Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված ռազմական գործողությունները ոչ միայն աշխարհաքաղաքական, այլ նաև խոր տնտեսական հետևանքներ ունեցող իրադարձություն են, որոնք կարող են էապես փոխել համաշխարհային տնտեսության կառուցվածքային հավասարակշռությունը։ Ժամանակակից գլոբալ տնտեսությունը չափազանց փոխկապակցված համակարգ է, որտեղ տարածաշրջանային ռազմական բախումները հաճախ ունենում են ազդեցություն ամբողջ աշխարհում՝ էներգետիկ շուկաներից մինչև ֆինանսական համակարգեր, լոգիստիկ շղթաներից մինչև ներդրումային հոսքեր։ Իրանի շուրջ զարգացող հակամարտությունը հատկապես զգայուն է տնտեսական տեսանկյունից, որովհետև այն տեղի է ունենում մի տարածաշրջանում, որը համաշխարհային էներգետիկ համակարգի առանցքային կենտրոններից մեկն է։

Մերձավոր Արևելքը շարունակում է մնալ նավթի և գազի գլոբալ մատակարարման հիմնական աղբյուրներից մեկը, իսկ Իրանն իր աշխարհագրական դիրքով և ռեսուրսներով կարևոր դեր ունի այդ համակարգում։ Եվ առաջին և ամենաակնհայտ ազդեցությունը վերաբերում է էներգակիրների շուկաներին։ Իրանը նավթի և գազի խոշոր արտադրող երկրներից մեկն է, և նույնիսկ այն պայմաններում, երբ նրա արտահանումը սահմանափակված է եղել տարբեր պատժամիջոցներով, նրա ներկայությունը շուկայում միշտ ունեցել է կարևոր, ինչ-որ դեպքերում՝ նաև կայունացնող նշանակություն։

Ռազմական գործողությունների մեկնարկից հետո միջազգային շուկաներում անմիջապես արձանագրվում է էներգակիրների գների աճի միտում, որովհետև ներդրողները և առևտրային ընկերությունները սկսում են հաշվարկել հնարավոր ռիսկերը։ Նավթի գների բարձրացումը պայմանավորված է ոչ միայն Իրանի արտադրության հնարավոր նվազման վտանգով, այլ նաև նրանով, որ այն ազդում է Պարսից ծոցի արաբական երկրների արտահանման տեմպերի վրա։

Այս համատեքստում առանձնահատուկ կարևորություն ունի նաև Պարսից ծոցի և հարակից ծովային հաղորդակցության ուղիների անվտանգությունը։ Հատկապես զգայուն է Հորմուզի նեղուցի հարցը, որը աշխարհի ամենակարևոր էներգետիկ «շնչուղիներից» մեկն է, որն ապահովում էր համաշխարհային մակարդակով նավթի արտահանման մոտ 20 տոկոսը, ինչը զգալի թիվ է։ Եվ այս նեղուցի նույնիսկ կարճաժամկետ խափանումը կարող է առաջացնել շուկաների խուճապային արձագանք։ Եթե հակամարտությունը հասնի այն մակարդակին, որտեղ ծովային ուղիները դառնան վտանգավոր կամ փակվեն, ապա նավթի գները կարող են կտրուկ աճել՝ առաջացնելով համաշխարհային տնտեսության վրա շոկային ազդեցություն։ Նավթի գների բարձրացումն իր հերթին ազդում է գրեթե բոլոր տնտեսական ոլորտների վրա՝ բարձրացնելով արտադրության, տրանսպորտի և էներգիայի ծախսերը։

Էներգակիրների թանկացումը կարող է արագորեն վերածվել գլոբալ ինֆլ յացիոն ալիքի։ Վերջին տարիներին համաշխարհային տնտեսությունն արդեն իսկ բախվել է գնաճի լուրջ խնդիրների, որոնք պայմանավորված էին համավարակի հետևանքներով, մատակարարման շղթաների խափանումներով և տարածաշրջանային հակամարտություններով։ Նոր ռազմական ճգնաժամը Մերձավոր Արևելքում կարող է ուժեղացնել այդ միտումները։ Երբ նավթի և գազի գները աճում են, արտադրական ծախսերը բարձրանում են, իսկ այդ ծախսերը փոխանցվում են վերջնական սպառողներին։ Արդյունքում բարձրանում են սննդամթերքի, տրանսպորտի, արդյունաբերական ապրանքների և ծառայությունների գները։ Այս գործընթացը հատկապես ցավոտ է զարգացող երկրների համար, որոնք ավելի զգայուն են էներգետիկ շուկաների տատանումների նկատմամբ։

Համաշխարհային ֆինանսական շուկաները նույնպես արձագանքում են նման ճգնաժամերին։ Ռազմական լարվածությունը սովորաբար բարձրացնում է ներդրումային ռիսկերը, ինչի հետևանքով կապիտալը սկսում է շարժվել դեպի առավել «անվտանգ ապաստաններ»՝ ոսկի, որոշ պետական պարտատոմսեր կամ կայուն արժույթներ։

Ուստի, պատահական չէ, որ նման իրավիճակներում հաճախ աճում է ոսկու գինը, իսկ ֆոնդային շուկաներում նկատվում է անկայունություն։ Միջազգային ներդրողներն ավելի զգուշավոր են դառնում նոր ներդրումների հարցում հատկապես այն տարածաշրջաններում, որտեղ կարող են զգացվել հակամարտությունից որոշակի ազդեցություն։ Սա կարող է դանդաղեցնել տնտեսական աճը բազմաթիվ երկրներում։

Հակամարտության տնտեսական ազդեցությունը կարող է տարածվել նաև գլոբալ մատակարարման շղթաների վրա։ Ժամանակակից տնտեսությունը կառուցված է բարդ լոգիստիկ համակարգերի վրա, որտեղ ապրանքները և հումքը տեղափոխվում են տարբեր մայրցամաքների միջև։ Եթե Մերձավոր Արևելքում լարվածությունը հանգեցնի ծովային ուղիների կամ տրանսպորտային միջանցքների խափանման, ապա բազմաթիվ ոլորտներ կարող են բախվել մատակարարման խնդիրների։ Սա վերաբերում է ոչ միայն էներգակիրներին, այլ նաև նավթաքիմիական արտադրանքին, պարարտանյութերին և տարբեր արդյունաբերական հումքերին, որոնք կարևոր են համաշխարհային արտադրության համար։

Իրանի շուրջ խորացող հակամարտությունը կարող է նաև խորացնել տնտեսական բլոկների միջև մրցակցությունը։ Վերջին տարիներին աշխարհը շարժվում է դեպի տնտեսական բևեռացման մի փուլ, որտեղ մեծ տերությունները ձևավորում են իրենց տնտեսական և տեխնոլոգիական դաշինքները։ Եթե պատերազմական գործողությունները երկարաձգվեն, ապա այս հակամարտությունը կարող է ավելի խորացնել բաժանումը արևմտյան տնտեսական համակարգի և այն երկրների միջև, որոնք փորձում են կառուցել այլընտրանքային տնտեսական համագործակցության մոդելներ։ Իսկ այդպիսի գործընթացը կարող է արագացնել համաշխարհային տնտեսության մասնատումը՝ ձևավորելով տարբեր առևտրային և ֆինանսական բլոկներ։

Միաժամանակ, էներգետիկ շուկաների փոփոխությունը համաշխարհային տնտեսության մեջ կարող է իր հետ բերել որոշ կառուցվածքային փոփոխություններ։ Նավթի գների կտրուկ աճը հաճախ խթանում է վերականգնվող էներգիայի ոլորտի զարգացումը, որովհետև բարձր գները այլընտրանքային տեխնոլոգիաները դարձնում են ավելի մրցունակ։ Իսկ այդ պայմաններում որոշ երկրներ կարող են փորձել արագացնել էներգետիկ ինքնաբավության ծրագրերը՝ նվազեցնելու համար արտաքին շուկաների կախվածությունը։ Սա երկարաժամկետ հեռանկարում պայմաններ է ստեղծում գլոբալ էներգետիկ քարտեզը փոխելու համար։

Հակամարտության ազդեցությունը զգացվելու է նաև զարգացող տարածաշրջաններում, որտեղ տնտեսական կայունությունը հաճախ կախված է էներգակիրների գներից և արտաքին ներդրումներից։ Նավթի թանկացումը կարող է որոշ արտադրող երկրների համար բերել լրացուցիչ եկամուտներ, սակայն ներմուծող երկրների համար այն կարող է ստեղծել բյուջետային լուրջ խնդիրներ։ Արդյունքում կարող են աճել պետական պարտքերը, նվազել սոցիալական ծրագրերի ֆինանսավորումը և խորանալ տնտեսական անհավասարությունները։

Այս ամբողջ գործընթացը ցույց է տալիս, որ Իրանի շուրջ ռազմական հակամարտությունը ունի ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ։ Գլոբալ տնտեսությունը գտնվում է մի փուլում, որտեղ ցանկացած խոշոր տարածաշրջանային ճգնաժամ կարող է արագորեն վերածվել համաշխարհային տնտեսական ցնցման։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Կարվախալը հուզիչ գրառումով հրաժեշտ է տվել Մադրիդի «Ռեալին» Բենզինի և դիզելային վառելիքի գները երկար ժամանակ բարձր կմնան Հորմուզի շրջափակման պատճառով․ Լեսկուր Քրեական ոստիկաններն ու պարեկները երիտասարդների մոտ 4 կիլոգրամ թմրամիջոց են հայտնաբերել Ադրբեջան են տեղափոխվել Հայաստանից վտարված 300 հազար էթնիկ ադրբեջանցի փախստականներ․ Հաջիև «Mercedes»-ը Նոր Գեղիի գյուղապետարանի մոտ բախվել է «Հայ մամուլ»-ի մեքենային, ապա վրшերթի ենթարկել հետիոտնին․ կան տուժածներ Ջոն Լենոնը իր վերջին հարցազրույցում՝ սպանությունից մի քանի ժամ առաջ խոսել է մահվան մասին ԱՄՆ-ի կողմից պшտերազմի շարունակման դեպքում կբացվեն այլ ճակատներ. Մոջթաբա Խամենեի Նեյմարի մեծ վերադարձը․ Անչելոտին հրապարակել է Բրազիլիայի հայտացուցակն ԱԱ-2026-ի համար Վերա Բրեժնևան Կաննում ներկայացել էր նշանադրության մատանիով Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերից ի վեր Մերձավոր Արևելքում զբաղեցրել է շուրջ 1,000 քառ. կմ տարածք ՌԴ-ի և ՉԺՀ-ի բարեկամությունն ուղղված չէ որևէ մեկի դեմ, այլ ուղղված է համընդհանուր բարգավաճմանը. Պուտին ԱՄՆ-ը ավելի քան 85 միլիարդ դոլար է ծախսել Իրանում ռшզմական գործողության վրա Ռուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերը խոցել են ուկրաինական 315 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունը․ ՆԳՆ ԱՄՆ-ի կենսալաբորատորիաները Հայաստանում և ՌԴ սահմաններին «անտեսանելի պատերազմ են»․ Վիկտոր Եմելյանենկո Երևանում բակի մուտքը ավտոմեքենայով փակելու համար 33-ամյա տղամարդուն մի քանի հոգով ծեծի են ենթարկել Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Խոշոր վթար՝ Իսակովի պողոտայում․ կան վիրավորներ Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց Արցախցի սամբիստ Կարեն Սարգսյանը դարձել Եվրոպայի չեմպիոն ԻՀՊԿ-ն սպառնում է ոչնչացնել Պարսից ծոցի հարավում գտնվող ամերիկյան բազաները ԱՀԿ-ն ցածր է համարում հանտավիրուսի համաճարակի ռիսկը Ադրբեջանը Հայաստան է արտահանել 9,646,000 դոլարի ապրանքներ Պակիստանը Սաուդյան Արաբիա է տեղակայում 8000 զինվորական, կործանիչներ․ Reuters Մրցակցության և... համագործակցության բարդ կոնյուկտուրան. «Փաստ»
Ամենաընթերցվածները