«Կեղծիքի, ստախոսության, մանիպուլյացիաների, հանրությունից իրադարձությունների իրական պատկերը թաքցնելու միջոցով գործը հասցրել են այստեղ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանի նախագահի հերթական հայտարարությունները հօդս են ցնդեցնում Նիկոլ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը: Ալիևը հայտարարում է, որ իր երկրի սահմանները չի բացի, եթե չստանա «Զանգեզուրի միջանցքը»: Քաղաքագետ Գագիկ Համբարյանն ասում է՝ Հայաստանի գործող իշխանությունները, որոնք նվաստացված և նսեմացված են Ադրբեջանի կողմից, այդ ամենը տարածում են հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության վրա:

«Այս իրավիճակից ելքը մեկն էր՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլ յացիայից հետո պարտված իշխանությունը պետք է հրաժարական տար: Բայց Հայաստանում տեղի ունեցավ մի բան, որն աննախադեպ էր համաշխարհային պատմության մեջ: Հայաստանի գործող իշխանությունները ոչ միայն պահպանեցին իշխանությունը, այլ նաև պատերազմից ամիսներ անց վերարտադրվեցին: Ադրբեջանի բռնապետը դրանից հետո, մշտապես անդրադառնալով այս թեմային, նշում է, որ այդպիսով հայ ժողովուրդն ինքն է ընդունել, որ պարտվել է, ոչ թե Նիկոլն է պարտվել, այլ հայ ժողովուրդը, և այդ պարտությունը պետք է ամբողջությամբ «վայելի»: Հիմա այդ «վայելելու» պահն է: Երեք տարուց ավելի է անցել նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլ յացիոն ակտից հետո, և Հայաստանի գործող իշխանությունները կեղծիքի, ստախոսության, մանիպուլ յացիաների, հանրությունից իրադարձությունների իրական պատկերը թաքցնելու միջոցով գործը հասցրել են այստեղ: Եթե որևիցե մեկը մեր երկրում մտածում կամ երազում է, որ Հայաստանի հետ թուրք-ադրբեջանական տանդեմը մեզ չնվաստացնող և չնսեմացնող պայմանագիր է ստորագրելու, կա՛մ չարաչար սխալվում է, կա՛մ տգետ է: Ամենակարևորը՝ թուրք-ադրբեջանական տանդեմը երբեք թույլ չի տա, որ Հայաստանի Հանրապետությունը դառնա խաչմերուկ, ինչպես կեղծիքներով և մանիպուլ յացիաներով հանրությանը խաբում է Նիկոլ Փաշինյանը, և երբեք թույլ չի տա, որ Հայաստանը լինի բարեկեցիկ երկիր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետը:

Հավելում է՝ գործող իշխանությունները «խաղաղության խաչմերուկ», «խաղաղության օրակարգ» և նման տարբեր «ծրագրեր» են առաջ քաշում և հանրությանը մատուցում, թե իբր շուտով այդ ամենը տեղի կունենա, մինչդեռ դա կեղծիք է: «Մեր զրույցների ժամանակ էլ նշել եմ, որ Ադրբեջանը երբեք իր զորքերը դուրս չի բերի 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո չորս անգամ Հայաստանի վրա հարձակվելու արդյունքում գրաված տարածքներից: Օրերս Ադրբեջանի բռնապետը շատ պարզ նշեց, որ երբեք զորքերը դուրս չի բերի: Ավելին՝ նաև հասկացրեց, որ չի բացառում՝ Ադրբեջանը էլ ավելի կծավալվի, օրինակ՝ Ջերմուկի ուղղությամբ: Խորհրդային Հայաստանի տարիներին Ջերմուկը հայ-ադրբեջանական սահմանից հեռու է եղել 10 կմ, հիմա թուրքերը մոտավորապես 1,5-2 կիլոմետր հեռավորության վրա են և ամբողջությամբ վերահսկում են ջերմուկցիների կյանքը: Երբ ուզեն, կհարվածեն, երբ ուզեն, կգրավեն: Հայաստանի գործող իշխանությունները 2018 թ.ին բերվել են իշխանության համապատասխան ուժերի կողմից, որոնց գլխավոր նպատակը Ռուսաստանին այստեղից դուրս շպրտելն է, և 2022-2023 թթ. հասան իրենց բաղձալի ցանկությանը:

Այն, ինչ տեղի չունեցավ 2020 թ. 44-օրյա պատերազմի արդյունքում, այսինքն՝ Արցախն ամբողջությամբ չհանձնվեց Ադրբեջանին և դրանում չմեղադրվեց Ռուսաստանն իր բոլոր հետևանքներով (բոլորս գիտենք, որ կա Արցախյան հարց, կա ռուսական ներկայություն Հայաստանում, չկա Արցախյան հարց, այդ ներկայությունը դառնում է անիմաստ և անպիտան), Նիկոլն այդ ծրագիրն իրագործեց Շառլ Միշելի և եվրոպական որոշ տերությունների՝ հատկապես Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ակտիվ մասնակցությամբ, որոնցից երկուսը՝ Մեծ Բրիտանիան և Գերմանիան, բացահայտ պրոադրբեջանական դիրքորոշում ունեցող պետություններ են:

Շառլ Միշելի անմիջական քավորությամբ 2022 թ. հոկտեմբերի 6-ին ստորագրվեց Պրահայի խայտառակ համաձայնագիրը, որով Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս, իսկ 2023 թ.-ին էլ Գրանադայում տեղի ունեցավ հանդիպում, որի ժամանակ Փաշինյանն, առանց Ալիևի մասնակցության, նրա հետ խաղաղության պայմանագիր էր կնքում: Համոզված եմ՝ Միշելը և եվրոպական պետությունները Նիկոլին համոզել էին՝ դու ստորագրի՛ր, Արցախն առանց հայերի ամբողջ փաթեթով հանձնի՛ր Ադրբեջանին, մենք կպայմանավորվենք Բաքվի հետ, ամեն ինչ լավ կլինի: Քցեցին, խաբեցին»,-նշում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ Բաքուն այժմ շատ հմուտ դիվանագիտություն է տանում, եվրոպացիների ձեռամբ ստացավ այն, ինչ ուզում էր Արցախի պարագայում: «Հայաստանը շարունակում է քողարկված հակառուսական քաղաքականությունը, Պետերբուրգ գնալուց հետո հո չի փոխվել Նիկոլի կամ իր շրջապատի հռետորաբանությունը Ռուսաստանի նկատմամբ: Տեսնելով, որ Հայաստանը մեն-մենակ է մնացել, և որ Արևմուտքը բացարձակ նպատակ չունի Հայաստանին աջակցելու, Ադրբեջանն էլ ավելի մեծ պահանջներ է ներկայացնում: Ադրբեջանի նախագահն ասում է՝ մեր սահմանները Հայաստանի հետ չենք բացի, եթե «Զանգեզուրի միջանցքը» չտրամադրվի: Ուշադիր եղեք բառապաշարին: Իրենցը սահման է, ինչը նշանակում է, որ, օրինակ՝ Հայաստանից Ռուսաստան գնացող բեռները և մարդիկ Ադրբեջանի տարածքով անցնելիս պետք է համապատասխան վերահսկողություն անցնեն, իսկ, օրինակ՝ Հայաստանի տարածքով անցնող ենթակառուցվածքներից օգտվող ադրբեջանցիները պետք է էքստերիտորիալ կարգավիճակից օգտվեն և ստուգումներ չանցնեն: Սա նշանակում է, որ Հայաստանը կորցնում է վերահսկողությունը իր տարածքով անցնող ենթակառուցվածքների նկատմամբ:

Այս պահի դրությամբ Ադրբեջանը փորձում է իր մինիմալ ծրագիրն իրագործել, դա Սյունիքի հարավով անցնող Մեղրիի երկաթուղին է և համապատասխան ավտոմոբիլային ճանապարհը: Հիմա Ադրբեջանն արագ տեմպերով կառուցում է Գանձակ-Քարվաճառ-Սիսիան ճանապարհը և ապագայում Սիսիանից փորձելու է ելք հաստատել դեպի Նախիջևան. սա ավտոմոբիլային ավելի կարճ ճանապարհն է: Այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքը» միայն Մեղրիով անցնող երկաթուղին և ավտոմոբիլային ճանապարհը չի լինելու, իրենք միջանցք ասելով՝ նկատի ունեն գրեթե ամբողջ Սյունիքի մարզը: Պլան Բ-ն կամ մաքսիմումն այն է, որ այդ տարածքն ամբողջությամբ դուրս գա Հայաստանի վերահսկողության տակից»,-ասում է քաղաքագետը:

Համբարյանն ընդգծում է՝ «Զանգեզուրյան միջանցքի» մասին առաջին հայտարարությունները վերջին երկու օրում հնչեցին ոչ թե Բաքվից, այլ Անկարայից: «Թուրքիայի տրանսպորտի նախարարն ասաց, որ միջանցքը պետք է գործարկվի մինչև 2028 թվականը: Դրանից հետո Ադրբեջանի նախագահն ակտիվացավ: Այդ միջանցքը բացարձակ Ադրբեջանին պետք չէ: Բացահայտ կեղծիք և սուտ է, որ նախիջևանցիները Ադրբեջանի հետ կապվելու խնդիրներ ունեն: Տարածաշրջանի քարտեզը և լոգիստիկ հանգույցներն իմացող մարդը շատ լավ գիտի, որ Նախիջևանը Թուրքիայի և Իրանի միջոցով ավտոմոբիլային, երկաթուղային և օդային կապ ունի Ադրբեջանի հետ: Էլ չեմ ասում, որ 44-օրյա պատերազմից հետո հայաստանյան հակահայ իշխանությունները թույլ են տվել, որ Հայաստանի օդային տարածքը ևս օգտագործվի Բաքու-Նախիջևան օրական 15-20 օդային չվերթ իրականացնելու համար: Տարածաշրջանի պատմությունը և Թուրքիայի ներկայիս քաղաքականությունն իմացողը գիտի, որ «Զանգեզուրյան միջանցքը» շատ անհրաժեշտ է Ռեջեփ Թայիփ Էրդողանին, այն իրականացնում է նեոպանօսմանական և նեոպանթուրանական ծրագիր, այն է՝ Թուրքիան պետք է անմիջական կապ հաստատի Ադրբեջանի հետ, որի միջոցով էլ ելք ունենա միջինասիական մահմեդական թուրքալեզու և թուրքախոս ժողովուրդների և հանրապետությունների վրա: Այստեղից էլ ծավալվի դեպի Չինաստանի հյուսիս-արևմուտք և Ռուսաստան: Սա է Էրդողանի ծրագիրը, որի միակ խանգարողը Հայաստանի Հանրապետությունն է»,-հավելում է նա:

Ըստ քաղաքագետի, Ադրբեջանի նախագահը ոչ միայն պարզ ասաց, որ զորքերը դուրս չի բերելու գրաված տարածքներից, այլ ամեն ինչ անելու է, որ Նիկոլը «վերադարձնի», այսպես կոչված, ութ գյուղերը: «Ամենասարսափելին այն է, որ Նիկոլը, հանրության մեծ մասի քաղաքականապես անգրագետ, անհայրենիք և ստամոքսով մտածելու հանգամանքը պրոֆեսիոնալ օգտագործելով, կախիչների, ցնցուղների էժանագին, հիստերիկ, ցինիկ գեղցուն վայել շոուներ կազմակերպելով, հանրության ուշադրությունը շեղում է և բացարձակ չի արձագանքում Ալիևի ոչ մի բառի: Ավելին, օրինակ՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Խանդանյան Սարգիս անունով երիտքայլիստը հայտարարեց, թե չի բացառվում, որ Նախիջևանից Ադրբեջան և հակառակ ուղղությամբ գնացող մարդկանց և ապրանքների նկատմամբ ավելի մեղմ վերաբերմունք դրսևորվի: Իրենք, կարծես, Հայաստանի հանրությանը փորձում են կեղծիքների միջոցով լղոզված համոզել, որ միջանցք լինելու է: Եթե որևէ ադրբեջանցի, Հայաստանի տարածքով անցնելով, չի անցնելու մաքսային վերահսկողություն, ադրբեջանական կամ այլ երկրներից դեպի Ադրբեջան և Թուրքիա տարվող բեռները չեն վերահսկվելու Հայաստանի կողմից, դա նշանակում է, որ Հայաստանը կորցնում է վերահսկողությունը իր տարածքների նկատմամբ:

Բաքվի բռնապետը շատ պարզ նշեց, որ ոչ միայն Հայաստանի տարածքային ամբողջականությունը չի ճանաչելու, ոչ միայն սահմանազատում և սահմանագծում չի իրականացնելու Հայաստանի հետ, ինչը նշանակում է, որ երբ ցանկանա, կհարձակվի, ինչ ուզենա, կստանա Հայաստանից, այլ նաև հասկացրեց, որ վերցնելու է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», և Հայաստանը երբեք չի դառնալու խաչմերուկ: Ո՞վ է Նիկոլին համոզել, որ ադրբեջանցիները ցանկանում են մեզ հետ լավ ապրել: 2023 թ. դեկտեմբերին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը շատ պարզ հասկացրեց, որ «խաղաղության պայմանագրի» ստորագրումը չի նշանակում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվում են նորմալ հարաբերություններ: Ադրբեջանի բռնապետն իր ամանորյա ուղերձում մի քանի անգամ հայ ժողովրդին անվանեց «դուշման», իսկ Հայաստանը՝ թշնամական երկիր: Այն դեպքում, երբ Նիկոլ անհողը ամեն քայլափոխի խոսում է խաղաղության մասին»,-շեշտում է մեր զրուցակիցը:

Շեշտում է՝ սա բերելու է աղետալի հետևանքների: «Նիկոլի խաղաղության օրակարգն էլ, խաչմերուկն էլ տապալված են: Կա՛մ դավաճանը, դիտավորյալ սեփական ժողովրդին խաբելով, կարող է խաղաղության խաչմերուկների մասին հայտարարություններ տարածել, կա՛մ տարրական տգետը: Պատմություն չիմացող, աշխարհաքաղաքականությունից չհասկացող տգետը կարող է ասել, որ թուրք-ադրբեջանական տանդեմը երբևէ թույլ է տալու, որ հայերը բարեկեցիկ ապրեն և վայելեն իրենց խաղաղությունը: Եթե Նիկոլ Փաշինյանը ստորագրի ինչ-որ համաձայնագիր, որը ներկայացնելու է հանրությանը որպես խաղաղության պայմանագիր, ուրեմն, թող բոլորն իմանան. եթե 2019 թ. օգոստոսին դիտավորյալ գնալով Արցախ, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ճղճղաց «Արցախը Հայաստան է և վերջ», շատ լավ հասկանալով, որ ամբողջությամբ քանդում է 1992 թ.-ից ի վեր ձևավորված բանակցային գործընթացը Մինսկի խմբի շրջանակներում և ապագայում լեգիտիմացնում է Ադրբեջանի ագրեսիան Արցախի նկատմամբ, հիմա «խաղաղության պայմանագիր» ստորագրելով՝ պատերազմ է բերելու բոլորիս տները, մահ և ողբերգություն է բերելու Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու տուն:

Արցախում հնչեցրած իր հայտարարությամբ պատերազմը բերեց Արցախի ամեն մի բնակչի տուն, իսկ հիմա այս պայմանագրով թուրքին բերելու է բոլորիս տները: Իսկ թուրքի գլխավոր նպատակը մեկն է՝ Հայաստանը պետք է կա՛մ ամբողջությամբ լինի թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից վերահսկվող իբր թե անկախ, բայց իրականում բանանային ինչ-որ երկիր, որտեղ իշխանությունը կլինի այդ տանդեմի վերահսկողության տակ գտնվող, օրինակ՝ Նիկոլի նման ինչ-որ մեկը, կա՛մ Հայաստանը, ինչպես իրենք են երազում, պետք է հռչակվի Արևմտյան Ադրբեջան՝ իր բոլոր հետևանքներով»,-եզրափակում է Գագիկ Համբարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ» «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ» «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ» Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ» Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ» «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ» Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ» Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան Այսօր Չեռնոբիլի աղետի 38-րդ տարելիցն է Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա դեռահասները ծեծի են ենթարկել համադասարանցուն, վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին Ողբերգական դեպք. Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. մահացածի տղան տարիներ առաջ սպանվել էր
Ամենաընթերցվածները