Հատվածական որոշումներն ու քայլերը ոչինչ չեն փոխում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Պետության հզորությունը սովորաբար չափվում է տնտեսությամբ, տարածքով, բնական ռեսուրսներով կամ ռազմական կարողություններով, սակայն պատմական փորձը ցույց է տալիս, որ այս բոլոր գործոնները կորցնում են իրենց նշանակությունը, եթե չկա մարդկային ռեսուրս՝ բնակչություն, որը կարող է ստեղծել, պաշտպանել և զարգացնել պետությունը։ Ժողովրդագրությունը Հայաստանի համար միշտ էլ եղել է գոյաբանական հարց։

2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի բնակչությունը կազմել է շուրջ 3 միլիոն 97 հազար մարդ, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է մոտ 21 հազարով։ Առաջին հայացքից թվերը կարող են ստեղծել կայունության կամ նույնիսկ դրական դինամիկայի տպավորություն, սակայն խորքային ժողովրդագրական վերլուծությունը ցույց է տալիս բոլորովին այլ պատկեր։ Բնակչության թվաքանակի մեխանիկական աճը դեռ չի նշանակում ժողովրդագրական առողջություն, որովհետև այդ աճը հաճախ պայմանավորված է միգրացիոն կամ հաշվառման գործոններով, մինչդեռ բնական աճի բաղադրիչները՝ ծնելիությունն ու մահացությունը, շարժվում են հակառակ ուղղություններով։ 2025 թվականին, օրինակ՝ ծնունդների թիվը մոտ 1500-ով նվազել է 2024 թվականի համեմատ, իսկ մահացության ցուցանիշը աճել է՝ ավելանալով 129 դեպքով։ Սա նշանակում է, որ բնական աճի հիմքը աստիճանաբար թուլանում է։

Հայաստանի ժողովրդագրական իրավիճակը պետք է դիտարկել վերջին տարիների ծանր պատմաքաղաքական իրադարձությունների համատեքստում։ Կորոնավիրուսի համավարակը ոչ միայն անմիջականորեն բարձրացրեց մահացությունը, այլ նաև առաջացրեց հոգեբանական և սոցիալ-տնտեսական անորոշություն, որը հետաձգեց ընտանիք կազմելու և երեխաներ ունենալու որոշումները։ 2020 թվականի Արցախյան պատերազմը դարձավ ժողովրդագրական խոր ցնցում՝ մարդկային կորուստներով, պատերազմի հետևանքով առաջացած սոցիալական տրավմաներով և երիտասարդ տղամարդկանց զգալի կորստով, որոնք հենց վերարտադրողական տարիքային խմբի ներկայացուցիչներ էին։ 2023 թվականին արցախահայության բռնագաղթը ևս նոր շերտ ավելացրեց ժողովրդագրական ճգնաժամին՝ փոխելով բնակչության կառուցվածքը, սոցիալական բեռը և ինտեգրման մարտահրավերները։ Այս բոլոր գործընթացները միասին ձևավորեցին մի իրավիճակ, որտեղ ժողովրդագրական վերարտադրության բնական մեխանիզմներն սկսեցին խաթարվել։

Ծնելիության անկման կարևոր պատճառներից մեկը ամուսնության տարիքային շեմի էական բարձրացումն է։ Երիտասարդներն ավելի ուշ են ամուսնանում՝ հաճախ մինչև երեսուն տարեկանը կամ ավելի հետաձգելով ընտանիք կազմելու որոշումը։ Այս երևույթն ունի բազմաշերտ պատճառներ՝ տնտեսական անորոշություն, աշխատաշուկայի անկայունություն, բնակարանային խնդիրներ, սոցիալական ինքնաիրացման ձգձգում և արժեքային փոփոխություններ։ Իսկ երբ ամուսնությունը հետաձգվում է, ավտոմատ կերպով կրճատվում է նաև ծնելիության ժամանակային պատուհանը, ինչի հետևանքով ընտանիքները ունենում են ավելի քիչ երեխաներ կամ ընդհանրապես հրաժարվում են բազմազավակ մոդելից։

Մյուս կողմից՝ ծնունդների թվի նվազումը պայմանավորված է նաև պարզ ժողովրդագրական հաշվարկով. ծնողների պոտենցիալ սերունդն ինքնին փոքրացել է։ Երբ նախորդ տասնամյակներում ծնունդները քիչ են եղել, հաջորդ սերունդներում ծնող դառնալու տարիքի մարդկանց թիվը նույնպես նվազում է, և գործընթացն սկսում է ինքն իրեն վերարտադրել՝ ստեղծելով ժողովրդագրական իներցիա։

Մտահոգիչ է նաև ամուսնալուծությունների աճող ցուցանիշը։ Ընտանիքը միշտ եղել է հայկական հասարակության սոցիալական առանցքը՝ հիմնված ազգային և քրիստոնեական արժեքային համակարգի վրա, որտեղ այն դիտարկվում էր առանձնահատուկ հասարակական ինստիտուտ։ Վերջին տարիներին նկատվում է արժեքային դաշտի փոփոխություն, որտեղ կայուն ընտանիքի գաղափարը հաճախ մրցակցության մեջ է մտնում անհատական ինքնաիրացման նոր մոդելների հետ։ Հանրային միջավայրում տարածվող նարատիվները, ինչպես նաև որոշ բարձր պաշտոն զբաղեցնող գործիչների անձնական օրինակները հասարակական ընկալման մեջ երբեմն «նորմալացնում» են ամուսնալուծությունը՝ որպես սովորական սոցիալական երևույթ։ Սա ինքնին չի նշանակում, որ հասարակությունը պետք է վերադառնա անցյալի փակ մոդելներին, սակայն ընտանիքի ինստիտուտի թուլացումը անմիջապես ազդում է ծնելիության վրա, որովհետև ժողովրդագրական վերարտադրության հիմնական միջավայրը հենց կայուն ընտանիքն է։

Պետական քաղաքականության մակարդակում ծնելիության խթանումը հաճախ սահմանափակվում է ֆինանսական նպաստների տրամադրմամբ։ Թեև սոցիալական աջակցությունը կարևոր գործիք է, սակայն այն չի կարող ինքնուրույն փոխել ժողովրդագրական միտումները։ Ժողովրդագրությունը տնտեսագիտության, սոցիոլոգիայի, մշակույթի և հոգեբանության հատման կետում գտնվող երևույթ է։ Երիտասարդ ընտանիքը երեխա ունենալու որոշում է կայացնում ոչ միայն նպաստի չափից ելնելով, այլ երկարաժամկետ անվտանգությունից՝ աշխատանքի կայունություն, բնակարան ունենալու հնարավորություն, ապագայի կանխատեսելիություն և հասարակական միջավայրի բարոյահոգեբանական առողջություն։ Եթե երիտասարդը վստահ չէ իր աշխատանքի վաղվա օրվա վրա, չունի բնակարան ձեռք բերելու իրատեսական հնարավորություն կամ ապրում է մշտական անորոշության պայմաններում, ֆինանսական փոքր աջակցությունը չի դառնում որոշիչ գործոն։

Այս համատեքստում ժողովրդագրական քաղաքականությունը պետք է դիտարկվի որպես համալիր ազգային ռազմավարություն։ Աշխատատեղերի ստեղծումը, մարզերի տնտեսական ակտիվացումը, բնակարանային ֆոնդի զարգացումը, երիտասարդ ընտանիքների համար մատչելի վարկային ծրագրերը, կրթության և աշխատանքի կապի ամրապնդումը և առողջ հասարակական միջավայրի ձևավորումը միասին են ստեղծում այն պայմանները, որոնցում մարդիկ պատրաստ են ընտանիք կազմել և երեխաներ ունենալ։

Հայաստանի դեպքում ժողովրդագրական խնդիրը ունի նաև անվտանգության չափում։ Փոքր բնակչությամբ պետությունը ավելի խոցելի է տնտեսական մրցակցության, ռազմական հավասարակշռության և տարածաշրջանային քաղաքականության մեջ։ Բնակչության թվաքանակը անմիջականորեն կապված է աշխատուժի ծավալի, հարկային բազայի, բանակի համալրման և գիտական-տեխնոլոգիական զարգացման հետ։ Երբ բնակչությունը ծերանում է, երիտասարդների մասնաբաժինը նվազում է, իսկ աշխատունակ բնակչության վրա սոցիալական բեռը մեծանում է։ Դա էլ իր հերթին երկարաժամկետ հեռանկարում սահմանափակում է պետության զարգացման հնարավորությունները։

Ժողովրդագրական ճգնաժամերը սովորաբար չեն առաջանում մեկ տարվա ընթացքում և չեն լուծվում կարճաժամկետ քայլերով։ Դրանք կուտակային գործընթացներ են, որոնք արտահայտվում են տարիների ընթացքում ձևավորված տնտեսական, մշակութային և քաղաքական միտումների արդյունքում։ Այնպես որ, ժողովրդագրության ոլորտում պետության քայլերն էլ պետք է նախատեսված լինեն երկարաժամկետ հեռանկարի դիապազոնով։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Կարվախալը հուզիչ գրառումով հրաժեշտ է տվել Մադրիդի «Ռեալին» Բենզինի և դիզելային վառելիքի գները երկար ժամանակ բարձր կմնան Հորմուզի շրջափակման պատճառով․ Լեսկուր Քրեական ոստիկաններն ու պարեկները երիտասարդների մոտ 4 կիլոգրամ թմրամիջոց են հայտնաբերել Ադրբեջան են տեղափոխվել Հայաստանից վտարված 300 հազար էթնիկ ադրբեջանցի փախստականներ․ Հաջիև «Mercedes»-ը Նոր Գեղիի գյուղապետարանի մոտ բախվել է «Հայ մամուլ»-ի մեքենային, ապա վրшերթի ենթարկել հետիոտնին․ կան տուժածներ Ջոն Լենոնը իր վերջին հարցազրույցում՝ սպանությունից մի քանի ժամ առաջ խոսել է մահվան մասին ԱՄՆ-ի կողմից պшտերազմի շարունակման դեպքում կբացվեն այլ ճակատներ. Մոջթաբա Խամենեի Նեյմարի մեծ վերադարձը․ Անչելոտին հրապարակել է Բրազիլիայի հայտացուցակն ԱԱ-2026-ի համար Վերա Բրեժնևան Կաննում ներկայացել էր նշանադրության մատանիով Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերից ի վեր Մերձավոր Արևելքում զբաղեցրել է շուրջ 1,000 քառ. կմ տարածք ՌԴ-ի և ՉԺՀ-ի բարեկամությունն ուղղված չէ որևէ մեկի դեմ, այլ ուղղված է համընդհանուր բարգավաճմանը. Պուտին ԱՄՆ-ը ավելի քան 85 միլիարդ դոլար է ծախսել Իրանում ռшզմական գործողության վրա Ռուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերը խոցել են ուկրաինական 315 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունը․ ՆԳՆ ԱՄՆ-ի կենսալաբորատորիաները Հայաստանում և ՌԴ սահմաններին «անտեսանելի պատերազմ են»․ Վիկտոր Եմելյանենկո Երևանում բակի մուտքը ավտոմեքենայով փակելու համար 33-ամյա տղամարդուն մի քանի հոգով ծեծի են ենթարկել Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Խոշոր վթար՝ Իսակովի պողոտայում․ կան վիրավորներ Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց Արցախցի սամբիստ Կարեն Սարգսյանը դարձել Եվրոպայի չեմպիոն ԻՀՊԿ-ն սպառնում է ոչնչացնել Պարսից ծոցի հարավում գտնվող ամերիկյան բազաները ԱՀԿ-ն ցածր է համարում հանտավիրուսի համաճարակի ռիսկը Ադրբեջանը Հայաստան է արտահանել 9,646,000 դոլարի ապրանքներ Պակիստանը Սաուդյան Արաբիա է տեղակայում 8000 զինվորական, կործանիչներ․ Reuters Մրցակցության և... համագործակցության բարդ կոնյուկտուրան. «Փաստ»
Ամենաընթերցվածները