Առանցքային սխալը թույլ տալն է.... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը ցանկացած դեպքում միշտ ջանում է մեղքն ու պատասխանատվությունը բարդել ուրիշների վրա: Սխեմատիկ է, կանխատեսելի, բնութագրական, «ծեծված», բայց արի ու տես, որ, փաստորեն, աշխատում է: Առհասարակ, այդ գործելակերպը միայն նրան չէ, որ բնորոշ է: Օրինակ՝ «հավաքական Արևմուտքը» բավականին ներդաշնակ ձայնակցում էր Նիկոլ Փաշինյանին՝ առնվազն հայությանը համոզելու համար, որ իրենց հետ կատարված աններելի ողբերգության համար մեղավոր է Ռուսաստանը: Ազնիվ չենք լինի, եթե չասենք, որ Ռուսաստանի ղեկավարներն ու էկրանային «խոսող գլուխներն» էլ օրնիբուն ջանում են մեղքը գցել նույն այդ «հավաքական Արևմուտքի» և Հայաստանի բազմաչարչար և արյունահոսող «նավը» դեպի Արևմուտք վարող Նիկոլ Փաշինյանի վրա: Այս օրերին էլ Փաշինյանը դեմոնստրատիվ հրաժարվեց մեկնել ՀԱՊԿ նիստին:

Իսկ նույն այդ ժամանակահատվածում նրա ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մեկնել է Լոնդոն, որտեղ, գոնե արտաքին տվյալներից դատելով, հայ-բրիտանական հարաբերություններում արձանագրվում է հարաբերությունների ջերմացում, եթե չասենք՝ մերձեցում: Նույնիսկ կարելի է քպական բառամթերքից օգտվել՝ Միրզոյանի լոնդոնյան այցի այդ արդյունքները բնորոշելու համար՝ աննախադեպ: Որքան կարելի է դատել տարածվող հաղորդագրություններից, Միացյալ Թագավորությունը կջանա ներդրում ունենալ Հայաստանի պաշտպանունակության բարձրացման գործում, մասնավորապես, Հայաստանի զինվորականների հետ... անգլերեն պարապելով: Այդ ամենի խորապատկերում ուշադրություն գրավեցին Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի գնահատականները, որոնք նա հնչեցրել է Alpha News-ի հետ զրույցում: Նրա կարծիքով, ԱՄՆ-ն, Իսրայելը, ԵՄ-ն են մեղավոր այն ամենում, ինչ տեղի ունեցավ Արցախում, քանի որ Ադրբեջանին թույլ են տվել դա անել: Սա, կարծում ենք, առանցքային պահ է:

Բայց նախ մեջբերենք օտարազգի փորձագետի ասածը. «Սխալը մյուս երկրներինն է՝ այդ թվում ԱՄՆ, Իսրայել, ԵՄ, որ թույլ են տալիս նրան անել դա: Այդ պատճառով ինձ համար կարևոր է հասկանալ՝ ինչ է պատահել, երբ էթնիկ զտումն անվանում ենք ցեղասպանություն: ...Այն իր մասշտաբներով ավելի փոքր է, բայց, միևնույնն է, ցեղասպանություն է: Իրավական տեսանկյունից դա ցեղասպանություն է, և պետությունն ունի իրավական պարտավորություն՝ կանխելու ցեղասպանությունը: Այդ պատճառով շատ կարևոր է, որ Իսրայելը դադարեցնի զենքի տրամադրումը Ադրբեջանին, որ ԱՄՆ-ը դադարեցնի ֆինանսական օգնությունն Ադրբեջանին: Դրանք այն ազդակներն են, որ Ալիևը կհասկանա: Իհարկե, ի վերջո, մարդիկ իրենք են որոշում՝ ինչ պիտի անեն: Մենք պիտի ավելի լավ աշխատենք, ավելի լավ տեղեկացնենք նրանց»,- ընդգծում է Օկամպոն: Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազի կարծիքով, հիմա պետք է ամեն ինչ անել, որ Ադրբեջանը ազատ արձակի Բաքվում պատանդ պահվող բոլոր անձանց: Ինչպես տեսնում եք, գնահատականները հստակ են, առավել քան բավարար չափով՝ հիմնավորված:

Ու «հավաքական Արևմուտքի» մեղավորության վերաբերյալ Օկամպոյի գնահատականները միանգամայն դիպուկ են ձևակերպված: Այո, «հավաքական Արևմուտքին» պետք էր մեր տարածաշրջանից ամեն գնով դուրս մղել Ռուսաստանին: Այն, որ այդ «ամեն գնովը» կլինի Արցախի՝ հազարամյակներով բնիկ հայության ցեղասպանությունը, կլինի Արցախի հայաթափումն ու բազմահազարամյա պատմամշակութային հայկական ժառանգությունը ադրբեջանական վանդալների ոչնչացման տակ դնելը, կներեք, աշխարհում ոչ մի տերության ոչ մի կերպ չի և չէր հուզում: Բայց վերադառնանք մեջբերված գնահատականների այն դրվագին, որը մեզ ամենից դիպուկն է թվում. «Սխալը մյուս երկրներինն է..., որ թույլ են տալիս նրան (Ալիևին) անել դա»: Սա՛ է: Դեռ մի կողմ կամ հանգիստ թողնենք «մյուս երկրներին», թե՛ «հավաքական Արևմուտքին», թե՛ անհավաք Արևելքին, թե՛ Հարավին, Հյուսիսն էլ՝ հետը:

Կենտրոնանանք մեր վրա: Սխալը թույլ տալն է, որ քեզ հետ այդպես վարվեն: Սխալը, այո, թույլ տալն է, որ քեզ անպատիժ կոտորեն, տնազրկեն, հայրենազրկեն, ձայնազրկեն, երկրազրկեն: Հատկապես, երբ դիմացինդ թուրք է, թուրքական պետություն է, առավել ևս՝ Ալիևի նման մեկն է, սխալ է անգործությունը: Այդ ե՞րբ, այսպես ասենք՝ վերջին 3 տարվա մեջ, Ալիևն իր վրա զգաց մեր պատասխան հարվածի ուժը: Քանի՞ անգամ: Պատասխան. ոչ մի անգամ էլ չզգաց: Համենայն դեպս, ինչպես հարկն է: Դրա համար էլ քանի գնաց, նրա ախորժակն ու ներկայացրած պահանջները աճեցին: Մենք, ինչ է, նո՞ր պիտի ճանաչեինք մեր թշնամուն, չգիտեի՞նք, որ նրա համար միայն 1 չափանիշ ու 1 ընկալելի «լեզու» գոյություն ունի՝ ուժի լեզուն: Այն «լեզուն», որն այսօր (թե չէ՝ երեկ ու երեկ չէ առաջին օրն ի՞նչ էր) «միջազգային իրավունքի» միակ դրույթն է: Լավ, «այլոք» էլ դեռ մի կողմ:

Նրանք, իրենց շահերից ելնելով, ինչ ասես՝ կարող էին ցանկանալ կամ փորձեին անել: Մենք ի՞նչ ենք արել: Ի՞նչ է արել Հայաստանը, որի կառավարության ծրագրում (2021-26 թթ.) ամրագրված է, որ Արցախի անվտանգության երաշխավորն է: Ի՞նչ է արել. մի քանի տասնյակ «ֆուռ» է ուղարկե՞լ Գորիս: Ու՝ ի՞նչ: Ի՞նչ է արել Նիկոլ Փաշինյանը, բացի նրանից, որ Ալիևին բացեիբաց, առավել քան պարզ հասկացրել է, որ եթե հարձակվի Արցախի հայության վրա, ապա Հայաստանի կողմից որևէ կրակոց ու կրակոցի հրաման չի հնչելու: Կարճ ասած՝ եթե լրացնենք Օկամպոյի արտահայտությունը, ապա այն թերևս ավելի դիպուկ կհնչի. սխալը մյուս երկրներինն է՝ այդ թվում ԱՄՆ, Իսրայել, ԵՄ, ու հատկապես Հայաստանինը, որ թույլ տվեցին Ալիևին անել դա: Եթե այս ամենը պրոյեկտենք ներքաղաքական զարգացումների վրա, ապա հետևությունը, ցավոք, նույնն է: Այ, ասում են՝ Փաշինյանն այս է անում, այն է անում: Թույլ ենք տալիս, նա էլ անում է: Բարդ թվացող «բաները» երբեմն չափազանց պարզ բացատրություններ են ունենում:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ» «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ» Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ» Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ» Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Team Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Արեգակի վրա հզոր բռնկումներ են տեղի ունեցել Ինչ եղանակ է սպասվում մայիսին Խոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Mercedes»-ը և իրանական բեռնատարը, վիրավորներ կան Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանն ընդհանուր առմամբ ունի 8 ներկայացուցիչ Չինաստանում ավտոճանապարհ է փլուզվել. կա 19 զոհ, 30-ից ավելի վիրավոր Մահացու վրաերթ՝ Արմավիրում. «Ford»-ը վրաերթի է ենթարկել 20-ամյա հետիոտնին Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները վերադառնում են հաղթանակներով «Past.am». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ Անօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ» Սա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ» «Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ» Ի՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ» Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ» Հերթը հասավ կուսակցությունների՞ն. «Փաստ» Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի. «Փաստ» «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ»
Ամենաընթերցվածները