Քաղաքական սուր կոնտրաստն ու դիսբալանսը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն մի քանի օր է, ինչ աշխատանքներն է սկսել 9-րդ գումարման Ազգային ժողովը, որը, հիշեցնենք, ձևավորվել է վիճելի ու վիճարկված ընտրական գործընթացով և, ըստ քաղաքագետների, իշխանության ձևավորման տեսանկյունից ունի լեգիտիմության դեֆիցիտ (մեղմ ասած): Այդուհանդերձ, ի՞նչ են ցույց տալիս այս նոր գումարման ԱԺ առաջին նիստերը:

Ամենից առաջինը, որ աչքի է զարնում ու նաև ականջ սղոցում, իշխանության ներկայացուցիչների կողմից բարեկրթության, քաղաքակիրթ բանավեճի հորդորներն են՝ դրանց միաժամանակյա անտեսմամբ: Նախորդ անդրադարձում հանգամանորեն դիտարկել էինք այս խնդիրը, ուստի այս անգամ հակիրճ արձանագրենք. քպական իշխանության ներկայացուցիչները, միևնույնն է, չեն կարող իրենց քաղաքակիրթ քաղաքական պայքարի շրջանակում պահել կամ բարեկիրթ դրսևորվել: Ու հարցն այն չէ, որ ֆիզիկապես չեն կարող կամ նման ունակություն, կարողություն չունեն: Ի վերջո, նրանք հազիվ թե իրենց հարազատների շրջանակում կամ թեկուզ իրենց կուսակցական շրջանակում նույն կերպ են իրենց դրսևորում: Առանցքային հարցն այն է, որ իշխող ուժը գլխավորող Փաշինյանի դիրքավորումը խարսխված է ընդդիմախոսների, քաղաքական հակառակորդների նկատմամբ ագրեսիա դրսևորելու մոտեցման, իրեն հասու պետական լծակներով այդ ագրեսիային ուղղակի ընթացք տալու վրա: Ու ստացվում է լուրջ հակասություն. ի վերջո, հնարավոր չէ մի կողմից թիրախավորել, պիտակավորել, վարկաբեկիչ հայտարարություններ անել, սադրել, սպառնալ ու, միաժամանակ, բարեկրթությունից ու քաղաքակիրթ քաղաքական փոխհարաբերություններից կամ բանավեճից խոսել: Միևնույնն է, չի ստացվում ՔՊ-ի դեպքում, չեն կարող նրանք բարեկիրթ դրսևորվել՝ կոնկրետ ընդդիմադիրների հանդեպ: Որպես հետևանք՝ նրանք մնացել են նույն ցածր, շրիշակային հարթության վրա: Եվ իրենք իրենց գլխից բարձր չեն կարող թռչել: Առավել ևս, որ ՔՊ-ի դեպքում չկան անհատականություններ, չկան դեմքեր, չկան կերպարներ. կա Նիկոլ Փաշինյան և կան նրա կուսակիցները, որոնք ամեն կերպ ձգտում են նմանվել, ընդօրինակել նրան, կրկնել նրա հնչեցրած արտահայտություններն ու թեզերը, փորձել «Նիկոլից ավելի Նիկոլ» լինել: Գրեթե ոչ մի ինքնուրույն, ինքնավար, ինքնաբավ քաղաքական գործիչ: Այստեղից էլ նաև իշխանական թևի ներկայացուցիչների խոսքի ցածր մակարդակը, քաղաքական ճապաղությունը:

Կարող է հնչել տեսակետ, թե՝ անփորձ են շատերը: Այո, այս ԱԺ-ում իսկապես քիչ չեն անփորձ կամ առաջին անգամ պատգամավոր դարձած գործիչները: Քիչ չեն: Ընդդիմության շարքերում էլ կան: Բայց մի բան է անփորձ լինելը, իսկ մեկ այլ բան՝ էժանագին դրսևորումներով աչքի ընկնելը, այդ «դաշտում» միմյանց հետ մրցելը, որ «շեֆը» տեսնի, թե իրենք ինչքան նվիրված են այդ «գծին», համոզվի, որ չի սխալվել հենց իրենց տանելով խորհրդարան:

Լավ, էլ ի՞նչ են անում իշխանությունը ներկայացնող պատգամավորները, որպես կանոն: «Ջրիկացնում են» խոսքը, իբր հումոր են անում, որպես կանոն՝ տափակ ու անհամ: Շարունակ փորձում են հեգնել… Էլի ներքին մցակցություն է:

Սա միայն զավեշտալի, ամոթալի չէ, սա նաև ցավալի է, քանի որ կարող էր և այդպես չլինել: Ի վերջո, երբ ինչ-որ մեկը ամբիոնից բարեկրթության շրջանակներում մնալու մասին է խոսում, ենթադրելի է, որ դա «պարտադիր ծրագիր լրացնելու» համար չի անում, այլ առնվազն հասկանում է դրա կարևորությունը: Բայց երբ հաջորդող դրսևորումները հակասում են ասվածին կամ զրոյացնում են այն, նույնիսկ «պարտադիր ծրագիր լրացնելու» կարճաժամկետ էֆեկտն է չքվում:

Ավելին, այս օրերին առնվազն իշխանության ներկայացուցիչների ելույթներում գրեթե ոչ մի անդրադարձ երկրի ապագային վերաբերող հարցերին: Մարդիկ հավակնում են պետության գլխավոր քաղաքական մարմնի ղեկավարության մաս դառնալ՝ ԱԺ նախագահ, փոխնախագահ, ոչ մի ծրագրային, քաղաքական, հեռանկարային ելույթ չի հնչում: Խոսքը նաև նրանց ներկայացնողների ու պաշտպանողների մասին է: Ինչպես ժամանակին կասեին՝ դարակազմիկ մի միտք, մի ծրագիր, մի գաղափար չեն հնչեցնում: Դե, հասկանալի է՝ «դարակազմիկի» մասով չափն անցանք, հատկապես, որ խոսքը քպականների մասին է, բայց գոնե մի հիշվող, ծրագրայնությամբ առանձնացող բան պիտի՞ լսվի իշխանությունից: Թեպետ, հիշենք ու հիշեցնենք, որ քպական իշխանությունը նախընտրական շրջանում ևս առանձնապես աչքի չի ընկել ծրագրային ելույթներով, ավելի շատ խոսել է բռնելու, բանտարկելու, ունեզրկելու մասին, սպառնացել է աջուձախ:

Մյուս կողմից՝ խորհրդարանական ընդդիմության թևից քաղաքական սուր խոսք է հնչում: Այո, նույնպես խայթող ձևակերպումներով համեմված, բայց՝ քաղաքական բովանդակության խոսք, հարցադրումներ, ձևակերպումներ: Ու դա կարևոր է այնքանով, որքանով որ ԱԺ-ն երկրի գլխավոր քաղաքական մարմինն է համարվում: Ըստ որում, ողջունելի է, որ հատկապես երիտասարդ գործիչներն են աչքի ընկնում, ինչպես, օրինակ՝ Լևոն Քոչարյանը, Նարեկ Կարապետյանը, Աննա Գրիգորյանը, Դավիթ Ղազինյանը, Հայկ Ֆարմանյանը և այլն: Նրանց ելույթները հաճելիորեն առանձնացան ԱԺ վերջին օրերին նիստերի թոհուբոհում:

Այսինքն, առնվազն մինչ այժմ դիտարկված նիստերից կարելի է հանգել նախնական հետևության, որ խորհրդարանում ակնհայտ են անհամապատասխանությունն ու դիսբալանսը «մեծամասնություն» համարվող իշխանության և երկու ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների ելույթների և մոտեցումների միջև: Կոնտրաստ ու դիսբալանս է ինչպես բարոյաքաղաքական, այնպես էլ՝ ընդհանուր կեցվածքի առումով:

Մեկ այլ հարց. ընտրություններին զուգահեռ ու հատկապես ընտրություններից հետո հիմնականում ՔՊ իշխանության վարած երկդիմի ու արկածախնդրության տարրեր պարունակող արտաքին քաղաքականության հետևանքով Հայաստանի գյուղմթերքի արտադրության վերամշակման, բեռնափոխադրման ոլորտները կանգնել են լրջագույն խնդիրների առաջ: Մարդիկ ցանկանում են օր առաջ մի որոշակի բան լսել իշխանությունից, պետական իշխանության բարձրագույն մարմնից: Չկա այդ «որոշակի բանը»:

Եվ մի բան էլ: Սա նոր երևույթ չէ, բայց այս օրերին առանձնակի ինտենսիվությամբ կիրառվեց: Փաշինյանի՝ արդեն 8 տարի ձգվող իշխանավարումը, բնականաբար, ունեցել է բազմաթիվ հետևանքներ, այդ թվում՝ ծանր, այդ թվում՝ որոշակիորեն անդառնալի: Միանգամայն տրամաբանական ու բնական է, որ ընդդիմադիրնեն իշխանությանը այդ ամենի մասին հիշեցնում են ու դեռ հիշեցնելու են: Բայց ի՞նչ ենք լսում իշխանության ներկայացուցիչներից. «Բա, լա՞վ էր, որ առաջ այսպես, առաջ այնպես»:

Չէ, լավ չէր: Բայց դա ի՞նչ կապ ունի կոնկրետ ներկա փուլում իշխանության վարած քաղաքականության հետևանքների հետ: Ամեն մի իշխանություն իր արածների համար պիտի պատասխան տա: Ի վերջո, որ նման բացեր, սխալներ չլինեին, 2018 թվականն էլ չէր լինի: Երկրորդ՝ ինչ էլ որ չի եղել նախկինում, դա չի կարող ներկայում կատարվող ապօրինության կամ այլանդակ ու հոռի դրսևորումների արդարացում լինել: Առավել ևս, որ բոլոր քննադատելի երևույթները ոչ միայն չեն վերացել, այլև բազմապատկվել ու «կատարելագործվել» են: Վերջապես երրորդը՝ ցանկացած պարագայում համեմատությունները ՔՊ-ի օգտին չեն: Քանի որ նախկինում, բոլոր դեպքերում, բոլոր թերություններով, բոլոր դրսևորումներին զուգահեռ կար ազատ Արցախը, կար հաղթած բանակ ու ժողովուրդ: Իսկ հիմա... չկա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Այգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակ Չինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվել Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմին Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Թբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունին Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն Մեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը Կիևում սննդամթերքի դեֆիցիտ է. Guardian Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ»
Ամենաընթերցվածները