» Բենզինի և դիզելային վառելիքի գները երկար ժամանակ բարձր կմնան Հորմուզի շրջափակման պատճառով․ Լեսկուր Քրեական ոստիկաններն ու պարեկները երիտասարդների մոտ 4 կիլոգրամ թմրամիջոց են հայտնաբերել Ադրբեջան են տեղափոխվել Հայաստանից վտարված 300 հազար էթնիկ ադրբեջանցի փախստականներ․ Հաջիև «Mercedes»-ը Նոր Գեղիի գյուղապետարանի մոտ բախվել է «Հայ մամուլ»-ի մեքենային, ապա վրшերթի ենթարկել հետիոտնին․ կան տուժածներ Ջոն Լենոնը իր վերջին հարցազրույցում՝ սպանությունից մի քանի ժամ առաջ խոսել է մահվան մասին ԱՄՆ-ի կողմից պшտերազմի շարունակման դեպքում կբացվեն այլ ճակատներ. Մոջթաբա Խամենեի Նեյմարի մեծ վերադարձը․ Անչելոտին հրապարակել է Բրազիլիայի հայտացուցակն ԱԱ-2026-ի համար Վերա Բրեժնևան Կաննում ներկայացել էր նշանադրության մատանիով Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերից ի վեր Մերձավոր Արևելքում զբաղեցրել է շուրջ 1,000 քառ. կմ տարածք ՌԴ-ի և ՉԺՀ-ի բարեկամությունն ուղղված չէ որևէ մեկի դեմ, այլ ուղղված է համընդհանուր բարգավաճմանը. Պուտին ԱՄՆ-ը ավելի քան 85 միլիարդ դոլար է ծախսել Իրանում ռшզմական գործողության վրա Ռուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերը խոցել են ուկրաինական 315 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունը․ ՆԳՆ ԱՄՆ-ի կենսալաբորատորիաները Հայաստանում և ՌԴ սահմաններին «անտեսանելի պատերազմ են»․ Վիկտոր Եմելյանենկո Երևանում բակի մուտքը ավտոմեքենայով փակելու համար 33-ամյա տղամարդուն մի քանի հոգով ծեծի են ենթարկել Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Խոշոր վթար՝ Իսակովի պողոտայում․ կան վիրավորներ Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց Արցախցի սամբիստ Կարեն Սարգսյանը դարձել Եվրոպայի չեմպիոն ԻՀՊԿ-ն սպառնում է ոչնչացնել Պարսից ծոցի հարավում գտնվող ամերիկյան բազաները ԱՀԿ-ն ցածր է համարում հանտավիրուսի համաճարակի ռիսկը Ադրբեջանը Հայաստան է արտահանել 9,646,000 դոլարի ապրանքներ Պակիստանը Սաուդյան Արաբիա է տեղակայում 8000 զինվորական, կործանիչներ․ Reuters Մրցակցության և... համագործակցության բարդ կոնյուկտուրան. «Փաստ»
Ամենաընթերցվածները