«Պապս իմ թևերն էր, ոտքերից զրկվել էի, թևերս էլ կտրեցին ու տարան, բայց նորից ուժ գտանք ու մեր տղային ունեցանք». Պապ Այվազյանը երեք տարուց ավելի է՝ համարվում է անհայտ բացակայող․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 «Պապն իմ միակն էր»,-ասում է Գարիկը, հետո շարունակում. «2001 թ. օգոստոսի 19-ին ավտովթարի եմ ենթարկվել ու մինչ օրս սայլակով եմ տեղաշարժվում: Վթարից մեկ օր անց՝ օգոստոսի 20-ին ծնվել է Պապը: Դժվարությամբ եմ իրեն մեծացրել, ուսման տվել»: Զրույցների ժամանակ լինում են պահեր, երբ դժվար է զրույցը շարունակել, բայց պետք է: Փրկության է գալիս լուսավորի՝ Պապի մանկության մասին զրույցը: «Շատ լավն էր Պապս, աշխույժ, ակտիվ: Փոքրուց զգացվում էր իր հայրենասիրությունը: Երկու տարեկանից գյուղի փողոցներով անցնելիս անգամ «Դաշնակ Դրո» էր երգում: Բայց դաշնակ բառը չէր կարողանում ճիշտ արտաբերել, ասում էր՝ «ելի՛ր, դաշկա Դրո»»,-«Փաստի» հետ զրույցում որդու մանկությունն է վերհիշում հայրիկը:

Ասում է՝ որդին շատ լավ տիրապետում էր հայոց լեզվին ու գրականությանը: «Դպրոցից հետո ընդունվեց Գյումրիում գործող «Իմպրոռիթմ» արվեստի կենտրոն, սովորեց ժողովրդական երգի բաժնում, ավարտեց: Իրեն խորհուրդ տվեցի ընդունվել Կոնսերվատորիա, հետո նոր զորակոչվել բանակ, բայց չհամաձայնեց՝ բանակից կվերադառնամ, նոր կընդունվեմ, պա՛պ: Երգն էր իր ապագան: Երգել անսահման շատ էր սիրում, կարող էր մտնել տուն ու սկսել երգել, բայց չէր սիրում, որ իրեն ձայնագրում էինք կամ նկարում: Գաղտնի էինք անում»: Պապ Այվազյանը պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել 2019 թ. դեկտեմբերի 19-ին: Առաջին վեց ամիսը ծառայել է Էջմիածնի սակրավորների գնդում, հետո տեղափոխվել Ջրական: Այնտեղ էլ որոշում է իր ցանկությամբ ծառայությունը շարունակել հատուկ ջոկատայինների գումարտակում: Նրան տեղափոխում են Դրմբոնի դեսանտագրոհային գումարտակ: Մոտ 20-25 օր հետո սկսվում է պատերազմը:

«Հիշում եմ, որ երբ պետք է զորակոչվեր ծառայության, իմ հայրն ասաց՝ գնամ զինկոմիսարիատ, արտոնություններ կունենաս: Բարկացավ, ասաց՝ ինձ ոչ մի արտոնություն պետք չէ: Իր համար անընդունելի էր այն միտքը, որ իրեն կարող են խղճալ, ես եմ իրեն այդպիսին դաստիարակել: Արիստոկրատի կեցվածք, արտաքին ունի և այդպես էլ ապրում էր: Երբ իր անվամբ հիմա էլ ինձ օգնություն են առաջարկում, մերժում եմ՝ չեմ կարող իր նկարին, իր աչքերին նայել: Պետության աջակցությունն էլ սկսեցինք ստանալ պատերազմից մեկ տարի անց, երբ որոշեցինք, որ մեր տանը կրկին մանկան ճիչ պետք է լսվի»:

Հայրիկն ասում է՝ որդին ծառայության ընթացքից շատ բան չի պատմել: «Աշխույժ էր նաև ծառայության ընթացքում, ռիսկով էր, միշտ վախենում էի դրանից: Բայց նաև զգում էինք, որ գաղափարապես աճում էր, օր օրի հասունանում: Իր՝ դեսանտագրոհային հատուկ գումարտակի հրամանատարի՝ Լեռնիկ Վարդանյանի հետ, որի գտնվելու վայրի մասին ևս տեղեկություններ չկան, լավ հարաբերություններ ուներ: Արցախում միասին շրջել էին, ծանոթացրել էր Ստեփանակերտի հետ: Իրար հանդեպ հարգանք ունեին, դա կարևոր բան է»: Սեպտեմբերի 27-ին Պապը ծառայակից տղաների հետ տագնապով բարձրանում է Մատաղիս-Թալիշ հատվածը:

«Մատաղիսում մի գնդապետ է լինում, որն ասում է՝ բարձրացեք Թալիշի հատվածի մեր պոստ, մերոնք ձեզ կդիմավորեն: Այնտեղ տղաներին 30 տանկ ու մեկ բատալիոն թուրքական հատուկ ջոկատայիններ են դիմավորում: Կադրեր կան, որտեղ երևում է, որ մերոնք մեծ վնաս են հասցրել իրենց տեխնիկային, խփել ԱԹՍ-ները: Հետո մի կերպ դիրքավորվում են երկրորդ գիծ խրամատում, մինչև կեսգիշեր «բոյ» տալիս, բայց շրջափակման մեջ են ընկնում: Սպաներից մեկը հրաման է տալիս, թե՝ ոչ մի կրակոց, որ մեր տեղը չիմանան: Պապը և Գրիգորը, որ նույնպես զոհվել է, հասկանում են, որ օղակը սեղմվում է, պետք է կա՛մ գերի ընկնեն, կա՛մ էլ զոհվեն, զարմանում են չկրակելու հրամանի վրա և ПК-ներով «հնձում» հակառակորդին, որքան հասցնում ու կարողանում են:

Թշնամին ֆիքսում է տղաներին և սկսում տեխնիկան նրանց ուղղությամբ աշխատեցնել, Գրիգորը տեղում զոհվում է, Պապն էլ գլխից և ուսից ծանր վիրավորում է ստանում: Հանդիպել եմ շտաբի պետի, մյուս վաշտի հրամանատարի, իրեն իջեցնող զինծառայողների հետ, նրան մոտ 200 մետր իջեցրել են ու թողել ձորակում: Ասում են՝ իբր վիրավորումն այնքան ծանր էր, որ չէր ապրի, դրա համար որոշել են իրեն այդտեղ թողնել: Բայց նա ահավոր ձայներ է հանել, ճչացել: Վաշտի հրամանատարը գիրք է գրել ու նշել այդ պահը՝ «մթության մեջ թուրքական ջոկատի ծխախոտի լույսերն էին երևում, ու լսվում էր Պապի ահավոր ճչոցը»: Որոնողականի ժամանակ գնացել եմ Արցախ, այն ձորից, որտեղ թողել են Պապին, մասունքներ եմ գտել, բերել Երևան, երկու անգամ ԴՆԹ հետազոտություն արեցինք, բայց չհաստատվեց, որ Պապի մասունքներն են:

Արցախում շտաբի պետի հետ հանդիպման ժամանակ նրան ասել եմ՝ 1994 թ.-ին զինվոր եմ եղել, մասնակցել Օմարի համար մղվող կռիվներին: Վազգեն Սարգսյանի հրամանն էր, եթե վիրավորին թողնեին մարտի դաշտում, բառիս բուն իմաստով գնդակահարություն էր սպառնում այդ մարդուն: Զոհերի մարմինները՝ հասկացանք, հետո փոխանակում է տեղի ունենում, բայց վիրավորին պետք էր դուրս բերել: Ինձ հակադարձում են, որ Պապը չէր ապրի, կյանքի նշաններ ցույց չէր տալիս, ես էլ արձագանքում եմ՝ բայց դուք եք ասում, որ ահավոր ճչում էր Պապս»: Գարիկի միակ ցանկությունն է, որ որդին գերեզման ունենա: «Հաճախ են կողքից ասում՝ գուցե կենդանի է, արձագանքում եմ՝ եթե այդքան դաժան նորություն լսելուն պատրաստ եմ, բա նման լավ լուր ստանալուն որքան եմ սպասում: Տա Աստված՝ վերադառնա: Նաև ասում են՝ ինչո՞ւ ես տան մեջ Պապի համար հիշատակի անկյուն սարքել: Էլի արձագանքում եմ՝ մի օրվա մեջ նույն անկյունը կդարձնեմ պսակի սենյակ, իրեն էլ կամուսնացնեմ: Ամեն ինչ մարդն է ստեղծում, միայն թե մարդուն ոչինչ չպատահի:

Պապս իմ թևերն էր, ոտքերից զրկվել էի, թևերս էլ կտրեցին ու տարան: Բայց նորից ուժ գտանք մեր մեջ ու մեր տղային ունեցանք: Արտաքին նմանություններ ունեն տղաներս, նաև բնավորությամբ, իրենց աշխուժությամբ են իրար նման: Ուզում էի, որ բնավորության մի գծով, մի ժեստով, շարժուձևով փոքր Պապս նման լինի ավագ եղբորը»: Պապը ծնունդով Արթիկի տարածաշրջանի Լեռնակերտ գյուղից է: Հիմա այնտեղ գյուղից զոհված տղաների ծնողների և համայնքի բնակիչների ֆինանսական միջոցներով հուշարձան է կառուցվել: Պապը չունի մեդալներ կամ պատվոգրեր ո՛չ Արցախի, ո՛չ էլ Հայաստանի Հանրապետությունների կողմից: Պաշտոնապես Պապ Այվազյանը համարվում է անհայտ բացակայող, հայրիկը խնդրում է հենց այսպիսի ձևակերպում օգտագործել մեր հերոս տղաների մասին պատմելիս: Ասում է՝ շրջել է այն վայրերում, որտեղ եղել է Պապի կռիվը, համադրել ականատեսների պատմությունները, մարդկանց, որոնք վիրավոր, ցավից ճչացող որդուն իջեցրել են խրամատից և թողել ձորակում: Մի թեթև վարկած էլ ունի, որ գուցե մոտակա դիրքերում հաստատված թշնամին գերեվարել է Պապին, բուժել: Մյուս կողմից՝ վիրավորման ծանրությունը հուշում է, որ Պապը զոհվել է:

Անպատասխան հարցեր կան, իսկ միակ ցանկությունը, որ որդին երեք տարի անց գերեզման ունենա, որտեղ կարողանան այցելել և խնկարկել նրան: Շատ բա՞ն են ուզում 18 տարի իրենց որդուն մեծացրած և սիրով բանակ ճանապարհած ծնողները: Ոչ: Հիմա կասեն, թե պատերազմ էր, ամեն ինչ խառն էր, անհասկանալի, ամեն պատրվակ կբերեն, բայց երբեք չեն պատասխանի կարևոր հարցերին: Ու ծնվեց Պապը, ծնվեց, որ ապրեցնի իր ծնողներին, ուժ տա դիմակայելու ճակատագրի մեծագույն հարվածին: «Փոքր Պապիս մազերից ու մարմնից հոտ եմ քաշում, նույն հոտն է, ինչ ավագ որդունս էր: Մեր կյանքի, մեր ապրելու իմաստը նա է: Միայն առողջություն ենք խնդրում, որ կարողանանք մեր տղային մեծացնել ու իր նպատակներին հասցնել»,-զրույցը եզրափակում է հայրիկը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
դիտվել է 0 անգամ
Լրահոս
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ» Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ» «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ» «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ» Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Սիսիանում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը ԵՄ-ն Ադրբեջանին լրացուցիչ 2,1 մլն դոլար կհատկացնի ականազերծման համար ԱՄՆ-ն կործանիչներ և ԱԹՍ-ներ է տեղափոխում Կատար. Wall Street Journal Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները Մակրոնը և Կիսիդան համաձայնության են եկել ամրապնդելու ռազմական համագործակցությունը Ռուս զինծառայողները մտել են Նիգերի ամերիկյան ավիաբազա. Պենտագոնը հաստատել է Ջուր չի լինի Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ» «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ» Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ» Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ» Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Team Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Արեգակի վրա հզոր բռնկումներ են տեղի ունեցել Ինչ եղանակ է սպասվում մայիսին Խոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Mercedes»-ը և իրանական բեռնատարը, վիրավորներ կան
Ամենաընթերցվածները