Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հունիսի 7-ի վիճարկված ընտրություններով ձևավորված 9-րդ գումարման Ազգային ժողովը կիրակնօրյա նիստով սկսեց աշխատանքները: Նորակազմ խորհրդարանը դեռ ղեկավարության ձևավորման փուլում է: Երեկ 63 յուրայինների ձայներով ԱԺ նախագահ ընտրվեց Ռուբեն Ռուբինյանը: Խորհրդարանն անցել է փոխնախագահների ընտրությանը, հետո հերթը կհասնի մշտական հանձնաժողովների նախագահներին: Հաշվի առնելով, թե ինչպես են ընթանում նիստերը, այս շաբաթ, երևի թե, ԱԺ-ն զբաղված կլինի ընտրություններով:

Առաջին երկու օրվա հետ կապված տարաբնույթ կարծիքներ կան: Իհարկե, դժվար է մի քանի նիստով եզրահանգումներ անել: Սակայն հատկապես մի հարց, ինչպես ասում են, ականջ ծակեց: Մասնավորաբար, նորակազմ ԱԺ առաջին նիստի ընթացքում հատկապես նույն Ռուբեն Ռուբինյանի ելույթում հնչած որոշ արտահայտություններ ու նոտաներ առանձնահատուկ ուշադրության են արժանի: Խոսքը հատկապես այն արտահայտությունների մասին է, որոնց իմաստը հանգում էր «զրոյից սկսելուն», «մաքուր էջից» սկսելուն, քաղաքակիրթ փոխհարաբերություններ ունենալուն, առհասարակ, բարեկրթության շրջանակներում մնալուն, «կարմիր գծեր» չհատելուն:

Հիրավի, շատ լավ, նույնիսկ համարձակ կարելի է ասել՝ հրաշալի բաներ են ասում քպականներն ու նրաց ընտրած ԱԺ նախագահը: Առանց հեգնանքի՝ հրաշալի: Ավելին, ասում են բաներ, որոնց մասին մենք տարիներ շարունակ խոսում ենք ու չենք կարող համաձայն չլինել, ավելին՝ չողջունել: Բայց այստեղ միանգամից մի ամբողջ շարք հարցեր ու դիտարկումներ են առաջ գալիս:

Առաջինը, բնականաբար, այն է, թե ինչ է ակնկալում ՔՊ-ի ներկայացուցիչը, որ ընդդիմությունը մոռանալո՞ւ է այն ամենը, ինչ բերել է իշխող քաղաքական ուժը մեր երկրի գլխին, այն ամենը, ինչի համար ժողովրդի մեծամասնությունը մերժել է իրենց: Եթե նույնիսկ մի կողմ դնենք 2018-2020 թթ. միջակայքում արձանագրված անընդունելի դրսևորումները՝ հարձակում խորհրդարանի վրա, հարձակում դատարանների վրա, կորոնավարակի շրջանում մահացու կառավարում, բանակցային գործընթացի փակուղայնացում և այլն, ապա 2020-ից սկսած ու մինչ օրս տեղի ունեցածները չեն կարող պարզապես մոռացվել: Դա անհնար է մոռանալ ոչ միայն այն պատճառով, որ, ենթադրենք, ընդդիմադիր ուժերը հիշաչար են: Չի կարող պարզապես մոռացվել այդ ամենը, ինչ արվել է, կրկնենք, հատկապես սկսած 2020-ից, քանի որ դա ՔՊ-ի իշխանավարման «քաղաքական ժառանգությունն» է ու այլևս պատմական իրողություն. հազարավոր զոհերի հանգեցրած պատերազմ, Արցախի զգալի տարածքների կորուստ, ապա հաջորդած կորուստներ՝ Արցախի ուրացում և ամբողջական հայաթափում, ՀՀ ինքնիշխան տարածքի կորուստներ, նոր զոհեր, սահմանազատման անվան տակ նոր կորուստներ, Ռուսաստանի հետ հարաբերությունների փչացում, Հայաստանի ժողովրդավարական ոչ շատ ձեռքբերումների կորուստ, երկիրը ոստիկանապետության, բռնապետության վերածելու բացահայտ մղումներ, սեփականության իրավունքի, առհասարակ՝ իրավունքի շարունակական ոտնահարումներ, տասնյակով քաղբանտարկյալներ, աննախադեպ հարձակումներ Հայ առաքելական եկեղեցու վրա, Եկեղեցու ինքնավարությանը միջամտելու բացահայտ դրսևորումներ:

Ահա, այս ամենը չի կարող պարզապես ջնջվել կամ մոռացվել: Դեռ չենք խոսում այն մասին, որ զուտ քաղաքագիտական տեսանկյունից 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Հայաստանի կյանքում ստեղծված ճգնաժամը ոչ միայն չի հանգուցալուծվել, այլև ավելի ու ավելի է խորացել: Ավելին, այդ ճգնաժամն արտապատկերվել է Հայաստանի գրեթե բոլոր ոլորտներում (անխուսափելիորեն) և այժմ ակնհայտորեն շոշափում է ինչպես տնտեսության ամբողջական ճյուղեր, առհասարակ՝ բիզնեսի ու ներդրումների վրա է ազդում, այլև նույնիսկ ամենաշարքային հողագործի կամ այգեպանի գործունեության: Ճգնաժամն, ըստ այդմ, դարձել է համընդգրկուն: Իսկ վերջին՝ հունիսի 7-ի ընտրություններից հետո այն համալրվել է նորանոր խնդիրներով, սկսած շուրջ 60 հազար ընտրողների քվեների կամայական զրոյացումից, վերջացրած քաղբանտարկյալների ու քաղհալածյալների թվի շեշտակի ավելացմամբ:

«Մաքուր էջից սկսելու» մոտեցման հետ կապված դիտարկումների երկրորդ շերտը վերաբերում է այն իրողությանը, որ նման կոչեր անող ուժի ներկայացուցիչները շարունակում են սադրել, լարել մթնոլորտը, անել արմատապես անընդունելի, այդ թվում՝ հազարավոր հայ քրիստոնյաների կրոնական ընկալումներին ու զգացմունքներին դիպչող հայտարարություններ: Ըստ որում, պետք է նկատել, որ «մաքուր էջից» սկսելու որոշ հնարավորություն ուներ ՔՊ-ի ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Սակայն նա գերադասեց ոչ թե մաքուր կամ գոնե կիսամաքուր էջից սկսել, այլ վիրավորական բառամթերքով, մեղադրական պիտակումներով հարձակվել ոչ միայն քաղաքական հակառակորդների, այլև Հայաստանի շուրջ 600 հազար քաղաքացիների վրա, որոնք քվեարկել են ընդդիմադիր ուժերի օգտին: Քաղաքացիներին հանիրավի մեղադրեց ընտրակաշառք վերցնելու մեջ, արեց անընդունելի արտահայտություններ, ավելին՝ իրեն կուրորեն ենթարկվող իրավապահ մարմիններին հանձնարարեց իրականացնել հետապնդումներ: Սրանք բոլորը այլևս կատարված ու արձանագրված բացահայտ փաստեր են:

Ավելին, հենց ԱԺ անդրանիկ նիստում իշխանության որոշակի ներկայացուցիչներ կրկնեցին իրենց կուսակցական ղեկավարի մոտեցումները: Այդ պայմաններում «մաքուր էջի», բարեկիրթ կամ քաղաքակիրթ հարաբերությունների մասին հայտարարությունները չեն կարող անկեղծ համարվել, որքան էլ որ նման հարաբերություններն առհասարակ համարվեն ընդունելի:

Այո, քաղաքական տարամետ ուժերի քաղաքակիրթ հարաբերություններն ու այդ հարաբերություններում «կարմիր գծեր» պահելը կարևոր են: Ի վերջո, դժվար է լողալ ծծմբաթթվի մեջ, թեկուզ երկարաճիտ ռետինե կրկնակոշիկներով: Այսինքն, ցանկալի է ունենալ քիչ թե շատ նորմալ քաղաքական մթնոլորտ ու միջավայր, քան թույնով ու ատելությամբ լի:

Բա՛յց: Ի վերջո, ոչ թե ընդդիմությունն է այդ ամենն սկսել, ինչն ակնարկում էր նույն Ռուբեն Ռուբինյանը, այլ հենց իշխանությունը՝ հասարակությանը սևուսպիտակի բաժանելու, ամենօրյա ռեժիմով թշնամանք ու ատելություն գեներացնելու, անընդունելի, փողոցային բառամթերքի, ընդդիմադիր ուժերի հանդեպ «իրավապահ» հալածանքների տեսքով: Իրավիճակի խորքային ողբերգականությունն այն է նաև, որ իշխանության ներկայացուցիչները շարունակում են համարել կամ առնվազն ինքնաքարոզվել, դիրքավորվել որպես «լավ բան անողներ», շարունակում են իրենց գործունեության աղետային ետևանքները հրամցնել որպես աներևակայելի... ձեռքբերումներ:

Հարձակվում են ընդդիմադիր լիդերների վրա: Բանտարկում են: Հայաստանը դարձրել են հարյուրավոր քաղբանտարկյալների երկիր: Խլում են մարդկանց ունեցվածքը, ոտնահարում են բոլոր իրավունքները, այդ թվում՝ սեփականության: Ու հետո, իբր ոչինչ չի եղել, «մաքուր էջի» մասին են խոսո՞ւմ:

Իշխանությունը, իշխող ուժն է հիմնապատճառը երկրում ձևավորված ծծմբաթթվային մթնոլորտի: Հիմա ումի՞ց են ինչ ուզում:

Այո, Հայաստանին իսկապես անհրաժեշտ է «մաքուր էջ»: Հայաստանին իսկապես անհրաժեշտ են քաղաքակիրթ հարաբերություններ: Բայց դրա համար, նախ՝ բարոյաքաղաքական զուլալում պետք է տեղի ունենա: Իսկ դրա համար առաջին քայլը հենց իշխանությունը պետք է անի՝ սկսելով իրենից, իր պահվածքից...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Օգոստոսի 5-ին, 6-ին, 7-ին, 10/11/12-ին գազ չի լինելու 37-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջված հայտնվել դաշտում․ կա վիրավոր Բեյրութում պայթյունի տարելիցին ՀՀ դեսպանությունը զորակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին Բախվել են «Lada»-ն ու «Kia»-ն. մեկ այլ «Kia», խույս տալով վթարից, բախվել է հողաթմբին. վիրավորներ կան Իսպանիան 25 միլիոն եվրո կհատկացնի Սեուտայում գտնվող միգրանտ երեխաներին օգնելու համար Պետությունը արձագանքող կառավարումից պիտի անցում կատարի դեպի կանխատեսող կառավարում. «Փաստ» «Թող ոչ ոք ամպերի մեջ չապրի, ինքնախաբեությամբ չզբաղվի, քանի որ, ցավոք, ռեալ պոլիտիկը խոսում է լրիվ այլ բանի մասին». «Փաստ» Բուհական համակարգի գերքաղաքականացումը փակուղի է. «Փաստ» Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ» «Եվրոպական չափանիշների» ընտրողական հայելին. ինչու է իշխանությունը հիշում Արևմուտքը միայն սեփական հարմարավետության պահին. «Փաստ» Խլել, խլել մինչև... ո՞ւր. «Փաստ» Քաղաքական «մշակույթի» անկումը. սկանդալներն ու սպառնալիքները՝ աղետներն ու ձախողումները քողարկելու հաստատուն գործիք. «Փաստ» Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 3748-ի Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում Աքյաքա շրջանի ղեկավարն այցելել է հայ-թուրքական երկաթուղային սահման Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում օգոստոսի 4/5-ին Պրոֆեսիոնալ ֆուտբոլում կլինի իմ 20-րդ մրցաշրջանը․ Մխիթարյան Լոս Անջելեսում ձկնորսը հսկայական շնաձուկ է որսացել Իտալիայում երկրաշարժի հետևանքով 21 մարդ է տուժել Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Խnցվել է պատժամիջnցների տակ գտնվող ռուսական «Յանինա» կոնտեյներանավը․ Զելեսնկի Գեղարքունիքի մարզում՝ Չկալովկայի հարակից դաշտում, հայտնաբերվել է տղամարդու մարմին Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ» Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ» «Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ»
Ամենաընթերցվածները