Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում վերջին շրջանում վարձով բնակարանների գների բարձրացումը դարձել է ոչ միայն կենցաղային, այլև սոցիալական, տնտեսական և պետական քաղաքականության լրջագույն խնդիր, քանի որ այն անմիջականորեն հարվածում է այն խավերին, որոնք առանց այդ էլ ամենախոցելիներից են՝ երիտասարդ ընտանիքներին, մարզերից Երևան տեղափոխված աշխատողներին ու ուսանողներին, միայնակ ապրող քաղաքացիներին, միջինից ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին, ինչպես նաև այն մարդկանց, որոնք չունեն սեփական բնակարան ձեռք բերելու հնարավորություն և տարիներ շարունակ ստիպված են ապրել վարձակալությամբ։

Վերջին տարիների փորձը ցույց տվեց, թե որքան խոցելի է Հայաստանի վարձակալության շուկան արտաքին ցնցումների նկատմամբ։ 2022 թվականին Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո Հայաստան եկած ռուսաստանցի ռելոկանտների մեծ հոսքը կտրուկ փոխեց հատկապես Երևանի բնակարանային շուկայի տրամաբանությունը։ Պահանջարկը կարճ ժամանակում մեծացավ, իսկ առաջարկը չէր կարող նույն արագությամբ աճել, քանի որ բնակարանը ապրանք չէ, որը հնարավոր է արագ արտադրել ու շուկա հանել։ Այդ իրավիճակում գները բարձրացան, երբեմն՝ անհամաչափորեն, իսկ որոշ սեփականատերեր, օգտվելով մեծ պահանջարկից, սկսեցին նախկին վարձակալներին առաջարկել ավելի բարձր վարձավճարներ կամ պարզապես դադարեցնել պայմանավորվածությունները՝ բնակարանը ավելի բարձր գնով այլ անձանց տրամադրելու նպատակով։ Այդ ժամանակ սոցիալական դժգոհությունը շատ մեծ էր, սակայն որոշ ժամանակ անց իրավիճակը մասամբ բալանսավորվեց, քանի որ ռելոկանտների մի մասը հեռացավ Հայաստանից, մի մասը տեղափոխվեց այլ երկրներ, մի մասը փոխեց բնակության ձևաչափը, և շուկան որոշ չափով վերադարձավ ավելի կանխատեսելի վիճակի։ Բայց այդ փորձը բացահայտեց մի կարևոր խնդիր՝ Հայաստանում վարձակալության շուկան գրեթե անպաշտպան է ցնցումների ժամանակ, իսկ քաղաքացին, որը չունի սեփական բնակարան, դառնում է շուկայական աժիոտաժի ամենահեշտ զոհը։ Այսօրվա իրավիճակը, սակայն, որոշ առումով ավելի բարդ է, քանի որ եթե նախորդ փուլում շատերը Հայաստան էին գալիս ժամանակավոր սպասումով՝ ենթադրելով, որ Ուկրաինայում ընթացող պատերազմը կարող է ավարտվել, իրավիճակը կարող է կայունանալ, և իրենք կվերադառնան, ապա այժմ ավելի շատ մարդիկ են դիտարկում Հայաստանը որպես երկարաժամկետ բնակության կամ առնվազն երկարատև ապաստարանի վայր։

Բայց այստեղ կարևոր է տարբերակել բնական շուկայական արձագանքը և արհեստական կամ անբարեխիղճ թանկացումը։ Պահանջարկի աճը որոշ չափով կարող է բարձրացնել գները, սակայն երբ այդ աճը վերածվում է անսահմանափակ ագահության, երբ գույքի սեփականատերերը սկսում են ոչ թե ծախսերի, հարկերի, սպասարկման կամ շուկայական տրամաբանության սահմաններում վերանայել գինը, այլ պարզապես առավելագույն շահույթ ստանալու նպատակով ճնշել վարձակալին, ապա խնդիրը դառնում է ոչ միայն տնտեսական, այլև բարոյական ու սոցիալական։

Գների բարձրացման պատճառներից մեկը նաև առաջարկի կառուցվածքային սահմանափակությունն է։ Երևանում և հատկապես կենտրոնական կամ պահանջարկ ունեցող վարչական շրջաններում բնակարանների քանակը սահմանափակ է, իսկ քաղաքի տնտեսական, կրթական և վարչական կենտրոնացվածությունը մեծացնում է հենց այդ տարածքների պահանջարկը։ Մարզերից Երևան եկած ուսանողները, աշխատողները, երիտասարդ մասնագետները, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիները հաճախ նախընտրում են բնակվել այն վայրերում, որտեղ աշխատանքի, կրթության, տրանսպորտի և ծառայությունների հասանելիությունն ավելի բարձր է։ Սա հանգեցնում է նրան, որ որոշ շրջաններում վարձակալության շուկան մշտապես գտնվում է բարձր ճնշման տակ։

Վարձակալության գների բարձրացման հարցում հաճախ հնչում է շուկայական տրամաբանության փաստարկը՝ եթե պահանջարկը մեծացել է, գինն էլ պետք է բարձրանա։ Այս պնդումը որոշակիորեն ճիշտ է ազատ շուկայի տեսանկյունից, սակայն բնակարանը սովորական շուկայական ապրանք չէ։ Բնակարանը մարդու հիմնական կարիքն է, և դրա հասանելիությունը կապվում է մարդու արժանապատիվ կյանքի իրավունքի հետ։ Պետությունը չի կարող ամբողջությամբ անտեսել բնակարանային շուկան՝ այն թողնելով միայն առաջարկի և պահանջարկի մեխանիկական տրամաբանությանը, որովհետև այդ դեպքում ուժեղը միշտ կշահի թույլի հաշվին։ Ազատ շուկան արդյունավետ է այն դեպքում, երբ կան հավասարակշռող կանոններ, մրցակցություն, տեղեկատվության թափանցիկություն, իրավական պաշտպանություն և սոցիալական անվտանգության ցանցեր։ Եթե այդ տարրերը թույլ են, շուկան վերածվում է ոչ թե արդար մրցակցության, այլ առավելության չարաշահման դաշտի։

Պետք է խոսել նաև բարոյական պատասխանատվության մասին։ Անշո՛ւշտ, տանտերը ունի սեփականության իրավունք, և սեփականության իրավունքը պետք է պաշտպանված լինի։ Ոչ ոք չի կարող պարտադրել մարդուն իր գույքը տրամադրել վնասով կամ անարդար պայմաններով։ Սակայն սեփականության իրավունքը հասարակության մեջ երբեք ամբողջովին կտրված չէ սոցիալական պատասխանատվությունից։ Երբ երկրում հազարավոր մարդիկ դժվարությամբ են պահում իրենց ընտանիքները, երբ աշխատավարձերը չեն աճում վարձերի տեմպերով, երբ բնակարանը կենսական անհրաժեշտություն է, անհարկի ու անսահմանափակ թանկացումը չի կարող դիտվել միայն որպես «խելացի բիզնես»։

Սակայն հանրային զայրույթը միայն տանտերերի դեմ ուղղելը նույնպես բավարար լուծում չէ։ Խնդրի արմատները ավելի խորն են՝ բնակարանային ֆոնդի պակաս, շուկայի ստվերայնություն, պայմանագրային մշակույթի թուլություն, պետական կարգավորման բացեր, սոցիալական աջակցության ոչ բավարար համակարգ, քաղաքաշինական անհավասարակշռություն, միգրացիոն հոսքերի կառավարման սահմանափակ կարողություններ և աշխատավարձերի ցածր մակարդակ։ Եթե այս բոլոր գործոնները չդիտարկվեն միասին, ապա յուրաքանչյուր նոր արտաքին ցնցում կրկնելու է նույն պատկերը՝ պահանջարկի աճ, գների թռիչք, քաղաքացիների դժգոհություն, ժամանակավոր քննարկումներ, հետո մասնակի հանդարտում, մինչև հաջորդ ալիքը։ Պետական քաղաքականության խնդիրը հենց այդ ցիկլը կոտրելն է։ Պետք է ոչ թե միայն արձագանքել հերթական թանկացմանը, այլ ստեղծել այնպիսի համակարգ, որը նախապես կկանխի շուկայի անկառավարելի վարքագիծը և կպաշտպանի քաղաքացիներին ամենասուր հետևանքներից։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 24 անգամ
Լրահոս
ԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Ուկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցությունները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր «ՓԱՍՏ». «Ալֆա-Ֆարմ»-ն ու «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր Ուկրաինայում հակամարտության սրման վտանգ կա. ԱՄՆ պետքարտուղար Ստամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կան Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչում Դատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանց Իրանում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցը փակ կմնա մինչև երկրի խնդիրների լուծումը Գիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ» Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին Գեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներ Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ Վենս Թոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում «070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվում ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Ամենաընթերցվածները