Զարգացման իմիտացիան և խոշոր նախագծերի «փուչիկը»՝ որպես քաղաքական կապիտալի փիառային աղբյուրներ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի անկախության ամբողջ ժամանակահատվածում նոր ենթակառուցվածքների ստեղծման, խոշոր տնտեսական նախագծերի իրականացման և զարգացման ռազմավարական ծրագրերի թեման մշտապես եղել է հանրային և քաղաքական օրակարգի կենտրոնում։ Եվ դա պատահական չէ. փոքր շուկա ունեցող, շրջափակված սահմաններով և բարդ աշխարհաքաղաքական միջավայրում գտնվող պետության համար ենթակառուցվածքները պարզապես տնտեսական նախագծեր չեն, այլ գոյաբանական անհրաժեշտություն։

Արտադրական հզորությունների զարգացումը, տրանսպորտային և լոգիստիկ կապերի ընդլայնումը, էներգետիկ համակարգի արդիականացումը և քաղաքային ենթակառուցվածքների արդիականացումը այն առանցքային ուղղություններն են, որոնցից կախված է երկրի մրցունակությունը, ներդրումային գրավչությունը և նույնիսկ պետականության կայունությունը։ Սակայն Հայաստանի ներքաղաքական իրականության մեջ տարիների ընթացքում ձևավորվել է մի հակասական երևույթ։ Ենթակառուցվածքային մեծ նախագծերը հաճախ վերածվում են ոչ թե զարգացման գործիքների, այլ քաղաքական հաղորդակցության և ներքաղաքական դիվիդենտներ հավաքելու միջոցների։ Նոր նախագծերի մասին խոսելը դարձել է մշտական ֆոնային գործընթաց ներքին քաղաքականության մեջ։ Հանրությանը պարբերաբար ներկայացվում են մեծամասշտաբ նախաձեռնություններ, որոնց շուրջ ձևավորվում է սպասումների բարձր ալիք, ստեղծվում է առաջընթացի տպավորություն, սակայն ժամանակի ընթացքում պարզվում է, որ այդ ծրագրերն այդպես էլ չեն անցնում իրականացման ինստիտուցիոնալ փուլերը։

Արդյունքում ստեղծվում է յուրատեսակ քաղաքական ցիկլ՝ հայտարարություն, հանրային քննարկում, մեդիա ակտիվություն, խորհրդակցությունների և բանակցությունների մասին հաղորդագրություններ, հետո թեմայի աստիճանական մարում, իսկ որոշ ժամանակ անց նույն գաղափարի նորից «վերամարմնավորում»՝ արդեն որպես «նոր նախաձեռնություն»։ Այս մեխանիզմը թույլ է տալիս իշխանությանը մշտապես պահպանել զարգացման օրակարգի իմիտացիա՝ առանց անհրաժեշտ արդյունքային պատասխանատվության։

Հայաստանում հատկապես ակնառու է արտադրական ենթակառուցվածքների խնդիրը։ Տասնամյակներ շարունակ տնտեսությունը մնացել է ծառայությունների և ներմուծման գերակայության մասնաբաժնում, իսկ արդյունաբերական քաղաքականությունը չի ստացել համակարգային բնույթ։ Եվ այս հանգամանքը հաշվի առնելով՝ պարբերաբար հայտարարություններ են արվում նոր գործարանների, տեխնոլոգիական կենտրոնների կամ վերամշակող արտադրությունների ստեղծման ծրագրերի մասին, սակայն դրանց զգալի մասը նույնիսկ չի անցնում տնտեսական կենսունակության քննությունը։

Հանրային հիշողության մեջ արդեն ձևավորվել է «բացված, բայց չաշխատող գործարանների» ֆենոմենը, երբ հանդիսավոր միջոցառումներով բացվում են արտադրական օբյեկտներ, որոնք կա՛մ չեն հասնում լիարժեք գործարկման, կա՛մ կարճ ժամանակ անց դադարում են ընդհանրապես աշխատել։ Այս երևույթը միայն տնտեսական ձախողում չէ, այն նաև վկայում է պետական ծրագրավորման նկատմամբ վստահության ճգնաժամի մասին։

Նույն տրամաբանությունը նկատվում է նաև քաղաքային ենթակառուցվածքների ոլորտում։ Մի քանի տարի շարունակ իշխանությունները խոսում են դեպի Աջափնյակ տանող մետրոյի նոր կայարանի կառուցման մասին։ Նախագիծը ներկայացվում է որպես մայրաքաղաքի տրանսպորտային խնդիրների լուծման ռազմավարական քայլ։ Ու այն նույնիսկ դարձել էր ընտրական խոստումների առանցքային բաղադրիչներից մեկը։ Սակայն ընտրական փուլերի ավարտից հետո գործնական առաջընթացը գրեթե աննկատ է։ Չկան կառուցման իրական փուլ մտնելու հստակ նշաններ, ֆինանսավորման վերջնական աղբյուրներ կամ շինարարական ժամանակացույցի տեսանելի իրականացում, մինչդեռ թեման շարունակում է շրջանառվել տեղեկատվական դաշտում։

Այդպիսով, նախագիծը դառնում է ոչ թե ենթակառուցվածք, այլ ընդամենը «քաղաքական հաղորդագրություն»։

Ավելի լայն մասշտաբում նույն պատկերն է նաև Հյուսիս–հարավ ավտոմայրուղու ծրագրի դեպքում։ Այս ճանապարհը տարիներ շարունակ ներկայացվում է որպես Հայաստանի տնտեսական ապագայի առանցքային ողնաշար, որը պետք է փոխի երկրի լոգիստիկ դիրքը տարածաշրջանում։ Պարբերաբար կազմակերպվում են ցուցադրական այցելություններ, հայտարարվում են նոր ֆինանսական տրանշների ներգրավման մասին, հրապարակվում են շինարարական հատվածների մեկնարկի մասին լուրեր։ Սակայն ընդհանուր առաջընթացը մնում է չափազանց դանդաղ։ Ժամանակային տեսանկյունից արդեն անցել է բավական ժամանակահատված, որպեսզի ճանապարհի հիմնական մասն ուղղակի ավարտված լիներ, սակայն փաստն այն է, որ նախագիծը դեռևս գտնվում է մասնատված և երկարաձգվող փուլերում։ Սա ստեղծում է այնպիսի տպավորություն, որ ճանապարհի կառուցման գործընթացը վերածվել է մշտական քաղաքական գործընթացի, որի ավարտը, կարծես, ձեռնտու չէ, որովհետև ավարտված նախագիծը դադարում է լինել քաղաքական կապիտալի աղբյուր։

Ուշագրավ վիճակ է նաև էներգետիկ անվտանգության ոլորտում։ Նոր մոդուլային ատոմակայանի կառուցման գաղափարը ներկայացվում է որպես ռազմավարական առաջնահերթություն։ Իշխանությունները պարբերաբար հայտարարում են, որ քննարկումներ են ընթանում տարբեր գործընկերների հետ՝ սկսած Ռուսաստանից մինչև ԱՄՆ և Հարավային Կորեա։ Հանրությանը փոխանցվում է սպասման տրամադրություն, թե Հայաստանը մոտ ապագայում ունենալու է նոր ատոմակայան։ Սակայն, եթե հաշվի ենք առնում, որ Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգվել է մինչև 2036 թվականը և տեխնիկապես հնարավոր է նորից երկարաձգել, ապա այս թեմայի մեջ զուտ քաղաքական հաշվարկը դառնում է առավել ակնհայտ։ Նոր ատոմակայանի շինարարությունը պահանջում է հսկայական ներդրումներ, երկարաժամկետ ռազմավարություն և ինստիտուցիոնալ կայունություն, իսկ այդպիսի ծանր պարտավորության ստանձնումը կարող է քաղաքական ռիսկեր ստեղծել։ Արդյունքում թեման պահվում է հանրային օրակարգում որպես ապագայի խոստում՝ առանց իրական մեկնարկի։

Այս բոլոր օրինակները միասին ձևավորում են կառավարման յուրահատուկ մոդել, որտեղ ենթակառուցվածքային ծրագրերը դառնում են ընդամենը քաղաքական օրակարգի վերարտադրության գործիք։ Հանրությանը մշտապես ներկայացվում է զարգացող երկրի պատկերը, որտեղ «շուտով» պետք է սկսվեն մեծ նախագծեր, սակայն այդ «շուտովը» մշտապես տեղափոխվում է ապագա։ Սա ստեղծում է ժամանակավոր առաջընթացի զգացողություն, որը թույլ է տալիս իշխանությանը պահպանել նախաձեռնողականության իմիջը՝ առանց համակարգային արդյունքների։

Խնդրի խորքային պատճառը միայն քաղաքական կամքի պակասը չէ։ Այստեղ գործում է նաև պատասխանատվությունից խուսափելու տրամաբանությունը։ Չէ որ ավարտված նախագիծը ենթակա է գնահատման, թե ինչքանով հաջողվեց։ Իսկ անընդհատ քննարկվող նախագիծը գնահատման ենթակա չէ, որովհետև այն դեռ «ընթացքի մեջ» է։ Այդպիսով իշխանությունը մշտապես մնում է խոստումների փուլում, որտեղ հաշվետվողականության պահանջը նվազագույն է։

Սակայն նման մոտեցման երկարաժամկետ հետևանքները կարող են լինել վտանգավոր։ Նախ՝ այդպիսով ձևավորվում է հանրային խոր անվստահություն պետական ծրագրերի նկատմամբ։ Պետական պլանավորումը սկսում է ընկալվել որպես փիառ գործընթաց, ոչ թե ռազմավարական կառավարում։ Երբ քաղաքացիները բազմիցս լսում են նույն խոստումները առանց արդյունքի, ապա, ընդհանուր առմամբ, բարձր մակարդակով արված հայտարարությունները կորցնում են իրենց արժանահավատությունը։

Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ տնտեսական զարգացման հնարավորությունները իրականում բաց են թողնվում։ Մինչ մեր քաղաքական դաշտում քննարկվում են ապագա նախագծերը, տարածաշրջանային մրցակիցները իրականացնում են կոնկրետ ներդրումներ և ամրապնդում իրենց լոգիստիկ ու արտադրական դիրքերը։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Z սերնդի տղամարդիկ կարծում են, որ կանայք պետք է «ենթարկվեն» իրենց ամուսիններին Գիտնականները պարզել են, թե ինչու որոշ հիշողություններ չեն կարող «թափանցել» գիտակցության մեջ ԱՄԷ-ում հաշվել են Իրանից մեկ օրում արձակումների քանակը. առնվազն 16 բալիստիկ հրթիռ և 121 ԱԹՍ Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմին Իրանն այլևս Մերձավոր Արևելքի բռնակալը չէ, այլ Մերձավոր Արևելքի պարտվողն է․ Թրամփ ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է Գրեթե մերկ. Էմիլի Ռատակովսկին՝ Փարիզում կայացած Loewe-ի ցուցադրությանը Ռուսական էներգակիրների պահանջարկը զգալիորեն աճել է Իրանում պшտերազմի պատճառով. Պեսկով Ռուսաստանն Իրանին է փոխանցում հետախnւզական տվյալներ Մերձավոր Արևելքում ԱՄՆ nւժերի մասին․ The Washington Post Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային ընտրանու՝ արտերկրից հրավիրված ֆուտբոլիստների ցանկը ԱՄՆ-ն քննարկում է Patriot համակարգերի տեղափոխումը Հարավային Կորեայից Մերձավոր Արևելք «Երբ սովորում ենք գնահատել փոքր պահերը, կյանքը դառնում է ավելի թեթև ու լուսավոր». Քրիստինա Եղոյան Ուժի քաղաքականության վերադարձի վտանգն ու աշխարհակարգային տրամաբանության վերափոխումը. «Փաստ» Հատվածական որոշումներն ու քայլերը ոչինչ չեն փոխում. «Փաստ» «Դպրոցների փակման այս ամբողջ գործընթացը կապված է ծախսերի հետ. այդ ուսուցիչների 90 տոկոսից ավելին կորցնելու է իր աշխատանքը». «Փաստ»
Ամենաընթերցվածները