ՍԴ-ն եղել է քաղաքական մի խմբավորման կրնկի տակ և դարձել ընտրությունների կեղծման, իշխանության բռնազավթման համար տանիք. եթե հիմա ոչինչ չփոխվի, մեր երազանքի ՍԴ–ն կունենանք 2035–ին. Նիկոլ Փաշինյան
ՀՀ գործող Սահմանադրությամբ նախատեսված է Սահմանադրական դատարանի մոդել, որը միջազգային փորձագետների կողմից լայնորեն գնահատվել է որպես հավասարակշռված, այս մասին Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծեց՝ այս մոդելի էությունը հետևյալն է՝ ՍԴ-ի երեքական դատավորների թեկնածուներ առաջադրում են ՀՀ նախագահը, Կառավարությունը, դատավորների ընդհանուր ժողովը, ընտրությունը կատարում է ԱԺ-ն և ՍԴ-ն դառնում է իշխանության երեք թևերի միջև բալանսավորման վերին ատյան:
Վարչապետն ընդգծեց՝ նոր Սահմանադրության նոր կարգավորումներն ունեն երկու կարևոր նրբություն՝ ի տարբերություն նախկինի՝ գործող Սահմանադրությամբ հանրապետության նախագահը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ պաշտոնավարության անդամ, կուսակցության անդամ չեն կարող լինել նաև դատավորները և եթե հաշվի առնենք ԱԺ նախագահն էլ զրկվել է ՍԴ-ի դատավորի թեկնածու առաջադրելու լիազորությունից, կարող ենք արձանագրել, որ ՍԴ-ի կուսակցականացման կամ քաղաքականացման ռիսկերը գործող Սահմանադությամբ հնարավորինս մեղվել են:
«Մեղմված են նաև ՍԴ նախագահի կողմից դատարանում մենիշխանութուն հաստատելու ռիսկերը, որովհետև գործող Սահմանադրությամբ ՍԴ նախագահ ընտրվում է ոչ թե ցմահ, այլ վեց տարի ժամկետով: Ընդ որում, ՍԴ դատավորը դատարանի նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ: Բացի այդ, ՍԴ նախագահ ընտրվում է ՍԴ դատավորների և ոչ թե ազգային ժողովի կողմից, բացի դա վերացված է նաև այն աննորմալ պրակտիկան, երբ նույն մարդը 35 տարի կարող է լինել ՍԴ անդամ: Սա իսկապես աննորմալ պրակտիկա է, որովհետև երբ որևէ նախագահ կամ վարչապետ 30-35 տարի մնում է պաշտոնում, մենք դա համարում ենք մենիշխանթյուն, բռնապետություն, բայց բնական ենք համարում, երբ մեկ մարդը 35 տարի լինի ՍԴ անդամ կամ նախագահ»,- ասաց նա:
Վարչապետն ընդգծեց, որ նոր Սահամանադրությամբ ՍԴ դատավորների ժամկետ է սահմանված 12 տարին, և նույն մարդը ՍԴ-ի դատավոր կարող է ընտրվել միայն մեկ անգամ: «Ահա այսպիսի ՍԴ է նկարագրված հենց այս պահին գործող Սահամանդրության մեջ: Եվ այս մոդելը նաև միջազգային փորձագետների քաջալերմամբ և աջակցությամբ ներդրվել է Երրորդ Հանրապետության մեջ արձանագրված սահմանական խնդիրների հաշվառման և վերլուծության արդյունքում, որովհետև դե ֆակտո և դե յուրե ՍԴ-ն Երրորդ Հանրապետությունում դարձել է տանիք ընտրությունների կեղծման, ապօրինի իշխանության գոյության, իշխանության բռնազավթման համար»,- ընդգծեց նա:
Նա շեշտեց, որ 1996, 1998, 2003, 2008, 2013 թթ-ի նախագահական ընտրություններում ՍԴ-ն դարձել է այն գործիքը, որով ժողովրդին թույլ չի տվել իրականացնել երկրում իշխանություն ձևավորելու իր իրավունքը. «ՍԴ-ն ամեն անգամ պլշած աչքերով իրեն նայող ՀՀ քաղաքացուն բացատրել է, որ քաղաքացին չի կարող երկրում իշխանություն ձևավորել, որովհետև դա հակասում է իրավակիրառ պրակտիկայի նախադեպային տրամաբանության հատուկ մասի սանկցիոն կանխավարկածի կոնվենցիոնալ զսպման անհրաժեշտությանը:
Հետո ՍԴ նախագահն ու դատավորները գրքեր են գրել դրա մասին, պաշտպանել դոկտորական թեզեր, բայց այդպես էլ չեն կարողացել պատասխանել մի պարզ հարցի՝ բա քվեաթերթիկների լցոնումները, բա ընտրությունների եկող մեռած հոգիները, բա ընտրակաշառքները, բա վստահված անձանց ու դիտորդների ծեծը, բա աշխատանքից ազատելու սպառնալիքները, բա հեռուստաեթերի տոտալ վերահսկումը»,- ասաց նա:
Նա ընդգծեց, որ հենց այս դաժան և անպատասխան հարցերի ծանր բեռն անցյալում թողնելու, երկրի սահմանական իրավունքի և սահմանական դատարանի պատմության նոր էջ բացելու համար, նոր Սահմանադրությամբ ընտրվել էր այն հավասարակշռված և տրամաբանական մոդելը, որի մասին խոսեց ելույթի սկզբում:
«Եկե՛ք այդ մոդելը պայմանականորեն անվանենք երազանքի ՍԴ, բայց հիմա հարց պիտի տամ, որը աբսուրդ պիտի թվար մինչ այժմ ամբիոնից իմ ասածի ֆոնին, որովհետև այս ամենը նախատեսված է այս պահին գործող Սահմանադրությամբ. իսկ արդյո՞ք մենք ունենք այդ երազանքի հավասարակշռված ՍԴ, որը նախատեսված է հենց այս պահին գործող Սահմանադրությամբ, պատասխանն է՝ ոչ չունենք: Ե՞րբ կունենանք երազանքի ՍԴ, որը չի լինի քաղաքական մի խմբավորման կրնկի տակ, կունենա՞նք, թե՞ չենք ունենա այդպիսի ՍԴ: Այո՛, կունենանք, բայց եթե որևէ բան չփոխենք կունենանք 2035 թվականին։ Կրկնում եմ՝ եթե ոչինչ չփոխվի, այդպիսի ՍԴ կունենանք ամենաշուտը 2035-ին»,- ընդգծեց նա:
Նա պարզաբանեց, թե ինչու. «Գործող Սահմանադրության անցումային դրույթները գրելիս նախկին ՀՀԿ-ական իշխանության ներկայացուցիչներն այնպիսի ձևակերպումներ են տվել, որ մեզ հայտնի հին ՍԴ-ն շարունակի գործել հնարավորինս երկար: Նախկին ՀՀԿ-ական իշխանության ներկայացուցիչները ասել են հետևյալը՝ ճիշտ է, մենք գտել ենք երազանքի ՍԴ մոդելը, որտեղ ՍԴ դատավորի պաշտոնավարման ժամկետը 12 տարի է, բայց հին ՍԴ անդամների լիազորությունները չեն կրճատվում, նրանք թող ՍԴ անդամ լինեն այնքան, ինչքան նախատեսված է 1995 կամ 2005 թվականի սահմանադրություններով»,-հայտարարեց վարչապետը:
Ապա` Փաշինյանը ներկայացրեց, որ դրա արդյունքում ունենք՝ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից նշանակված ՍԴ երկու գործող անդամ, որոնց պաշտոնավարման ժամկետը լրանում է 2026 և 2029 թվականին, Սերժ Սարգսյանի կողմից նշանակված ՍԴ երկու անդամ, որոնց պաշտոնավարման ժամկետը լրանում է 2021 և 2037 թվականերին, Հովիկ Աբրահամյանի կողմից առաջադրված և ԱԺ կողմից ընտրված ՍԴ մեկ անդամ, ում ժամկետը լրանում է 2027 թվականին, Գալուստ Սահակյանի կողմից առաջադրված և ԱԺ կողմից ընտրված մեկ անդամ, ում պաշտոնավարման ժամկետը լրանում է 2031 թվականին, Արա Բաբլոյանի կողմից առաջադրված և ԱԺ կողմից ընտրված մեկ անդամ, ում պաշտոնավարման ժամկետը լրանում է 2035 թվականին:
Նա նորից հիշեցրեց, որ գործող Սահմանադրությամբ ՍԴ դատավորի պաշտոնավարման ժամկետը 12 տարի է. «Հին Սահմանադրական դատարանի անդամների ճնշող մեծամասնությունը պաշտոնավարելու է շատ ավելի երկար՝ ունենալով պաշտոնավարման երեք անգամ ավելի երկար պատմություն, քան նախատեսված է գործող Սահմանադրությամբ»,- ասաց նա: