«Ժամանակը չի բուժում, այն մեզ էլ ավելի է տանջում, որքան ժամանակն անցնում է, ավելի շատ ենք սպասում». հայր և որդի Տիգրան և Կարեն Սարգսյանները զոհվել են ժամերի տարբերությամբ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 «Կարենին և մյուս եղբորս տղային՝ Նորայրին, սեպտեմբերի 27-ին ծանուցագիր եկավ: Մեզ ասացին, որ տղաները երեք օր մնալու են և վերադառնան, զինվարժանքներ են: Չգիտեինք, որ պատերազմ է»,-այսպես է սկսվում Կարենի հորաքրոջ ու Տիգրանի քրոջ՝ տիկին Անահիտի հետ մեր զրույցը: Կարենն ու Նորայրը՝ որպես պահեստազորայիններ, մեկնում են Արցախ: Կարենի հայրիկը՝ Տիգրանը, գնում է տղաներին ճանապարհելու և երբ իմանում է, որ պատերազմ է սկսվել, կամավորագրվում է, որ նրանց մենակ չթողնի: «Բայց բոլորին տարբեր տեղեր են տարել: Նորայրը հորեղբորն այդ օրն ասել էր՝ մի բան արա, Կարենի հետ նույն տեղը գնամ: Տիգրանը չէր համաձայնել, մտածելով՝ իսկ եթե երկուսին էլ մի բան լինի, ի՞նչ է անելու: Նորայրը Մարտունի 2-ում էր, Կարենը՝ Հադրութի Արա լեռում: Կարենը թաքցնում էր, թե որտեղ է, ինձ հույս էր տալիս, թե պատերազմ չէ՝ մի հավատա, թե ինչեր են ասում»,-«Փաստի» հետ զրույցում նշում է տիկին Անահիտը:

Կարենի հայրիկը՝ Տիգրանը, որպես կամավոր, հոկտեմբերի 3-ին Սարդարապատ ջոկատի հետ մեկնում է ռազմադաշտ: «Նա էլ Ջրականում էր: Տիգրանն ու որդին այդպես էլ չհանդիպեցին մարտի դաշտում, իրար չտեսնելով՝ ժամերի տարբերությամբ զոհվեցին: Հոկտեմբերի 13-ի առավոտյան Տիգրանն ինձ զանգեց՝ տուն եմ գալիս: Սիրտը վիրահատված էր, վատառողջ, բարձր ճնշում ուներ, ոտքերն այտուցվել էին: Հրամանատարը տեսել էր, թե ոտքերն ինչ վիճակում են, չի կարողանում քայլել, ասել էր՝ քեզ տուն եմ ուղարկում: Առավոտյան խոսեցինք, ուրախ-ուրախ ասաց, որ տուն է գալիս, հարցրեցի՝ Կարենին չե՞ս տեսնելու, նոր գաս: Արձագանքեց՝ կգտնեմ իմ որդուն, կտեսնեմ ու նոր կգամ: Հոկտեմբերի 14-ին լսեցինք Տիգրանի զոհվելու լուրը: Կարենից որևէ լուր չունեինք: Թույլ չէի տալիս Տիգրանին հուղարկավորել, ասում էի՝ Կարենն ինձ չի ների, գտեք Կարենին, թող ներկա լինի հոր հուղարկավորությանը: Ինձ ասում էին, որ Կարենն անտառներում է, բունկերում և այլն, և այլն: Բայց պարզվեց, որ հոկտեմբերի 14-ի գիշերն էլ Կարենն է զոհվել»: Նոյեմբերի 18- ին միայն Կարենին կարողացել են «գտնել», իսկ հայրիկը զոհվելու հաջորդ օրն արդեն Էջմիածնում էր:

«Կարենի հետ խոսում էի, խնդրեց կապվել հայրիկի հետ, ասել, որ իր մոտ գնա, միասին լինեն: Երբ Տիգրանին փոխանցեցի որդու ասածը, պատասխանեց՝ ո՞նց գնամ, 18 տարեկան երեխեքն աչքիս առաջ զոհվում են, ինչպե՞ս թողնեմ իրենց ու գնամ: Իմ երեխեն ճարպիկ է, իմ երեխուն ոչինչ չի լինի, ծառայել ու զորացրվել է, ուսանող է, հասուն տղա: Ոչ մեկիս չլսեց Տիգրանը, ասաց՝ հետո երեխեքին կգտնեմ, միասին տուն կգանք: Բայց անգամ չհանդիպեցին: Կարենիս որպես բուժակ էին տարել, բայց հիմա մեզ տեսանյութեր են ուղարկում, որտեղ նա հրանոթով է կրակում»: Պատերազմի մասին սկսված մեր զրույցի այս հատվածում խնդրում եմ տիկին Անահիտին պատմել եղբոր ու եղբորորդու մասին: «Տիգրանը շատ բարի էր, կյանքով լեցուն, երեխասեր, իր տղայի, եղբոր երեխաների համար կյանքը չէր խնայի: Գնաց Կարենի հետևից, ասում էր՝ չեմ կարող առանց իմ երեխու մնալ: Շատ լավ եղբայր էր, լավ մարդ, գյուղում հարգանք վայելող: Այսօր էլ զրույցների ժամանակ մարդիկ ափսոսանք են հայտնում, որ Տիգրանն ու Կարենն էլ չկան:

Կարենս…Կարենս իմ պահած տղան է, իմ ընտանիքը չկազմեցի ու նվիրվեցի իրեն: Իր հետ գիշեր-ցերեկ դաս էի անում, դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտեց: Հետո պարապմունքների ուղարկեցի դասախոսների մոտ, և ընդունվեց Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան: Երրորդ կուրսի ուսանող էր Կարենս: Դպրոցն ավարտելով՝ իրավաբանության ու բժշկության միջև ընտրեց բժշկությունը, ես էլ նպաստեցի իր այդ ընտրությանը: Կարենն անգամ մի օր ինձ ասաց, որ իր բժիշկ դառնալն իմ ընտրությունն էր: Արձագանքեցի՝ դա իմ ու պապայիդ ամենամեծ երազանքն էր: Հայրը շատ էր հպարտանում իր տղայով: Ծնողական ժողովների ժամանակ պարտադիր գնում էր, ասում էր՝ ճակատս բաց նստում եմ, բոլորը գովում են տղայիս: Կարենը և՛ լավ սովորում էր, և՛ շատ ճարպիկ էր: Մասնակցում էր միջոցառումներին, Ձմեռ պապիկի դերը միշտ իրեն էին վստահում:

«Անուշ» պոեմն էին բեմականացրել, Սարոյի դերն ինքն էր խաղում: Այսպիսի շատ օրինակներ կարող եմ բերել: Երազում էր լավ մասնագետ դառնալու, արտասահմանում ուսումը և կարիերան շարունակելու մասին: Երազում էր ընտանիք կազմելու, երկու աղջիկ ու մեկ տղա ունենալու մասին, անգամ երեխաների անուններն էր ընտրել»: Կարծում եմ, որ մեր լեզվում համարժեք բառեր չկան, որ նկարագրեն, թե ինչ է զգում երեխա կորցրած ծնողը, թե ինչ է զգում այն ծնողը, որն այս անվերջանալի պատերազմում երկու որդիներին է կորցրել: Ցա՞վն է կրկնապատիկ, չէ, ցավը ցավ է, բայց ապրելու հույսն է նվազ, «ո՞ւմ համար» հարցն է հաճախ անպատասխան մնում: Հարցնում եմ տիկին Անահիտին, թե անձնապես նրան ինչն է ուժ տալիս ապրելու եղբոր և եղբորորդու զոհվելուց հետո: «Մի տարօրինակ բան ասեմ, բայց երևի թե ուժ ստացա նրանից, որ կարծես չհավատացի Կարենի զոհվելուն, կարծես չզգացի, թե ինչ տեղի ունեցավ: Ներքուստ այնքան շատ են հարցերս: Որքանո՞վ համոզված լինեմ, որ իմ Կարենն էր:

ԴՆԹ-ին չեմ հավատում, այնքան դեպքեր եղան, երբ շփոթմունքներ էին եղել: Բացի դա, տարօրինակ երազներ էի տեսնում, իսկ ես հավատում եմ իմ երազներին, դրանք հաճախ են իրականություն դարձել: Տիգրանն ուրախ-ուրախ մտնում է տուն ու ասում՝ ամեն ինչ լավ է, քո՛ւր ջան, մի նեղվի: Հարցնում էի՝ Կարենս ո՞ւր է, պատասխանում էր՝ քեզ խոստացել է, կգա: Կարենին իմ երազներում վիրավոր եմ տեսնում: Չեմ զգում Կարենի մահը, չեմ հավատում: Երևի դա է ինձ «պահում»: Կարոտն է ինձ խեղդում, մղկտում եմ: Գերեզմանատանը, երբ գրկում եմ Կարենիս քարը, չեմ զգում իր ներկայությունը, իսկ Տիգրանինը զգում եմ, չգիտեմ, թե ինչու է այդպես: Ասում են, թե ժամանակը բուժում է վերքերը, չկա նման բան: Ժամանակն ավելի է մեզ տանջում, որքան ժամանակն անցնում է, ավելի շատ ենք սպասում, տառապում ու տանջվում»:

Հ.Գ. - Կարեն Սարգսյանը Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մատական ծառայություն» մեդալով: Տիգրան Սարգսյանը Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված են Ծիածին գյուղում՝ ընտանեկան գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ» Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ» «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ» «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ» Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Սիսիանում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը ԵՄ-ն Ադրբեջանին լրացուցիչ 2,1 մլն դոլար կհատկացնի ականազերծման համար ԱՄՆ-ն կործանիչներ և ԱԹՍ-ներ է տեղափոխում Կատար. Wall Street Journal Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները Մակրոնը և Կիսիդան համաձայնության են եկել ամրապնդելու ռազմական համագործակցությունը Ռուս զինծառայողները մտել են Նիգերի ամերիկյան ավիաբազա. Պենտագոնը հաստատել է Ջուր չի լինի Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ» «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ» Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ» Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ» Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Team Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Արեգակի վրա հզոր բռնկումներ են տեղի ունեցել Ինչ եղանակ է սպասվում մայիսին Խոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Mercedes»-ը և իրանական բեռնատարը, վիրավորներ կան
Ամենաընթերցվածները