Պետությունը չի կարող կայուն լինել, եթե կտրված է իր քաղաքակրթական հիմքերից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ կառավարության ներկայացրած հերթական հաշվետվությունը, ինչպես և նախորդ բազմաթիվ ծրագրային փաստաթղթեր, առաջին հայացքից ստեղծում են համակարգված աշխատանքի, մակրոտնտեսական կայունության ապահովման, սոցիալական ծրագրերի ընդլայնման և պետական կառավարման արդյունավետության բարձրացման տպավորություն։ Թվերը, ցուցանիշները, համեմատականները և աճի տեմպերը ներկայացվում են որպես հաջողության փաստեր։ Սակայն այդ ամբողջ կառուցվածքի ներսում կա մի խորքային բաց, որն ավելի խոսուն է, քան ցանկացած ցուցանիշ։ Դա վերաբերում է քաղաքակրթական մոդելի բացակայությանը՝ որպես պետական քաղաքականության գիտակցված և ձևակերպված հիմք։

Սա պարզապես բացթողում չէ։ Սա համակարգային խնդիր է։ Ներկայիս պետական իշխանությունը ոչ միայն չի կարևորել քաղաքակրթական մոդելի դերը, այլ նաև փաստացի դուրս է թողել այն պետական մտածողությունից՝ սահմանափակելով այն տեխնիկական, կառավարչական և տնտեսական խնդիրների շրջանակում։ Այդպիսով, պետությունը աստիճանաբար ներկայացվում է որպես մեխանիզմ, այլ ոչ թե որպես արժեքային և պատմական շարունակություն ունեցող համակարգ։

Կառավարության հաշվետվության մեջ ներկայացվում են տնտեսական աճի թվեր, հարկային մուտքերի ավելացում և ծրագրերի իրականացում, սակայն բացակայում է ամենակարևոր հարցի պատասխանը՝ ինչի՞ համար է այս ամենը։ Ո՞րն է այն քաղաքակրթական նպատակը, որի համար կառուցվում է տնտեսական համակարգը։ Ի՞նչ հասարակություն է ձևավորվում, և ի՞նչ մարդ է դաստիարակվում այդ համակարգում։

Այս հարցերի բացակայությունը պատահական չէ։ Դրանք դուրս են մղվել քաղաքական օրակարգից։ Բայց հենց այդ ամենի բացակայությունն է ստեղծում խորքային հակասություն։ Մի կողմից՝ արձանագրվում է տնտեսական աճ, մյուս կողմից՝ հասարակության մեջ աճում է անորոշությունը, արժեքային դատարկությունը և ապագայի հանդեպ անվստահությունը։ Երբ տնտեսությունը զարգանում է առանց քաղաքակրթական ուղղության, այն ստեղծում է թվեր, բայց չի ստեղծում իմաստ և բովանդակություն։

Ներկայիս մոտեցման մեջ պետությունը հաճախ դիտարկվում է որպես ծառայություն մատուցող կառույց՝ արդյունավետ կառավարման և տնտեսական աճի նպատակով։ Սակայն այստեղ կա հիմնարար բաց. չի ձևակերպվում, թե ինչ արժեքների վրա է հիմնված այդ ծառայությունը։ Եթե չկա արժեքային հիմք, ապա ծառայությունը դառնում է ինքնանպատակ, իսկ պետությունը՝ տեխնիկական օպերատոր։

Քաղաքակրթական մոդելի բացակայությունը հատկապես վտանգավոր է Հայաստանի նման երկրի համար, որը ունի հարուստ պատմություն, մշակութային ինքնություն և բարդ աշխարհաքաղաքական միջավայր։ Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ լինել արժեքային առումով չեզոք պետություն։ Չեզոքությունը այս դեպքում նշանակում է ինքնության աստիճանական կորուստ և արտաքին ազդեցությունների ուժեղացում։

Քաղաքակրթական մոդելը պարզապես գաղափարական հավելում չէ։ Դա այն հիմքն է, որի վրա կառուցվում են բոլոր մնացած քաղաքականությունները։ Առանց այդ հիմքի տնտեսական ռազմավարությունները դառնում են իրավիճակային, կրթական քաղաքականությունը՝ անկայուն, սոցիալական քաղաքականությունը՝ հատվածական։

Այդ մոդելը բաղկացած է մի քանի առանցքային հարցից. ինչպիսի՞ն է մարդու ընկալումը՝ որպես միայն տնտեսական ռեսուրս, թե որպես արժեքային և հոգևոր էակ։ Ինչպիսի՞ արժեքներ են դրվում հասարակության հիմքում՝ մրցակցային անհատապաշտություն, թե համերաշխություն և փոխադարձ պատասխանատվություն։ Ինչպիսի՞ն է պետության բնույթը՝ արժեքային համակարգի կրող, թե պարզապես իշխանության կենտրոնացված մեխանիզմ։ Եվ արդյո՞ք պետությունը ընկալվում է որպես պատմական քաղաքակրթության շարունակություն, թե որպես ժամանակավոր կառույց։

Այս բոլոր հարցերի բացակայությունը կառավարության հաշվետվության մեջ չի կարող դիտվել որպես տեխնիկական թերացում։ Դա ավելի խորքային մոտեցման հետևանք է, որտեղ քաղաքականությունը վերածվում է զուտ կառավարման գործընթացի՝ զրկված քաղաքակրթական իմաստից։ Արդյունքում պետությունը կարող է լինել արդյունավետ որոշ ցուցանիշներով, բայց միաժամանակ կորցնել իր երկարաժամկետ ուղղությունը՝ դառնալով հզոր շարժիչ ունեցող, բայց առանց կողմնորոշիչ համակարգի նավ։

Հայաստանի պատմական փորձը ցույց է տալիս հակառակը։ Հայկական քաղաքակրթությունը ձևավորվել է հազարամյակների ընթացքում՝ սկսած Միջագետքի վաղ քաղաքակրթական շերտերից՝ կապված շումերների հետ, որտեղ ձևավորվեցին առաջին գրավոր օրենքներն ու պետական կառավարման համակարգերը։ Այդ առնչությամբ հարկ է նշել շումերական պոեմների, հայերեն-շումերերեն ընդհանրությունների բառարանի և երկրագործական ուղեցույցի հայերեն ընթերցումները, որոնք արդեն այսօր առանձին գրքերի տեսքով տպագրված փաստեր և իրողություններ են: Հետագայում Ուրարտուն դարձավ պետական մտածողության զարգացման կարևոր փուլ, որտեղ կառավարումը, ջրային համակարգերը և քաղաքաշինությունը արտահայտում էին կարգավորված հասարակության գաղափարը։ Ամենախորքային շրջադարձը եղավ քրիստոնեության ընդունումը, որը փոխեց մարդու և իշխանության հարաբերությունների ամբողջ համակարգը՝ մարդու արժանապատվությունը դարձնելով քաղաքակրթական հիմք։ Այս գործընթացը ամրապնդվեց հայոց գրերի ստեղծմամբ, որը դարձավ ոչ միայն մշակութային, այլ նաև քաղաքակրթական ինքնության պահպանման ռազմավարություն։

Դարերի ընթացքում, նույնիսկ պետականության կորուստների պայմաններում հայկական քաղաքակրթությունը պահպանվել է Եկեղեցու, կրթության և մշակույթի միջոցով՝ ցույց տալով, որ քաղաքակրթական համակարգը կարող է գոյատևել նույնիսկ առանց պետական ինստիտուտների։ Սա եզակի փորձ է, որը փաստում է մեկ բան՝ պետությունը չի կարող կայուն լինել, եթե կտրված է իր քաղաքակրթական հիմքերից։

Այս ամբողջ պատմական փորձը ցույց է տալիս, որ հայկական քաղաքակրթությունը միշտ ունեցել է արժեքահենություն, կրթության կենտրոնական դեր, մշակութային շարունակականություն և մարդու արժանապատվության գաղափար։

Սակայն այսօր այս հիմքը գրեթե չի արտացոլվում պետական քաղաքականության մեջ։ Կառավարության հաշվետվությունները ներկայացնում են տնտեսական ցուցանիշներ, բայց չեն ձևակերպում քաղաքակրթական ուղղություն։

Սա նշանակում է պարզ բան. մենք ունենք քաղաքակրթություն, բայց չունենք քաղաքակրթական քաղաքականություն։ Մենք գործում ենք մեր պատմական փորձից կտրված։ Եվ սա վտանգավոր է, որովհետև առանց այդ կապի պետությունը դառնում է իրավիճակային կառույց՝ առանց խորքային ուղղության։ Այս համատեքստում կարևոր է նաև տեսնել, թե ինչպես են մի շարք հաջողված երկրներ կառուցել իրենց զարգացման հիմքերը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքակրթական ընտրության վրա։ Մասնավորապես, Ֆինլանդիայում կրթությունը ոչ թե միայն սոցիալական ոլորտ է, այլ արժեքային համակարգի արտահայտություն, որտեղ մարդը դիտարկվում է որպես զարգացող քաղաքակրթական սուբյեկտ։ Էստոնիայում թվային պետությունը կառուցված է վստահության և թափանցիկության քաղաքակրթական ընտրության վրա, ոչ թե միայն տեխնոլոգիայի։ Սինգապուրում տնտեսական հրաշքը հիմնված է երկարաժամկետ արժեքային կարգապահության և պետական պատասխանատվության վրա, իսկ Ճապոնիայում արդիականացումը երբեք չի խզվել մշակութային և քաղաքակրթական շարունակականությունից։ Այս օրինակները ցույց են տալիս մեկ պարզ բան՝ պետությունը հաջողվում է այն դեպքում, երբ այն ունի ոչ միայն տնտեսական, այլ քաղաքակրթական նախագիծ։ Այս առումով Հայաստանում տնտեսական զարգացումը և տեխնոլոգիական առաջընթացը կարող է դառնալ անբաժանելի պատմական հիշողությունից և ինքնության պահպանման պետական քաղաքականությունից, որտեղ տնտեսությունը ծառայում է քաղաքակրթական շարունակականությանը։ Հետևաբար, համաշխարհային փորձը վկայում է, որ հաջողված երկրները զարգացել են ոչ միայն տնտեսական, այլ քաղաքակրթական ընտրության հիման վրա, ինչը ցույց է տալիս, որ տնտեսությունը կայուն է միայն այն դեպքում, երբ այն բխում է հստակ քաղաքակրթական հիմքից։ Հայաստանի դեպքում այդ հիմքը գոյություն ունի պատմության մեջ, բայց բացակայում է քաղաքականության մեջ։ Եվ հենց այստեղ է հիմնական խնդիրը. կառավարության հաշվետվությունը կարող է ցույց տալ, թե ինչ է արվել, բայց չի պատասխանում այն հարցին, թե ուր ենք գնում։ Իսկ երբ չկա այդ պատասխանը, ցանկացած գործողություն կորցնում է իր իրական իմաստը և բովանդակությունը։ ՌՈԼԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Տնտեսագիտության դոկտոր

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Կարվախալը հուզիչ գրառումով հրաժեշտ է տվել Մադրիդի «Ռեալին» Բենզինի և դիզելային վառելիքի գները երկար ժամանակ բարձր կմնան Հորմուզի շրջափակման պատճառով․ Լեսկուր Քրեական ոստիկաններն ու պարեկները երիտասարդների մոտ 4 կիլոգրամ թմրամիջոց են հայտնաբերել Ադրբեջան են տեղափոխվել Հայաստանից վտարված 300 հազար էթնիկ ադրբեջանցի փախստականներ․ Հաջիև «Mercedes»-ը Նոր Գեղիի գյուղապետարանի մոտ բախվել է «Հայ մամուլ»-ի մեքենային, ապա վրшերթի ենթարկել հետիոտնին․ կան տուժածներ Ջոն Լենոնը իր վերջին հարցազրույցում՝ սպանությունից մի քանի ժամ առաջ խոսել է մահվան մասին ԱՄՆ-ի կողմից պшտերազմի շարունակման դեպքում կբացվեն այլ ճակատներ. Մոջթաբա Խամենեի Նեյմարի մեծ վերադարձը․ Անչելոտին հրապարակել է Բրազիլիայի հայտացուցակն ԱԱ-2026-ի համար Վերա Բրեժնևան Կաննում ներկայացել էր նշանադրության մատանիով Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերից ի վեր Մերձավոր Արևելքում զբաղեցրել է շուրջ 1,000 քառ. կմ տարածք ՌԴ-ի և ՉԺՀ-ի բարեկամությունն ուղղված չէ որևէ մեկի դեմ, այլ ուղղված է համընդհանուր բարգավաճմանը. Պուտին ԱՄՆ-ը ավելի քան 85 միլիարդ դոլար է ծախսել Իրանում ռшզմական գործողության վրա Ռուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերը խոցել են ուկրաինական 315 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունը․ ՆԳՆ ԱՄՆ-ի կենսալաբորատորիաները Հայաստանում և ՌԴ սահմաններին «անտեսանելի պատերազմ են»․ Վիկտոր Եմելյանենկո Երևանում բակի մուտքը ավտոմեքենայով փակելու համար 33-ամյա տղամարդուն մի քանի հոգով ծեծի են ենթարկել Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Խոշոր վթար՝ Իսակովի պողոտայում․ կան վիրավորներ Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց Արցախցի սամբիստ Կարեն Սարգսյանը դարձել Եվրոպայի չեմպիոն ԻՀՊԿ-ն սպառնում է ոչնչացնել Պարսից ծոցի հարավում գտնվող ամերիկյան բազաները ԱՀԿ-ն ցածր է համարում հանտավիրուսի համաճարակի ռիսկը Ադրբեջանը Հայաստան է արտահանել 9,646,000 դոլարի ապրանքներ Պակիստանը Սաուդյան Արաբիա է տեղակայում 8000 զինվորական, կործանիչներ․ Reuters Մրցակցության և... համագործակցության բարդ կոնյուկտուրան. «Փաստ»
Ամենաընթերցվածները