Ռիսկեր՝ համընդհանուր առողջապահական ապահովագրության ներդրման ճանապարհին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգի ներդրման հարցը վերջին տարիներին դարձել է հասարակական-քաղաքական ամենաակտուալ քննարկվող թեմաներից մեկը՝ անմիջականորեն առնչվելով երկրի սոցիալական քաղաքականության, առողջապահական ծառայությունների մատչելիության, հանրային առողջության բարեփոխումների և պետական կառավարման արդյունավետության հիմնարար հարցերին։

Այս համակարգի աստիճանական ներդրումը ենթադրում է, որ երկրի յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ իր սոցիալական կարգավիճակից և եկամտի մակարդակից, պետք է պարտադիր մասնակցի առողջապահական ապահովագրական վճարներին, իսկ պետության ու մասնավոր ապահովագրական ընկերությունների համատեղ պատասխանատվությամբ պետք է երաշխավորվի որակյալ բժշկական ծառայությունների համընդհանուր հասանելիությունը։ Այս մոդելը, սակայն, իր հետ բերում է ինչպես ակնհայտ դրական հեռանկարներ, այնպես էլ մի շարք խորքային ռիսկեր ու մարտահրավերներ, որոնց բազմաշերտ վերլուծությունը կարևոր է՝ հասկանալու համար, թե որքանով է այն կարող ապահովել երկարաժամկետ սոցիալական կայունություն և առողջապահության համակարգի զարգացում Հայաստանում։

Նախ՝ պետք է արձանագրել, որ պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգի ներդրման հիմնական դրական կողմը առողջապահական ծառայությունների համընդհանուր հասանելիությունն ապահովելու և սոցիալական արդարության սկզբունքները կյանքի կոչելն է։ Մինչև այսօր Հայաստանի առողջապահական ոլորտում պահպանվում են լրջագույն անհավասարություններ՝ կապված բժշկական ծառայությունների մատչելիության և որակի հետ։

Պարտադիր ապահովագրության համակարգի ներդրումը հնարավորություն է ստեղծում պետության և քաղաքացիների միջև նոր սոցիալական պայմանագրի ամրապնդման համար, որի համաձայն, առողջապահությունը դադարում է լինել միայն վճարունակների, սոցիալապես առավել ապահովվածների իրավունք և դառնում է բոլորի համար հասանելի հիմնական ծառայություն։ Այս մոտեցումը հատկապես կարևոր է գյուղական համայնքների, սոցիալապես խոցելի խմբերի և անապահով ընտանիքների համար, որոնք ներկայում հաճախ զրկված են որակյալ բժշկական օգնությունից՝ ֆինանսական սահմանափակումների պատճառով։ Պարտադիր ապահովագրական համակարգի ներդրման դրական կողմերից է նաև առողջապահության ոլորտի ֆինանսական կայունության և կանխատեսելիության բարձրացումը։ Այսօր ոլորտի ֆինանսավորումն իրականացվում է հիմնականում պետական բյուջեից, ինչպես նաև առանձին տնտեսությունների ուղիղ վճարումների միջոցով, ինչն իր հետ բերում է ֆինանսավորման անկայունություն, ստվերային վճարումների տարածում և կոռուպցիոն ռիսկերի աճ։ Պարտադիր ապահովագրության դեպքում հավաքագրվում է հատուկ հիմնադրամ, որից իրականացվում են բժշկական ծառայությունների վճարումները, ինչը հնարավորություն է տալիս նվազեցնել անհատական ծախսերի ծանրաբեռնվածությունը, ապահովել բժշկական հաստատությունների ֆինանսական կայունությունը և կանխատեսելիությունը, ինչպես նաև նվազեցնել ոչ պաշտոնական վճարումների և կոռուպցիայի մակարդակը։ Այս հիմնադրամի միջոցով հնարավոր է նաև ապահովել ռիսկերի հավասարաչափ բաշխում բնակչության տարբեր խմբերի միջև, ինչը նպաստում է սոցիալական համերաշխության և փոխադարձ աջակցության մթնոլորտի ձևավորմանը։

Վերլուծելով միջազգային փորձը՝ կարելի է նշել, որ պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգերի ներդրումը բազմաթիվ երկրներում նպաստել է ոչ միայն առողջապահական ծառայությունների հասանելիության, այլև դրանց որակի էական բարձրացմանը։ Այս համակարգը խթանում է նաև առողջապահական ծառայությունների ստանդարտացմանը, վերահսկողության և գնահատման մեխանիզմների ամրապնդմանը, ինչպես նաև առողջապահության ոլորտում մրցակցային միջավայրի ձևավորմանը, ինչի արդյունքում բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը զգալիորեն աճում է։

Սակայն ՊԱԱ ներդրման ճանապարհին կանգնած են մի շարք լրջագույն մարտահրավերներ ու ռիսկեր, որոնք անտեսելը կարող է հանգեցնել համակարգի արդյունավետության նվազմանը կամ նույնիսկ դրա ձախողմանը։ Առաջին հերթին՝ նշանակություն ունեն Հայաստանի տնտեսության կառուցվածքն ու առանձնահատկությունները, մասնավորապես աշխատաշուկայի մեծ ստվերայնությունը, հարկային մշակույթի թերզարգացած լինելը կարող են խոչընդոտել ապահովագրական վճարների արդյունավետ հավաքագրմանը։ Շատ քաղաքացիներ՝ հատկապես ինքնազբաղվածները, անհատ ձեռնարկատերերը կամ ժամանակավոր աշխատանք ունեցողները, կարող են խուսափել պարտադիր վճարումներից կամ փորձել շրջանցել համակարգը, ինչը կթուլացնի հիմնադրամի եկամուտների բազան և կխաթարի ռիսկերի հավասարաչափ բաշխման սկզբունքը։ Այս պայմաններում համակարգի ծանրաբեռնվածությունն ընկնում է հիմնականում աշխատող միջին խավի ու պաշտոնապես գրանցված աշխատողների վրա, ինչը կարող է առաջացնել սոցիալական լարվածություն և դժգոհություն։

Բացի ֆինանսական ու կազմակերպչական խնդիրներից, լուրջ մարտահրավեր է առողջապահական ենթակառուցվածքների և մարդկային ռեսուրսների պատրաստվածության հարցը։ Հայաստանի մարզերում՝ հատկապես սահմանամերձ և լեռնային համայնքներում, բժշկական հաստատությունների տեխնիկական հագեցվածությունը, մասնագետների թիվը և ծառայությունների որակը հաճախ չեն բավարարում նվազագույն պահանջները։ Պարտադիր ապահովագրության ներդրումը կարող է կտրուկ ավելացնել բժշկական օգնության պահանջարկը, ինչի արդյունքում առանց ենթակառուցվածքների և կադրային հնարավորությունների արագ արդիականացման հնարավոր է սպասարկման երկար հերթերի, ոչ որակյալ բուժման և բնակչության դժգոհության աճ։ Նման իրավիճակում համակարգը կարող է դառնալ ոչ թե սոցիալական արդարության և առողջության բարելավման գործիք, այլ հակառակը՝ դժգոհությունների, բողոքների և անվստահության աղբյուր։

Առողջապահական ծառայությունների որակի վերահսկման և արժանահավատության ապահովման հարցը ևս կենսական նշանակություն ունի։ Պարտադիր ապահովագրական համակարգի արդյունավետությունը մեծապես կախված է ոչ միայն ֆինանսական հոսքերի կառավարման որակից, այլև բժշկական ծառայությունների ստանդարտացման, վերահսկողության և հաշվետվողականության գործնական մեխանիզմների ներդրումից։ Առանց նման վերահսկողության կարող են իրականացվել այնպիսի գործառույթներ, որոնք ներառում են կեղծ հաշվետվություններ, չարաշահումներ, «թղթե» ծառայությունների մատուցում և անգամ կոռուպցիոն սխեմաներ, ինչը կխաթարի համակարգի նկատմամբ հանրային վստահությունը։

Եվս մեկ կարևոր հանգամանք վերաբերում է նման համակարգի ներդրման գործընթացում հասարակական մշակույթի, հանրային վստահության և հոգեբանության դերին։ Խորհրդային և հետխորհրդային տարիներին առողջապահության ոլորտում ձևավորվել են յուրահատուկ վարքային մոդելներ՝ շեշտը դնելով անձնական կապերի, ուղղակի կամ ոչ պաշտոնական վճարումների վրա։ Նոր պարտադիր ապահովագրական համակարգը իր հետ բերում է ոչ միայն օրենքների և նորմերի փոփոխություն, այլև հանրային մտածողության, առողջապահական մշակույթի և քաղաքացիների վարքագծի փոփոխության անհրաժեշտություն։

Առանց լայնամասշտաբ իրազեկման, հանրային կրթության, վստահության ամրապնդման և քաղաքացիների ակտիվ ներգրավման նման համակարգը կարող է բախվել դիմադրության, անվստահության, սխալ ընկալումների և նույնիսկ կանխամտածված շրջանցման փորձերի։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Ամբոխը, արևը և լուռ քաղաքը. ո՞ւմ և ինչո՞ւ է Եկեղեցին «խանգարում». «Փաստ» Ոչնչի հասնել դուք չեք կարող. «Փաստ» «Ինչպես որևէ մեկը Հայաստանի այսօրվա իշխանությունների կարծիքը հաշվի չի առնում, այնպես էլ հաշվի չի առնելու հետագայում». «Փաստ» Թևքերը քշտած՝ պարգևավճարվել է, որ պարգևավճարվում են. «Փաստ» Արտաքին «խաղացողներն» արդեն անթաքույց են խառնվում Հայաստանի ներքին գործերին. «Փաստ» Կոռուպցիան վերադարձե՞լ է ՊԵԿ. «Փաստ» Թունավորվել են ոչ թե սննդից, այլ... շմոլ գազից. «Փաստ» Տարիներով խախտում՝ զրո վարույթ. ինչո՞ւ Հակակոռուպցիոն կոմիտեն «չի տեսնում» ակնհայտը. «Փաստ» Անկարան դեմ է Իրանի նկատմամբ ցանկացած ռազմակшն միջամտության. Ֆիդան Ռուսաստանի Դաշնության հետ խոսել ենք երկաթուղու խնդրից, սպասում ենք պատասխանին. Նիկոլ Փաշինյան Կրեմլը համաձայն է Թրամփի հետ, որ Զելենսկին խոչընդոտում է Ուկրաինայում խաղաղության գործընթացը. Պեսկով Բանգկոկում շինարարական կռունկը փլուզվել է 2 մեքենայի վրա. կա 2 զnհ Համոզված եղեք՝ այս տարի դեկտեմբերին էլ չի լինի հեղուկ գազի թանկացման խնդիր. Նիկոլ Փաշինյան «Nissan Teana»-ն բախվել է բետոնե պարսպին և մոտ 5 մետր բարձրությունից գլխիվայր շրջվել Ֆրանսիան կմասնակցի Դանիայի հետ համատեղ զորավարժnւթյուններին Գրենլանդիայում. Մակրոն ՀՀ-ն կմնա ԵԱՏՄ անդամ այնքան, որքան համատեղելիությունը հնարավոր կլինի. Նիկոլ Փաշինյան Երևանում՝ Աբովյան փողոցում, հնչել է կրակոց. կան վիրավորներ Աշխարհի լավագույն 50 բուհերն ավարտած և ՀՀ-ում երեք տարի աշխատած քաղաքացիները կազատվեն պարտադիր զինծառայությունից Ռուսական ակտիվների բռնագրավման առաջարկը մնում է ուժի մեջ. Եվրահանձնաժողովի նախագահ 8-ից ավելի կանչ տվող բուժառուների համար ծառայությունը վճարովի կլինի․ «Շտապօգնության» տնօրեն Հայաստանի շուրջ իրավիճակն ավելի կայուն երբեք չի եղել իր գոյության պատմության ողջ ընթացքում. Նիկոլ Փաշինյան SpaceX-ն անվճար հասանելիություն է տվել Starlink-ին Իրանում. Bloomberg «Այս փաստաթուղթը չի տալիս հստակեցումներ, հակառակը՝ այն ավելի շատ հարցեր է առաջացնում՝ դրանով իսկ դարձնելով այն բավականին երկիմաստ». «Փաստ» Իսկապե՞ս «ինքնիշխան», իսկապե՞ս «արդար» գործարք. «Փաստ» Գնաճը դառնում է ավելի համատարած և ներթափանցում է սպառողական զամբյուղի գրեթե բոլոր բաղադրիչներ. «Փաստ»
Ամենաընթերցվածները